Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ» ԽԱԲՈՒՄ ԵՆ

Հունվար 09,2008 00:00

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները հաճախ վերադառնում են դատարկ գրպանով՝ առանց որեւէ կոպեկի:

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած մեր պետության բազմաթիվ քաղաքացիներ հայտնվում են անելանելի ու նվաստացուցիչ իրավիճակում: Նրանցից շատերն ամիսներ շարունակ շինարարությունում կամ սպասարկման օբյեկտներում ծանր աշխատանք են կատարում եւ խաբված ու ձեռնունայն վերադառնում Հայաստան, քանի որ գործատուները հաճախ օգտվում են այն հանգամանքից, որ հայերն իրենց պետության տարածքում օրինական աշխատելու եւ բնակվելու իրավունք չունեն եւ կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրում նրանց:

«Առավոտի» խմբագրություն դիմած 6 ՀՀ քաղաքացի վեց ամսվա աշխատանքի դիմաց ծիծաղելի ու չնչին վարձատրությամբ, իսկ ոմանք էլ առանց մի կոպեկի վերադարձել են Հայաստան: Նրանք արտագնա աշխատանքի էին մեկնել ՌԴ Սամարայի մարզի Տոլյատի քաղաք եւ ամիսներ շարունակ աշխատել Ռուսաստանում հայտնի գործարար Վլադիմիր Մախլային պատկանող գործարաններից մեկի շինարարությունում: Տուժած քաղաքացիների պատմելով, իրենց Ռուսաստան է տարել այնտեղ բնակվող հայ գործարար Կարեն Փոլադյանը, որը Վ. Մախլայի հետ պայմանագիր է կնքել ու ստանձնել նրա գործարանի վերանորոգման աշխատանքները: Շինարարների ներկայացմամբ՝ «Փոլադյանը մեզ բնակեցրել է սարսափելի, անմարդավայել ու հակահիգիենիկ պայմաններում: Այդ կացարաններում մեզ նման հարյուրավոր մարդիկ էին ապրում: Մեզ շատ ցածրորակ ու էժանագին սնունդ էին տալիս»: Նրանց պատմելով՝ աշխատանքային հենց առաջին օրն իրենց ձեռքից վերցրել են բոլոր փաստաթղթերն ու անգամ անձնագրերը՝ պատճառաբանելով, թե ուզում են վստահ լինել, որ գործը կիսատ չեն թողնի ու այլ գործատուի մոտ չեն փախչի:

Ինչ վերաբերում է վարձատրությանը, Կ. Փոլադյանը խոստացել է վճարել գործարանի ներքին հարդարման բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո: Սակայն գործը վերջացնելուց հետո Կ. Փոլադյանը տեղեկացրել է, որ շինարարների վաստակած ողջ գումարը ծախսվել է նրանց ուտել-խմելու եւ բնակվարձի վրա, մի քիչ գումար էլ պահել է, որ վերադառնան Հայաստան: Տուժածների հավաստմամբ՝ ըստ գործատուի հետ պայմանավորվածության, կատարված աշխատանքի համար իրենք պետք է ստանային մոտ 400-հազարական դրամ, սակայն վերադարձել են Հայաստան ընդամենը 30 հազար դրամով: Շինարարներից մեկի խոսքերով՝ այդ 30 հազարն էլ իրենց տվել են Հայաստան մեկնելու նախորդ օրը եւ հատուկ նշել են, որ չեն ցանկանում նրանց դատարկ ձեռքով տուն ճանապարհել ու քանի որ նրանք ինչ աշխատել են, ժամանակի ընթացքում վատնել են, ապա որպես բարի կամքի դրսեւորում, այդ գումարը նվիրում են: Քանի որ շինարարներն այդ ՌԴ տարածքում գտնվել են անօրինական կարգով, հետեւաբար որեւէ կերպ չէին կարող իրենց իրավունքները պաշտպանել ու գործատուին դատի տալ: Բացի այդ, նմանատիպ խոշոր գործերի հետեւում հիմնականում հայտնի հեղինակություններ են կանգնած եւ վախենալով իրենց կյանքի համար՝ աշխատողները խուսափում են որեւէ բանից դժգոհել, նրանք մտածում են միայն հնարավորինս շուտ իրենց երկիր վերադառնալու մասին: Վերադառնալով Հայաստան, նրանք դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով, որ ՌԴ կառավարությունը լուծում տա իրենց երկրում աշխատող բազմաթիվ խաբվածների խնդրին: Նրանց խոսքերով. «Ռուսաստանի իշխանությունները պետք է վերահսկեն, որպեսզի իրենց քաղաքացիները չզբաղվեն աշխատուժի շահագործմամբ ու կոռուպցիայով»:

Չնայած դեսպանատուն դիմելուց արդեն անցել է 2 ամիս, սակայն դիմումատուները մինչ այսօր էլ որեւէ պատասխան չեն ստացել: Նրանք վստահ են, որ Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաները պարզապես չեն ցանկանում իրենց անցավ գլուխը ցավի տակ դնել, նրանք ուզում են իրենց առաքելությունը Հայաստանում հանգիստ ու խաղաղ անցկացնել եւ իրենց դիմած քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ միտումնավոր ձգձգում են դիմումի պատասխանը: Շինարարների կարծիքով, արհամարհելով իրենց դիմումը, դեսպանն ըստ էության արհամարհում է իր իսկ պետության վարկանիշը: Քանի որ մեր երկրում ՌԴ դեսպանատունը ամանորյա տոների առիթով դեռեւս չի աշխատում, ուստի մեզ չհաջողվեց այս առնչությամբ որեւէ պարզաբանում ստանալ:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ համապատասխան դիմում կամ նամակ ստանալու դեպքում իրենք անպայման կպարզեն գործի հանգամանքներն ու կփորձեն աջակցել խաբված քաղաքացիներին: Նրա խոսքերով՝ «Ոչ մի նշանակություն չունի, տվյալ քաղաքացին Ռուսաստանում օրինակա՞ն, թե՞ անօրինական կարգով է աշխատել: Դա արդարության սկզբունք չէ, մարդը աշխատանք է կատարել եւ պետք է դրա դիմաց վարձատրվի: Եթե գործատուն նրան գործ է տվել, ուրեմն նայել է նրա փաստաթղթերն ու տեսել, որ նա օրինական աշխատանքի ու բնակության իրավունք չունի: Եթե այդքանով հանդերձ նա տվյալ մարդուն գործ է տվել, նշանակում է՝ առաջին հերթին նա է խախտել օրենքն ու մեղավորը հենց ինքն է»:

Նկատենք, որ արտերկրի աշխատանքային շուկաներում առկա են մեծաքանակ ստվերային աշխատատեղեր, որոնք առավելապես զբաղեցվում են միգրանտների կողմից, քանի որ նրանց աշխատուժն անհամեմատ էժան է: Օրինակ, շինության ներքին հարդարման աշխատանքներ կատարելու համար ռուս կամ տեղացի այլ աշխատողին վճարում են 1500 դրամ՝ 1ք/մ-ի համար, իսկ նույն գործի դիմաց աշխատելու թույլտվություն չունեցող մարդը ստանում է առավելագույնը 500 դրամ: Օգտագործելով միլիոնավոր մարդկանց՝ որպես էժան եւ իրավազուրկ աշխատուժ, գործարարներն իրենց համար շահութաբեր բիզնես են ապահովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել