Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐ ՇՊՐՏՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՆԱԼՈՒ ԵՆ

Հունվար 09,2008 00:00

Նախորդ համարում մեր թերթն անդրադարձել էր մի տեղեկության, ըստ որի՝ որոշ երիտասարդներ թակում են մարդկանց բնակարանների դռները եւ հետաքրքրվում, թե ում օգտին են քվեարկելու նախագահական ընտրություններում:

Կոնկրետ այդ դեպքում այցելուները փորձել էին քարոզչություն իրականացնել հօգուտ Տեր-Պետրոսյանի: Սակայն շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը հերքել էր այդ գործընթացին իրենց շտաբի մասնակցությունը եւ կարծիք էր հայտնել, որ դա կարող է լինել իշխանությունների կողմից կատարված քայլ. «Իսկ այդ գործելաոճը՝ մարդկանցից հավաքել անձնագրերի համարները եւ ինչ-ինչ խոստումներ տալը բնորոշ է իշխանություններին»,- ասել էր Ալեքսանդր Արզումանյանը: Եվ քանի որ նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն Հանրապետականի թեկնածուն է, մենք դիմեցինք Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին՝ խնդրելով հաստատել կամ հերքել իրենց հասցեին այս մեղադրանքները: Պարոն Շարմազանովը, անդրադառնալով Հանրապետականի եւ նրա թեկնածուի հասցեին վերջին մեկ-երկու օրերին տարածվող որոշ լուրերի, նկատեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում նման սեւ քարոզչական «տրյուկները» շատանալու են, քանի որ բոլոր մրցակիցների համար էլ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում հաղթող միակ թեկնածուն լինելու է Հանրապետականի թեկնածուն. «Այդ պատճառով էլ մեր մրցակիցների շտաբներում մտածում են, թե էլ ինչ մոգոնեն, որ դրանով փորձեն սեւացնել մեր թեկնածուին եւ Հանրապետականին: Բայց ուզում եմ հիասթափեցնել բոլորին, անարդյունք է, իզուր ջանքեր մի գործադրեք: Եվ մի մոռացեք, որ հակաքարոզչությունը Հանրապետականի գործելաոճը չէ, եւ մեր հասարակությունը մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել է: Հանրապետականը աշխատում է բաց, օրենքի դաշտում, նորմալ քարոզչություն է իրականացնում եւ այլոց հասցեին սեւ քարոզչություն իրականացնելու կարիք չունի: Պարզապես, ուզում եմ խորհուրդ տալ ապակե տան մեջ ապրողներին՝ քար չնետել ուրիշի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել