Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգախոսս գաղտնի թող մնա

Հունվար 09,2008 00:00

Արման Մելիքյանը կարգախոսի ընտրությունն էլ է թողնում ժողովրդին, Արամ Հարությունյանը սպասում է մյուս թեկնածուներին:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում ինքնատիպ դրսեւորվել: Դրա արտահայտություններից ամենացայտունը՝ մրցապայքարի կարգախոսները ժողովրդի ընտրությանը թողնելն է: Առաջիկա տասն օրվա ընթացքում կհրապարակվի Արման Մելիքյանի նախընտրական ծրագիրը: ԿԸՀ-ում նախագահի թեկնածուի ներկայացուցիչ Էլեոնորա Ասատրյանի մատուցմամբ՝ ծրագիրը ոչ ստանդարտ կառուցվածք ունի եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի ընթերցելուց հետո ընտրողն ինքն առաջարկի կարգախոս: Գովազդային պաստառներ, թռուցիկներ, բուկլետներ եւ այլ տպագիր քարոզչանյութեր նույնպես չեն լինելու: Օրենքով սահմանված անվճար եթերաժամանակը նախագահի թեկնածուն կօգտագործի իր ծրագիրը լավագույնս պրոպագանդելու համար: Հաջորդ նորամուծությունն այն է, որ Արման Մելիքյանը չի ունենալու նաեւ շտաբի պետ: Թեկնածուի համախոհների հետ աշխատանքները կհամակարգի ԿԸՀ-ում նրա ներկայացուցիչ Էլեոնորա Ասատրյանը: Արման Մելիքյանը շտաբներ չի ունենա նաեւ մարզերում: Սակայն դա ոչ թե ֆինանսների սղության պատճառով, այլ՝ որպես թեկնածուի ինքնատիպության դրսեւորում:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարգախոսը չնայած հայտնի է եւ, ինչպես ինքն է ասում՝ «շատ գեղեցիկ, ժողովրդավարության, հանդուրժողականության, համերաշխության հետ կապ ունեցող» կարգախոս է, բայց առայժմ չի ցանկանում հրապարակել: Նա համեստորեն կսպասի մինչեւ մյուս թեկնածուներն իրենց կարգախոսները եւ ծրագրերը հրապարակեն, ապա ինքը կգա հրապարակ: «Առավոտի» հարցին՝ վախենում եք գրագողությունի՞ց, Արամ Հարությունյանն ասաց. «Չէ, ուղղակի, թող մյուսներն ասեն, հետո…»: Թեկնածուի շտաբն ամբողջական ռեժիմով աշխատանքի կանցնի հաջորդ շաբաթվանից: Բանն այն է, որ կուսակցության գրասենյակը, որն էլ լինելու է Արամ Հարությունյանի գլխավոր շտաբը, վերանորոգվում է: Այն տեղակայված է՝ Բուզանդի 1/3 հասցեում, Վերնիսաժի հարեւանությամբ: Արամ Հարությունյանը նույնպես մարզերում շտաբներ չի ունենա: Այս դեպքում պատճառը, սակայն, ֆինանսական է: Արամ Հարությունյանը, ընդհանրապես, մի քիչ նեղսրտած է ժողովրդից. «Եթե ժողովուրդն իրեն քաղաքացի պահի՝ շտաբներն էլ պետք չեն լինի, վստահված անձինք էլ: Բայց ժողովուրդը քվեարկում՝ գնում է տուն նարդի խաղալու, սուրճ խմելու… հիմնականը թողնվում է հանձնաժողովներին, մարդկանց՝ ում հիմնական եկամուտը ընտրություններից է գոյանում: Դրա համար էլ էդպես է լինում»: Արամ Հարությունյանի շտաբը ղեկավարելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալերի Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել