«Ընտրական օրենսգրքի» խախտո՞ւմ չէ արդյոք դեռեւս անգամ չգրանցված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչը:
Վերջին օրերին շատերը Երեւանի փողոցներում տեսած կլինեն լուսանկարում պատկերվածը՝ ՄԻԱԿ տարբերանշանով կարմիր գլխարկավոր երիտասարդների, որոնց կարմիր- սպիտակ հանդերձների վրա է անգամ կոչ արված՝ «Մեր քվեն Սերժ Սարգսյանին»: Սա Միացյալ ազատական ազգային կուսակցության, որի քարտուղարը վարչապետի օգնական Լեւոն Մարտիրոսյանն է, «Դռնեդուռ» ծրագիրն է: Երիտասարդներն այցելում են բնակարաններ եւ բաժանում քարոզչական թերթիկներ, որոնք ներկայացվել էին դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ՄԻԱԿ-ի համաժողովում: Ուղղակի եթե այն ժամանակ դրանցից մեկը վերնագրված էր՝ «10 պատճառ, թե ինչու է ՄԻԱԿ-ը սատարում Սերժ Սարգսյանին», այժմ այն կոչվում է՝ «10 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին»: Պատճառներից մեկը մասնավորապես այս է. «Հավասարապես ընկալելի եւ ընդունելի է աշխարհի բոլոր քաղաքական կենտրոնների կողմից»: Մյուս թերթիկը կոչվում է՝ «10 փոփոխություն, որ ՄԻԱԿ-ն ակնկալում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից», եւ ակնկալիքները հետեւյալն են՝ «Պետության դերի նվազեցում, տնտեսական ազատ մրցակցության եւ հավասար հնարավորությունների ապահովում, մենաշնորհների վերացում», «Իրավապահ մարմինների հրաժարում պետության սպասարկումից» եւ այլն:
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որի բնակարան էլ էին բերել այս թերթիկներից՝ սա գնահատեց իբրեւ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում, ըստ որի՝ «Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ»: Ըստ փորձագետի՝ «Դեռ ԿԸՀ-ն թեկնածուներին չի գրանցել, պաշտոնական քարոզչությունը չի սկսվել, բայց մի կուսակցություն արդեն առաջադրված մի թեկնածուի օգտին սկսել է նախընտրական քարոզչություն»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում խախտում է նաեւ այլ թեկնածուների ծավալած գործունեությունը՝ ասենք, «Համաձայնագիր ՀՀ ապագա նախագահ Վահան Հովհաննիսյանի հետ» ակցիան՝ Մեսրոպ Հարությունյանն առարկեց. «Բայց սա նախընտրական քարոզչություն չէ՝ նա չի ասել քվեարկեք Վահան Հովհաննիսյանի օգտին: Այսինքն՝ բուն քարոզչական տարրն այստեղ բացակայում է. սա կարող է դիտվել իբրեւ, ենթադրենք, քաղաքական գովազդ, որը մեր ոչ մի օրենքով կարգավորված չէ: Իսկ ՄԻԱԿ-ը հստակ նախընտրական քարոզչություն է ծավալել: Իմ կարծիքով, երիտասարդ կարիերիստների կուսակցությունը պարզապես առաջ է ընկնում, ուզում է իրեն ցույց տալ»:
ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը չհամաձայնեց, թե իրենք խախտել են օրենքը. «Կարող եք համոզված լինել, որ մինչեւ որեւէ քայլ ձեռնարկելը՝ մեր գործողությունները փորձում ենք հիմնավորել նաեւ իրավական տեսանկյունից: Եվ բնականաբար, ունենք նաեւ իրավաբանների համապատասխան խորհրդատվությունը: Սա որեւէ կերպ չի խախտում Հայաստանի ընտրական օրենսդրությունը. այն չի կանոնակարգում մինչեւ նախընտրական քարոզարշավի շրջանն ընկած ժամանակահատվածը: Այսօր մենք չունենք նախագահի գրանցված թեկնածուներ եւ ազատ ենք քարոզչություն իրականացնելու որեւէ մեկի օգտին՝ այստեղ որեւէ խախտում չկա: Մենք, որպես կուսակցություն, ազատ ենք ունենալու մեր կարծիքը եւ օգտվելու տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքից՝ ինչպես եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը: Իմ կարծիքով, մենք իրականացնում ենք ճիշտ այն, ինչ մնացած բոլոր կուսակցությունները, որոնք այս կամ այն կերպ այժմ ներգրավված են նախընտրական գործընթացներում: Եվ որեւէ տարբերություն չեմ տեսնում մեր ակցիայի եւ նրա միջեւ, որ հանրահավաքների կամ տարբեր այլ հավաքների ժամանակ, հաղորդագրությունների եւ հայտարարությունների ձեւով որեւէ քաղաքական ուժ հայտարարում է նախընտրական գործընթացների նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Ուղղակի տարբերությունն այն է, որ մենք չենք բավարարվել հայտարարություններով, այլ փորձել ենք դրանց տալ «միս ու արյուն», եւ մեր համակիրները, որոնք կրում են համազգեստներ ՄԻԱԿ-ի հռչակած կարգախոսներով՝ մեր քաղաքացիներին բաժանում են կուսակցության համագումարում կայացված որոշումների մասին նյութեր»:
Մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը, սակայն, չհամաձայնեց, թե քանի որ «Ընտրական օրենսգիրքը» կանոնակարգում է միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո ընկած ժամանակահատվածը՝ ուստի դրանից առաջ արվող նախընտրական քարոզչությունը խախտում չէ. «Սա, իհարկե, խախտում է, քանի որ թեկնածուների եւ նրանց համախոհների կողմից քարոզչությունը պետք է ընթանա նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամկետում: Իսկ ՄԻԱԿ-ն արդեն տարածում է քարոզչական նյութեր, որոնց վրա ծախսված գումարը պիտի տրամադրվեր թեկնածուի նախընտրական հիմնադրամից, որը պետք է ձեւավորվի թեկնածուի գրանցման հաջորդ օրվանից: Օրենսգրքի այդ դրույթները հստակ սահմանված են»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ԿԸՀ-ն անպայման պիտի արձագանքի այս օրինախախտմանը. «Հրապարակումները կարող են հանդիսանալ իբրեւ հաղորդում ԿԸՀ-ի համար, որ արձագանքի այս փաստին: Թեկնածուներն էլ կարող են այս կապակցությամբ բողոք ներկայացնել ԿԸՀ-ին: Եվ եթե այս ապօրինությունները ոչ դիտավորյալ են թույլ տրվել թեկնածուի կամ նրա պաշտպանության մասին հայտարարած ու նրա հետ համագործակցող կուսակցության կողմից՝ ԿԸՀ-ն պիտի կանխի դրանք: Իսկ եթե պարզվի, որ դիտավորությամբ է արվել այս օրինախախտումը, ապա սա կարող է հիմք դառնալ, որ դատական կարգով դադարեցվի այս թեկնածուի մասնակցությունն ընտրություններին»:
Հ. Գ. Քանի որ երիտասարդների համազգեստները, տպագիր եւ այլ քարոզչական նյութերը պիտի որ ծախսատար լինեին՝ հետաքրքրվեցինք՝ մի՞թե դեռ 1 տարեկանը չլրացած ՄԻԱԿ-ի գանձանակը բավարար է եղել դրա համար, թե՞ օժանդակություն են ստացել նախագահի իրենց պաշտպանյալ թեկնածուից: «Որեւէ մեկից օժանդակություն չենք ստացել: Եվ այս ամենը շատ փոքր գումար է արժեցել»,- պատասխանեց Սամվել Ֆարմանյանը: