Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ՄԵՆԱԿ ԷԼ ԿՀԱՂԹԵՐ

Հունվար 09,2008 00:00

\"\"1998թ. նախագահական ընտրություններում թեկնածու Կարեն Դեմիրճյանի մասին ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

2007թ. վերջին երկու ամիսներին ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի վերջնամասում եղավ մի տեւական ժամանակահատված, երբ առաջադրված թեկնածուներն ու նրանց սատարող ուժերը հայտնվեցին տեղապտույտի մեջ, եւ նրանց անելիքը, մեր տպավորությամբ, հիմնականում սահմանափակվեց իրար վրա ցեխ շպրտելով: Այդ փուլում հենց դրանով էին զբաղված նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանն ու նրանց համախոհները: Այդ ընթացքում էր, որ նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեղադրվեց Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը չմիանալու, ուստիեւ՝ վերջինիս համախոհների գնահատմամբ, դրանով գործող իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու եւ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու մեջ: Այդ համատեքստում մի քանի առիթներով հիշատակվեց, որ Վ. Մանուկյանը 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ չէր պաշտպանել ակնհայտ ժողովրդականություն վայելող Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը:

Այդ առիթով «Առավոտին» իր պարզաբանումները տվեց Վազգեն Մանուկյանը: Ըստ ԱԺՄ նախագահի, որն, ի դեպ, 1998-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով զբաղեցրել էր երրորդ տեղը, այն ժամանակ իրենք կանխատեսել էին, որ Կ. Դեմիրճյանը կարող էր հաղթել ընտրությունների հենց առաջին  փուլում, իսկ երկրորդ փուլի դեպքում մրցակցելու էին ինքն ու Կ. Դեմիրճյանը, բայց ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: ԱԺՄ նախագահը միաժամանակ հիշեցրեց, որ այն ժամանակ Ռ. Քոչարյանի թեկնածությունը պաշտպանում էր ոչ թե ինքը, այլ՝ բավականաչափ մեծ այլ ուժեր՝ «ՀՅԴ-ն, «Երկրապահը», ՀՀՇ-ի շատ կարկառուն դեմքեր, այդ թվում՝ ՀՀՇ այն ժամանակվա նախագահ Վանո Սիրադեղյանը, Արարատ Զուրաբյանը, եւ ՀՀՇ-ից շատերը հաճախակի էին լինում Քոչարյանի շտաբում: Երկրորդ փուլում Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեցին նաեւ Դեմկուսի Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը եւ ուրիշներ,- պատմում է Վազգեն Մանուկյանը:- Նրանց պատճառաբանությունն այն էր, որ Ռ. Քոչարյանը, այնուամենայնիվ, ղարաբաղյան շարժման մասնակից է, իսկ Կարեն Դեմիրճյանի հաղթանակի դեպքում կարող են վերադառնալ կոմունիստական կարգերը: Առաջին փուլից հետո Էդիկ Եգորյանի նախաձեռնությամբ երեք անգամ հանդիպում տեղի ունեցավ իմ եւ Կ. Դեմիրճյանի միջեւ՝ 2-րդ փուլում նրա թեկնածությունը պաշտպանելու հարցը քննարկելու համար: Ես մեծ հարգանքով էի վերաբերվում Դեմիրճյանի անձին եւ կարծում էի, որ նրա՝ երկրի նախագահ դառնալը օգտակար կլինի: Շփվելով ժողովրդի հետ՝ նաեւ համոզված էի, որ նա 2-րդ փուլում առանց մեզ հետ միանալու էլ անպայման հաղթելու է, եւ այդ մասին ասացի իրեն: Այդուհանդերձ, ես մի վերապահում ունեի. անհանգստանում էի (եւ բացահայտ դա իրեն ասել էի), որ ինքը կարող է հաղթել, բայց պաշտոնական արդյունքները հօգուտ Ռ. Քոչարյանի կեղծելու դեպքում կարող է դրանք չբողոքարկել եւ ընդունել Քոչարյանի «հաղթանակը»: Այդ դեպքում ես եւ ԱԺՄ-ն կհայտնվեինք շատ հիմար վիճակում: Դրա համար իմ առաջարկությունը հետեւյալն էր՝ ինքն առանց մեզ հետ միավորվելու էլ երկրորդ փուլում հաղթելուց հետո, եթե չհամաձայներ կեղծված արդյունքների հետ, ապա մնացած ողջ հետընտրական գործընթացը՝ արդյունքների բողոքարկման եւ իրական արդյունքների հաստատման ուղղությամբ, մենք կվերցնենք մեզ վրա:

Բացի այս, ԱԺՄ-ի ներսում տարաձայնություններ կային. մի մասը գտնում էր, որ պետք է պաշտպանել Ռ. Քոչարյանի, մյուս մասը՝ Կ. Դեմիրճյանի թեկնածությունը: Ի վերջո, քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է ազատ քվեարկության իրավունք տալ մեր անդամներին եւ համախոհներին, իսկ ԱԺՄ-ն ընդհանուր ուժերով կստանձնի ընտրության վերահսկման գործառույթը: Ընտրություններն անցան մեծ խախտումներով, Քոչարյանը «հաղթեց», Կ. Դեմիրճյանը չշնորհավորեց նրան եւ իրեն շատ պարկեշտ պահեց, բայցեւ կոչ չարեց վերանայել ընտրությունների պաշտոնական արդյունքները: Թե ո՞վ էր ներկա Քոչարյանի երդման արարողությանը ու շնորհավորեց նրան, պարզեք ինքներդ: Ես հիշում եմ, որ ես չեմ շնորհավորել, Կարեն Դեմիրճյանը չի շնորհավորել»,- հիշեցրեց ԱԺՄ նախագահը:

Ըստ նրա, 1999թ. ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ԱԺՄ-ն եւ ՀԺԿ-ն փորձել էին համագործակցել. «Մի քանի կոնֆիդենցիալ հանդիպումներ եղան, քննարկվում էր միասին՝ դաշինքով հանդես գալու հարցը, նաեւ այն, թե՝ այդ դաշինքի մեջ մտնի՞, թե՞ չմտնի Վազգեն Սարգսյանը: Բանակցություններն արդյունքի չբերեցին, ԱԺՄ վարչությունը քննարկելով այդ հարցը՝ պարտադրեց ինձ վերսկսել բանակցությունները եւ գտնել ընդունելի լուծում, բայց արդեն հաջորդ օրը մենք իմացանք, որ Կ. Դեմիրճյանը միացել է Վ. Սարգսյանի հետ»: Իսկ 2003-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Վ. Մանուկյանը պաշտպանել էր ընդդիմության միասնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ նա ՀԺԿ նախագահի գլխավորած «Արդարություն» դաշինքում էր: «Անցած տարիները տարբեր մարդիկ տարբեր աչքերով են տեսել, մարդկանց կարծիքները այդ տարիների մասին, իհարկե, կարող են տարբեր լինել, բայց միտումնավոր սուտը այն մարդկանց կողմից, ովքեր ամեն ինչ գիտեն ու իրենց հակաքարոզչությունը կառուցում են ստի վրա, կարծում եմ, ոչ միայն հենց իրենց համար է անարդյունավետ, այլեւ որպես նախադեպ՝ վտանգավոր է»,- արձանագրեց պարոն Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել