Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ԲՈՒԴՆ ՈՒ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԷԻՆ

Հունվար 08,2008 00:00

Դեկտեմբերի 28-ից սկսած՝ խոզի բուդի գինը հայաստանյան շուկաներում կտրուկ բարձրացել էր: Նկատենք, որ շատերը հենց այդ ժամանակահատվածում են միսը գնում, որովհետեւ դրա պահպանման հետ կապված խնդիրներ են ունենում: Մեկ կիլոգրամ խոզի բուդի գինը հասել էր 2800-3200 դրամի, իսկ մինչ այդ արժեր 1700-1800 դրամ: Մսի վաճառակետերի աշխատակիցները սա բացատրեցին մսի պահանջարկի ավելացմամբ: Մեր հարցին՝ խոզերի շրջանում տարածված ժանտախտն ինչ-որ կերպ ազդե՞լ է մսի դեֆիցիտի վրա, նրանք պատասխանեցին. «Ոչ, ուղղակի այս օրերին շուկայից մեծ չափով միս է առգրավվել տարբեր պատճառներով, մնացել է այսքանը»: Ամանորի նախաշեմին կտրուկ թանկացել էին նաեւ նարնջի ու մանդարինի գները: Դեկտեմբերի 20-25-ին մանդարինն արժեր 300-350 դրամ, իսկ արդեն ամսի 28-ից՝ 700-1000 դրամ: Փոքր չափսի մեկ արքայախնձորը նախկինում 3000 դրամ էր, իսկ դեկտեմբերի վերջին՝ նվազագույնը՝ 7000 դրամ:Նկատենք, որ, ընդհանուր առմամբ, 2007-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ գրանցվել է 6,6% գնաճ, ընդ որում՝ դա պաշտոնական տվյալ է: Ըստ վիճծառայության, ամանորյա նախապատրաստություններով պայմանավորված՝ սպառողական շուկայում գները նոյեմբեր ամսվա համեմատ դեկտեմբերին աճել են 1,5%-ով: Թանկացել են ոգելից խմիչքները, պարենային եւ ոչ պարենային ապրանքները:Օգտվելով Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոներից՝ տաքսի ծառայությունները նույնպես իրենց քեֆով բարձր գներ էին սահմանել: Որ տաքսի ծառայությանը դիմում էիր՝ նախապես զգուշացնում էին, որ նստելավարձը թանկացել է: Հաշվի առնելով այն, որ տոների ընթացքում մարդիկ բավականին հաճախ են հյուր գնում եւ ձնառատ ու քամոտ եղանակին նախընտրում են տաքսիներից օգտվել՝ տաքսի ծառայությունների գները 1-5 կիլոմետր երթեւեկելու դեպքում՝ նախկինում սահմանված 500-600 դրամի փոխարեն, կրկնապատկվել էին: Դեկտեմբերի 31-ի գիշերվանից մինչեւ հունվարի 6-ը տաքսիները նվազագույնը պահանջում էին 1000 դրամ: Տաքսու վարորդները թանկացրել էին նաեւ կիլոմետրերի համար պահանջվող ուղեվարձը: Չնայած այս գներին, տոնական թեժ օրերին դժվար էր ազատ տաքսի գտնել: Մանավանդ երեկոյան մայրաքաղաքի ոչ մի ծայրամասային թաղամաս տաքսի չէր բարձրանում, պատճառաբանում էին, որ այդ տարածքում մեքենա չունեն: Սրանից հատկապես օգտվում էին «փափախ» տաքսիները, որոնք այս օրերին անհամեմատ էժան գներով էին սպասարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել