Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԿԳԱ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

Հունվար 08,2008 00:00

Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 21-ին: Այն շարժական տոն է՝ կախված Սուրբ Զատիկի տոնից, որն էլ այս տարի կնշվի մարտի 23-ին: Երեկ Արարատյան հայրապետական թեմում կազմակերպված ասուլիսին տեր Շահե քահանա Հայրապետյանը ներկայացրեց, թե ով է Սուրբ Սարգիսը. «Նա Կապադովկիայից եկավ Հայաստան, քանի որ քրիստոնեադավան էր, իր որդու եւ 14 զինվորների հետ նահատակվեց Շապուհի ձեռքով: Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Պարսկաստանից Հայաստան բերեց նրա մասունքները: Վստահ եմ, որ մի մասունք էլ Երեւան է բերել, քանի որ այն մոտ է Օշականին եւ Կարպիին»: Սիրո այս հովանավորը կատարում է երիտասարդների ամենանվիրական ցանկությունները՝ երազանքի ձին հեծած՝ իր հետքը թողնելով փոխինձով լի ամանի վրա: Նրա տոնի պատվին է, որ երիտասարդներն իրենց առողջությունը վտանգելով աղի բլիթ են ճաշակում՝ սիրեցյալին երազում տեսնելու ակնկալիքով: Տեր Շահեն խորհուրդ տվեց աղի քանակը չգերազանցել, չվնասել երիկամներն ու փաստեց. «Հույները մեզ ծաղրում էին Սարգսին պաշտելու համար՝ ասելով, թե նա ձիու փոխարեն էշ է նստում: Բայց նա զորավոր եւ արագահաս, համաքրիստոնեական սուրբ է: Աշխարհի բոլոր երկրներում Սուրբ Սարգսի անվան եկեղեցիներ կան, բայց միայն հայերն են այսպիսի շուքով նշում այդ տոնը: Տարիներ առաջ նույնիսկ Իրաքից էին եկել Սուրբ Սարգիս եկեղեցի՝ երկրպագելու այս սրբին»: Ինչպես անցյալ, այս տարի էլ Արարատյան հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ մրցույթներ է կազմակերպում: Հունվարի 7-17-ը ցանկացողները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Հայտարարվել է պատմվածքների, նկարչության եւ ֆոտոռեպորտաժների մրցույթ: Պատմվածքները ընդունվելու են [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ նկարչության եւ ֆոտոռեպորտաժի մրցույթի մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են հանձնել թեմի մամլո դիվան: Մրցույթի վերաբերյալ մանրամասները տեղադրված են www.qahana.am ինտերնետային կայքում: Արարատյան թեմի մամլո դիվանից «Առավոտին» տեղեկացրին անցյալ տարվա մրցույթների հետ կապված որոշ մանրամասներ, օրինակ՝ հետաքրքիր է եղել հատկապես 81-ամյա Վաղինակ պապիկի եւ նրա խոսքով «սիրունիկ փերի» Թանգուհու պատմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել