Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերարվեստում նվաճումներ չկայի՞ն

Հունվար 08,2008 00:00

2007-ին այս ոլորտը մնաց առանց պետական մրցանակի

Ամանորի նախաշեմին Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) գումարեց վարչության նիստ, ուր հնչած ելույթներում, մերթ ցասումով ու զայրույթով, մերթ տագնապով ու անհանգստությամբ խոսվեց թատրոնի եւ հասարակության միջեւ անհրաժեշտ կապի բացակայության, համատարած արժեզրկումների եւ ռաբիսի մասին, ինչի ակնհայտ դրսեւորումներից են թատրոնների աշխատողների խղճուկ աշխատավարձերը, 2008թ. պետական բյուջեում այդ նպատակի համար նախատեսվող միջոցների բացակայությունը: Այս ամենի պատճառով բորբոքված կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովը թատերարվեստի բնագավառում որեւէ ստեղծագործություն չի արժանացրել պետական մրցանակի: Չգիտես ինչու, 9 հոգանոց նույն հանձնաժողովը, թատերագետ Անելկա Գրիգորյանի նախագահությամբ, տարիներ շարունակ տնօրինում է ե՛ւ թատերարվեստի, ե՛ւ կինոարվեստի մրցանակների ճակատագիրը:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ նախարարությունում այն կարծիքին չեն, թե թատերարվեստի ոլորտում պետական մրցանակի հավակնող ոչ մի աշխատանք չկար:

Փաստենք, որ 2007թ. նախարարությունը իր ենթակայության տակ եւ համակարգից դուրս գործող թատրոններին աջակցել է 38 մլն 188 հազար դրամով: Տարվա ընթացքում նախարարության ենթակայության տակ գտնվող թատրոններն ունեցել են 24 պրեմիերա: ՀՀ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահ, թատերագետ Անելկա Գրիգորյանին ուղղված մեր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ թատրոնին մրցանակ չհասավ, կարճ էր. «Հանձնաժողովը 9 հոգուց է բաղկացած, իսկ որոշում կայացնելիս գործում է սովորական թվաբանությունը»:

Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը եւ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ, չգիտես ինչու, նոր են հասկացել, որ սխալ է կինոն եւ թատրոնը միավորել նույն հանձնաժողովում: Պարոն Ղազանչյանն իր գնահատականներով ավելի հեռուն գնաց՝ հանձնաժողովի աշխատանքն ու արդյունքը որակելով ինքնագործունեություն: Տիկին Խոդիկյանն էլ հավելեց. «Ես անգամ չգիտեմ հանձնաժողովի անդամներին: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք: Անհասկանալի է. նրանցից յուրաքանչյուրը ինչպե՞ս կարող է իր մեկ ձայնը միաժամանակ տալ կինոյին ու թատրոնին… Կինոարվեստի մասին ոչինչ ասել չեմ կարող, իսկ թատերարվեստում, իհարկե, ունեցել ենք հաջողված աշխատանքներ»:

«Առավոտի» հետ զրույցում թատերագետ Լեւոն Մութաֆյանը կասկածի տակ առավ հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը. «Այդ «խստապահանջ» հանձնաժողովի անդամների մեծ մասը վաղուց է մոռացել թատրոնի ճանապարհը, ուստի դժվար թե կարողանար որոշում կայացնել հօգուտ այս կամ այն աշխատանքի: Իսկ որ թատերական ներկայացումների մեջ կային գեղարվեստական ձեռքբերումներ պարունակողներ, անկասկած է: Օրինակ, Խանդիկյանի բեմադրած «Չեզոք գոտին» (ներկայացվածների մեջ էր նաեւ Համազգայինի Էդ. դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» բեմադրությունը) իր վառ կերպարայնությամբ, ոճական առանձնահատկություններով, գրական նյութի մատուցման ինքնատիպ հղացումներով իրապես նվաճում է… Արդեն տեւական ժամանակ հանձնաժողովն առաջնորդվում է թայֆայական շահերով, կեղտոտ առեւտրով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել