Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀԻ» ԱՐՏՈՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ»

Հունվար 08,2008 00:00

\"\"Հայտարարում է «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանը \"\"

«Առավոտի» խմբագրություն այցելեց «Միսս եւ միստր աշխարհ» կազմակերպության հիմնադիր նախագահ, մանկական նրբագեղության եւ գեղեցկության «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանը եւ հավաստիացրեց, որ այժմ իրենց վստահված է ոչ միայն 3-17, այլեւ 17-27 տարեկան հայուհիների միջոցով Հայաստանը բոլոր միջազգային մրցույթներում ներկայացնելու պատիվը, բացի «Միսս աշխարհից»: «Ոչ միայն մենք, այլեւ «Միսս Հայաստան» գործակալությունը չունի «Միսս աշխարհին» մասնակցելու լիցենզիա: Իրենք (նկատի ունի «Միսս Հայաստանը»- Գ. Հ.) «Միսս աշխարհին» չմասնակցեցին, սակայն հ2-ով անոնս էր գնում, որ իբր Հայաստանը ներկայանալու է «Միսս աշխարհի թագուհի» մրցույթին: Իրականում նման անունով մրցույթ չկա, կա՝ «Աշխարհի թագուհի», որը վարկանիշով մի քանի անգամ զիջում է «Միսս աշխարհին»: Այնպես որ, իրենք թյուրիմացության մեջ են գցում հանրությանը»,- հայտարարեց Աշոտ Խաչատրյանը: Նա նաեւ ասաց, որ վերջերս «Միսս եւ միստր աշխարհ» եւ «Միսս աշխարհ» կազմակերպությունների միջեւ հակասություններ էին ծագել անվանումների նմանության պատճառով, «Միսս աշխարհն» էլ դիմել էր Բողոքարկման խորհրդին, սակայն վերջինս հարցը վճռել էր իրենց օգտին: «Միսս աշխարհը» անհնար է շփոթել «Միսս եւ միստր աշխարհի» հետ: Ո՞վ գիտե, գուցե այդ պատմությունների մեջ հայաստանցիների մատն էլ էր խառը»,- ասաց Ա. Խաչատրյանը՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:

Ամփոփելով 2007 թվականը, Ա. Խաչատրյանն ասաց, որ տարին բեղմնավոր է եղել իրենց կազմակերպության համար, ամռանը Լոնդոնում կայացած «Միսս ամառ ինտերնեյշընլ» մրցույթում, որին մասնակցում էին 53 երկրից ժամանած 3-17 տարեկան աղջիկներ, հայուհիներից 4-ը՝ Սիլվի Ավետիսյանը, Լինդա Խալաթյանը, Անահիտ Արտեմյանը եւ Անուշ Միրզախանյանը ստացել են գլխավոր մրցանակներ: Օգոստոսին Չինաստանում տեղի է ունեցել «Աշխարհի գեղեցկուհի» փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնող Մարինա Թունյանը արժանացել է հատուկ մրցանակի: Աշնանը «Միսս եւ միստր» միջազգային կազմկոմիտեն Հայաստանը Ալբանիայում ներկայացրել է «Միսս գլոբ» միջազգային մրցույթ-փառատոնին, ուր Օլգա Բարսեղյանն անցել է եզրափակիչ փուլ: «Փետրվար-մարտ ամիսներին Հայաստանը ներկայացրի «Միսս տուրիզմ աշխարհ» միջազգային մրցույթում, որտեղ, բացի Հայաստանից, մասնակցում էր 108 երկիր: Մարինա Ավետյանը 108-ի մեջ գրավել է 8-րդ տեղը: Նա 2007-ի հունվար-փետրվար ամիսներին էլ մասնակցել է «Թոփ-մոդել աշխարհ» մրցույթին ու հայտնվել լավագույն տասնյակում՝ գրավելով 7-րդ տեղը»,- պատմեց Ա. Խաչատրյանը: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Բեսթ մոդել»՝ աշխարհի լավագույն մոդելների մրցույթը: Մարինա Ավետյանը այստեղ էլ գրավել է 3-րդ տեղը: Իսկ նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը Հոնկոնգում կայացած «Միսս բիկինի ինտերնեյշընլ» փառատոնին Հայաստանը ներկայացրել է Սյուզի Նազարովան: «Սյուզի Նազարովան մասնակցեց «Միսս բիկինի ինտերնեյշընլին» ու նրա բոլոր ծախսերը հոգաց չինական կողմը: Ցավում եմ, որ հայաստանյան մամուլում սխալ ինֆորմացիա էր շրջանառվում եւ «Միսս Հայաստան» գործակալության մենեջեր Րաֆֆի Սայադյանը հայտարարել էր, թե Սյուզին ինքնակոչ է, անկոչ հյուր «Միսս աշխարհում»: Նոյեմբերի 1-ին կայացած «Միսս աշխարհին» մասնակցում էր 106 երկրի ներկայացուցիչ, իսկ մեր աղջիկը չէր կարող մասնակցել այդ մրցույթին, որովհետեւ չուներ հրավեր: Նոյեմբերին ես որպես ժյուրիի անդամ, իսկ Անահիտ Արտեմյանը՝ որպես մասնակից, ներկա ենք եղել «Միսս մոդել աշխարհին», իսկ Սյուզի Նազարովան՝ «Միսս բիկինի ինտերնեյշընլ» մրցույթին: Երկու մրցույթների համար էլ աշխարհի լավագույն լուսանկարիչներն էին ժամանել, գուցե թյուրիմացաբար մյուսների հետ նաեւ Սյուզի Նազարովայի նկարներն էլ են հայտնվել «Միսս աշխարհի» ինտերնետային էջում: Ինչ վերաբերում է Անահիտ Արտեմյանին, նա հայտնվեց աշխարհի լավագույն 30 մոդելների ցանկում: Ի դեպ, չինական լրատվամիջոցների առաջին էջերում Անահիտի լուսանկարներն էին»,- պարզաբանեց Ա. Խաչատրյանը՝ ցույց տալով բոլոր այն թերթերը, որոնք գրել էին Անահիտի մասին նյութեր եւ լուսանկարներ: Իր հասցեին մշտապես հնչող այն մեղադրանքներին էլ, թե Աշոտ Խաչատրյանը մասնակցում է միայն «կոոպերատիվ» կամ, այսպես կոչված՝ օլիգարխների մրցույթներին, մեր զրուցակիցն ասաց. «Փաստերով կապացուցեմ, որ դրանք համաշխարհային ճանաչում ունեցող մրցույթ- փառատոներ են, որոնք կազմակերպվում են այդ երկրների ղեկավարների ու պետական այրերի անմիջական մասնակցությամբ»:

Հ. Գ. Երեկ չհաջողվեց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանից որոշ պարզաբանումներ ստանալ՝ նրա բջջայինը չէր պատասխանում: Մինչ այդ զանգահարել էինք նաեւ «Միսս Հայաստան» գործակալության քաղաքային համարով, որտեղից խոստացել էին մեզ հետ կապվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել