Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամենախեղճն ու ակտիվը»

Հունվար 08,2008 00:00

Այսպես է բնութագրում վրացական «Իվերիա» համայնքը՝ վերջինիս նախագահ Սվետլանա Նամչեւաձեն:

1943 թվականին ամուսնանալով ֆիզիկոս Արշալույս Դադայանի հետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Թինա Ասաթիանին հաստատվեց Հայաստանում՝ հիմնադրելով «Իվերիա» վրացական բարեգործական համայնքը: 2005 թվականին առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ստիպված եղավ հրաժարվել համայնքի նախագահի պաշտոնից՝ այն վստահելով Սվետլանա Նամչեւաձեին…

«Շատ դժվար տարիներ էին… Հավաքվելու տեղ չունեինք: Մեր միակ հավաքատեղին հայտնի նկարիչ Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) անվան թանգարանն էր: Եվ քանի որ Ջոտտոյի կինը՝ Դիանա Ուկլեբան ազգությամբ վրացուհի էր, մեզ տվեց այդ հնարավորությունը»,- տեղեկացրեց «Իվերիայի» նախագահ Սվետլանա Նամչեւաձեն:

Համայնքը պաշտոնապես հաստատվել է 1997 թվականի փետրվարի 28-ին, եւ արդեն տասը տարի է, ինչ գործում է՝ ունենալով 200-ից ավելի անդամներ: 2002 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է ֆինանսական օգնություն տրամադրել պետության բոլոր ազգային փոքրամասնություններին ու համայնքներին (տարեկան 10 մլն դրամ): Տիկ. Նամչեւաձեի խոսքերով, այդ գումարից իրենց համայնքին հատկացվում է 818.000 դրամ, որը, մեղմ ասած, բավարար չէ ակտիվ գործունեություն ծավալող համայնքի համար:

Անցյալ տարվա մայիսին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր էթնիկ փոքրամասնությունների համայնքներին տրամադրվել է նաեւ Մշակույթի կենտրոն, որտեղ էլ իվերիացիները կիրակնօրյա պարապմունքների են հաճախում… Այս կառույցում յուրաքանչյուր կիրակի ժամը 11-ից անվճար վրացերենի դասընթացներ են անցկացվում, ինչպես նաեւ երգի եւ պարի խմբակներ են գործում. «Ամենակարեւորն այն է, որ երեխաները զգում են եւ՛ Վրաստանի, եւ՛ Հայաստանի շունչը: Ի վերջո, ո՞րն է համայնքի գործունեության հիմնական նպատակը: Որ այս երկու երկրների բարեկամության եւ դարերի պատմություն ունեցող մշակութային, պատմական կապերը պահպանվեն: Մենք քրիստոնյա երկրներ ենք եւ մեր առաջնային նպատակը պետք է լինի այն, որ մեր երիտասարդությունը շարունակի մեր ավանդույթները, իսկ մենք սերտ կապեր ունենանք միմյանց հետ»:

Տիկ. Նամչեւաձեի հավաստմամբ, ՀՀ-ում Վրաստանի նախկին դեսպանի աշխատակցության օրոք իրենց համայնքի ներկայացուցիչները գրեթե ամեն շաբաթ հավաքվում էին, անգամ ստեղծել էին լարային քառյակ, որը բազմապիսի փառատոների սպասված հյուրերից է եղել… Բայց հետո քառյակի գործունեությունը ընդհատվել է, «որովհետեւ նոր դեսպանը այլ կերպ է մոտեցել այդ հարցին»: Տիկ. Նամչեւաձեն հայտնեց, որ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը այժմ հաճախակի չի աջակցում համայնքին: Վերջին անգամ այն իվերիացիներին օգնել է Բազալեթի «Մեգեբրոբա» ճամբար ուղեւորվելիս՝ հոգալով փոխադրամիջոցների ծախսը: Ի դեպ, համայնքի երիտասարդ անդամները շատ ոգեւորված են եղել Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարարության հրավերից ու մեծ հաճույքով են մեկնել՝ տասը օր հանգստանալով Բազալեթ լճի ափին տեղակայված ճամբարում…

Համայնքի գործունեությանն անդրադառնալիս Սվետլանա Նամչեւաձեն նաեւ նշեց, որ «Իվերիան» ֆինանսական առումով ամենախեղճ, բայց ամենաակտիվ համայնքն է ու չնայած դժվարություններին, նրանց բարի ավանդույթները չեն խաթարվում. «Մշտապես էքսկուրսիաներ ենք կազմակերպում Հայաստանի տարածքում: Այցելել ենք գրեթե բոլոր պատմամշակութային հայտնի վայրերը, թանգարաններ, եղել Խոր վիրապում, Գառնի-Գեղարդում, Բյուրականում, Ծաղկաձորում… Մեր գործունեության տասը տարիների ընթացքում վեց գիրք ենք հրատարակել եւ մտադիր չենք սահմանափակվել այսքանով»,- հայտնեց «Իվերիայի» ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել