Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Հունվար 08,2008 00:00

Դա է փաստում վերջին տարիների վիճակագրությունը

Դատելով վերջին տարիներին Հայաստանում գրանցված եւ «ծանր» որակվող հանցագործությունների վիճակագրությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում մարդիկ գնալով ավելի դաժան են դառնում: Այսպես, «Առավոտի» տեղեկություններով, 2007-ին (թեեւ բացարձակ թվերը դեռ չեն ամփոփվել) հանրապետությունում գրանցված հանցագործությունների 1,7 տոկոսը բաժին է ընկնում առանձնապես ծանր հանցագործություններին, որոնք աճի միտում ունեն: 2005-ին ընդհանուր առմամբ կատարվել է 3129, 2006-ին՝ 3607 հանցագործություն, որոնց թվում առանձնապես ծանր հանցագործությունները 2005-ին եղել են 135-ը, իսկ 2006-ին՝ 166: Ցավալի է նաեւ այն, որ նկատվում է սպանության դեպքերի մեծ աճ: 2005-ին արձանագրվել է սպանության 55, իսկ 2006-ին՝ 75 դեպք, ու սրան զուգահեռ՝ նաեւ սպանությունների բացահայտման նվազում: 2005-ին սպանությունների բացահայտման ցուցանիշը 87,2 տոկոս էր կազմում, իսկ 2006-ին՝ 77,1: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու ցուցանիշները նույնպես մտահոգիչ են՝ 2005-ին այն կազմել է 86,9 տոկոս, իսկ 2006-ին՝ 82,8:

Միայն 2007թ. վերջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել են սպանության եւ սպանության փորձի 169, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու 1217 եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու 896 դեպքեր: Դրանցից մեկը, օրինակ՝ այս տարվա նոյեմբերի 24-ին Նորագյուղի թիվ 220 տան բնակիչներ՝ ամուսիններ Գեղամ Ոսկանյանին եւ Անահիտ Սմբատյանին էլեկտրական մալուխով խեղդամահ անելով սպանելու եւ նրանցից 21 հազար դրամ, ոսկյա եւ արծաթյա զարդեր հափշտակելու փաստի առիթով հարուցված քրգործն է: Օրերս Երեւան քաղաքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել այդ հանցագործության կատարման մեջ կասկածվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Վլադիսլավ Ավակիմյանի, 33-ամյա Աշոտ Ղազարյանի, 26-ամյա Էմիլ Վերդյանի նկատմամբ: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Ավակիմյանը հայտնաբերվել է Ղարաբաղում եւ բերման ենթարկվել Երեւան:

Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Նոր Հաճընի բնակիչներ Գուրգեն Բաղրամյանի, Դավիթ Դավթյանի, Նոր Գեղիի բնակիչներ Արայիկ Իսախանյանի, Մհեր Մկրտչյանի նկատմամբ: Վերջիններս Նոր Գեղի-Արտամետ ճանապարհին վիճաբանել են եւ դանակահարել միմյանց:

Եղել են նաեւ դեպքեր, երբ վեճն ավարտվել է սպանությամբ: Ընդ որում, վիճաբանող կողմերը հարազատներ են՝ կինը սպանել է ամուսնուն, ամուսինը՝ կնոջը, տղան՝ ծնողին, եղբայրը՝ եղբորը: Ահավասիկ, դեկտեմբերի 9-ին Երեւանի Ավան թաղամասի Աճառյան փողոցի 18 շենքի 28 բնակարանում հայտնաբերվել էր 50-ամյա Ավետիք Աղանիկյանի դիակը՝ գլխին, ըստ դատաբժշկական եզրակացության, 20-ից ավելի վնասվածքներով: Մեր տեղեկություններով, սպանությունը կատարելու կասկածանքով կալանքի է վերցվել նրա կրտսեր եղբայրը՝ Պանտելեյ Աղանիկյանը:

Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ, 49-ամյա Գեւորգ Սիրեկանյանը դանակի մի քանի հարված է հասցրել իր տղային՝ Դավիթին, ինչից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: 26-ամյա Էդվարդ Գուլինյանը Տավուշի մարզի Հաղարծին գյուղում սպանել է իր աներոջ խնամուն՝ Արմեն Ավագյանին ու դիմել փախուստի:

Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում մահացել էր 48-ամյա Իրինա Պետրոսյանը: Ոստիկանության Վարդենիսի բաժնում դա գրանցել էին իբրեւ սովորական մահ: Սակայն իրականում տեղի էր ունեցել սպանություն: Մեր տեղեկություններով, սպանվածի 13-ամյա որդին գյուղում պատմել է այն մասին, թե ինչպես է հայրը՝ Միքայել Ղուկասյանը, ծեծել մորը: Տարօրինակն այն է, որ այս մասին իմացել են նաեւ ընտանիքի անդամները, որոնք, փաստորեն, կոծկել են կատարվածը: Փոխարենը ողջ գյուղում հայտարարել են, որ Իրինա Պետրոսյանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ դա էլ հանգեցրել է մահվան:

Թե ի՞նչ միջոցառումներ են իրականացնում հայրենի իրավապահները նմանօրինակ հանցագործությունների կանխման կամ դրանց բացահայտման ցուցանիշը բարձրացնելու առումով՝ մնում է ենթադրել եւ դատել վերը բերված՝ ծանր հանցագործությունների աճի տեմպերին վերաբերող վիճակագրությունից:

Լուսանկարում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանը դռնփակ նիստով անցկացրեց Հարկային ծառայության նախկին պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով ձերբակալված, ապա 4 տարի առաջ սպանված Գոգա Առաքելյանի գործով մեղադրյալ ճանաչված Հայկ Իսրայելյանի դատավարությունը: Վերջինս դատապարտվեց 11 տարվա ազատազրկման, իսկ այդ պահին դատարանի շենքում ուշաթափվեցին թե Հայկը, թե նրա մորաքույրը: Ոստիկանության «շեստոյի» տղաները, Գագիկ Մադոյանի գլխավորությամբ, հետեւում էին բոլորին: Հայկի հայրը՝ Աղվան Իսրայելյանը, տեղեկացրեց, որ որդու պաշտպան Կարո Աղաջանյանը չի տեղեկացվել նիստի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել