Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեքենաներն ու օբյեկտները չի հայտարարագրել

Հունվար 08,2008 00:00

Թալինի քաղաքապետը ստվերում եկամուտներ է ստանում

«Ես շատ բան ունեմ, քեզ ինչ, թե ինչ ունեմ կամ չունեմ, հայտարարագիր կա, գնա էնտեղից իմացի, թե ինչեր ունեմ»,- Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն այսպես պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե իր սեփականությունը հանդիսացող ասֆալտի գործարանը Թալինի բազալտի հանքավայրն օգտագործելու թույլտվություն ունի՞, թե՞ ոչ: Հետեւելով պարոն Մնացականյանի խորհրդին, Հարկային պետական ծառայությունից ստացանք նրա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, ըստ որի՝ քաղաքապետն իբր 160 քմ տարածքով ընդամենը մեկ բնակելի տուն ունի, 0.12 հեկտար տնամերձ եւ 2 գյուղատնտեսական հողամասեր: 16 հա տարածքով մեկ հողամաս էլ հայտարարագրել է նրա կինը՝ Թամարան: Քաղաքապետը հայտարարագրում նշել է, թե ոչ մի փոխադրամիջոց, հասարակական կամ արտադրական շենք-շինություն չունի: Մինչդեռ, մեր տեղեկություններով, պարոն Մնացականյանն իրականում ունի ոչ թե մեկ, այլ նույնիսկ 3 «Մերսեդես» ավտոմեքենա, 1 «Ջիպ», 1 «Նիվա», ասֆալտի գործարան, 3 սենյականոց բնակարան Երեւան քաղաքում, Արագածոտնի Լուսակն գյուղում մի քանի հեկտար հողակտոր: Նախկինում գործող «Ճանշին» ընկերության մի քանի հեկտար տարածքը նույնպես քաղաքապետին է պատկանում: Երբ Թալինում հարցուփորձ էինք անում պարոն Մնացականյանի օբյեկտների մասին, թալինցիները կատակով նշում էին՝ «մեր քաղաքում ինչ տեսնում եք՝ կամ իրանն է, կամ էլ իրա ազգականներինը»: Թալինցիները մեկ առ մեկ նշում էին քաղաքապետի բոլոր օբյեկտներն ու վստահեցնում, որ դրանցից ոչ մեկը Մ. Մնացականյանի անունով չէ, ձեւակերպված է հիմնականում նրա կնոջ բարեկամների անուններով:

Թալինցիների պատմելով՝ քաղաքապետը մոտ մեկ տարի առաջ քանդել է Թալինի նախկին ուսումնարանի շենքն ու շինանյութերն էժան գներով ձեւականորեն վաճառել իր քրոջ ամուսնուն՝ Ժորա Սուքիասյանին: Նա նաեւ 10 միլիոն դրամով իր փեսային է վաճառել Թալինի ջեռուցման գլխավոր կաթսայատան խիստ թանկարժեք սարքավորումները: Մեր տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ, 5-6 հարյուր տոննա երկաթ է վաճառվել: Ըստ մասնագետների, դրանց նվազագույն արժեքը 150-200 միլիոն դրամ է, այլ ոչ թե՝ 10 մլն: Մեզ հետ զրույցում Մ. Մնացականյանն այս առնչությամբ նշեց. «Դուք էլ կարող եք շատ բան ասել, դրանք տափակ խոսակցություններ են եւ ինձ համար հիմք չէ, հիմք է մեր ավագանու որոշումը, որը նպատակահարմար է գտել ու այդ գնով վաճառել է կաթսայատունը»: Թե ում են այն վաճառել՝ քաղաքապետն ասաց, որ չի հիշում:

Իր օբյեկտների հետ կապված հարցերից Մ. Մնացականյանն այնքան էր բարկացել ու բորբոքվել, որ չհասցրինք հարցնել, թե Թալինի խմելու ջրի գլխավոր մագիստրալից նա ինչպես է հաջողացրել բավականին մեծ տրամաչափի խողովակով ջուր անցկացնել քաղաքի սկզբնամասում գտնվող իր կիսակառույց օբյեկտ: Նա լսափողը վայր դրեց: Նկատենք, որ քաղաքապետի օբյեկտը ջրով ապահովելու պատճառով թալինցիների մի մասը խմելու ջուր չունի:

Ինչ վերաբերում է պարոն Մնացականյանի՝ բազալտի հանքը ասֆալտի համար որպես բիտում օգտագործելու թույլտվությանը, ինչպես պարզեցինք, այդ լիցենզիան 2001-ին քաղաքապետին տվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, իսկ բնապահպանության նախարարության հաշվեկշռում, ինչպես նշեց ընդերքի պահպանության վարչության պետ Հրանտ Ավետիսյանը՝ «նման հանք ընդհանրապես գոյություն չունի»: Քաղաքապետը պաշտոնական փաստաթղթերում բազալտի օգտագործումը ներկայացնում է տարեկան 10 տոննա, մինչդեռ նա այդքան քարի փոշի տեղափոխում է մեկ շաբաթվա ընթացքում: Թալինցիների պատմելով՝ «օր է լինում՝ 50-60 բեռնատար մեքենա քար է տանում, հանքավայրն այնքան է տրաքացրել, որ հարեւանությամբ գտնվող եկեղեցին արդեն ճաքեր է տվել»: Բազալտի հանքի շահագործումից կարելի է հսկայական միջոցներ ստանալ: Այդ եկամուտները Թալինի բարեկարգմանն ուղղելու փոխարեն՝ մտնում են ոմանց գրպանները:

Հ. Գ. Որեւէ պաշտոնյայի հայտարարագրած տեղեկությունները ստանալու համար հարկայինում բավականին բարդ ընթացակարգ է սահմանված: Թալինի քաղաքապետի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը ձեռք բերելու համար ստիպված եղանք բազմաթիվ տեղեկանքներ, լիազորագրեր տրամադրել: Հրապարակման ենթակա փաստաթուղթը հարկայինից ստացանք մոտ մեկ ամիս հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել