Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՆՇԵԼԸ ԹԱԼԱՆ Է

Հունվար 08,2008 00:00

\"\"Ամանորի գիշերը ռեստորանում անցկացնելը մեկ անձին արժեցել է մոտ 250 դոլար

Ամանորի գիշերը ռեստորաններում կամ զվարճանքի այլ վայրերում նշել ցանկացողներն այս տարի ստիպված էին երեկոյի համար բավականին բարձր գին վճարել: Չնայած դրան, մի շարք ռեստորանների ու սրճարանների աշխատակիցներ «Առավոտին» հավաստիացրին, որ պատվերներն այնքան շատ են եղել, որ Նոր տարվանից 4-5 օր առաջ ոչ մի ազատ սեղան արդեն չեն ունեցել: Մայրաքաղաքի տասնյակ ռեստորաններում Ամանորի գիշերվա համար պատվերներն ընդունվում էին տոներից դեռ 2 շաբաթ առաջ:

Իսկ թե որքանով կպակասի ընտանեկան բյուջեն երեկոյից հետո՝ կախված է նախընտրած ռեստորանից ու սեղանի բազմազանությունից:

«Բելաջիո» ռեստորանային համալիրի աշխատակիցների հավաստմամբ, իրենց սեղանները շատ ճոխ ու բազմազան են եղել: Նրանց տեղեկացմամբ՝ մեկ անձի համար 75 հազար դրամով «շքեղ սեղաններ ենք զարդարել՝ խորովածով, ճտով, ձկան ասորտիներով, 3 տեսակի աղցանով ու մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներով»: Ամանորյա երեկոն գերադասել են «Բելաջիո» ռեստորանում անցկացնել հատկապես նրանք, ովքեր սիրում են Արսեն Գրիգորյանի, Արազ Դարեի, Արման Հովհաննիսյանի երգերը եւ գնահատում են «32 ատամ» ակումբի հումորային արվեստը:

«Կեսարի պալատ» ռեստորանի մենեջերի ներկայացմամբ էլ, իրենց օբյեկտը ամանորյա գիշերն իր դռները բացել է միայն պարկեշտ այցելուների առջեւ: Ռեստորանի աշխատակիցների հավաստմամբ՝ «Մեզ մոտ անգամ սովորական օրերին մուտքը միայն զույգերով է կամ ընտանիքի անդամներով: Եթե միայն տղաներով են գալիս, կռիվ-ղալմաղալից խուսափելու համար չենք թույլատրում, որ ներս մտնեն: Բայց եթե միայն աղջիկներով են մեզ այցելում, թողում ենք, եթե անգամ նրանք խմում էլ են, ի տարբերություն տղաների՝ շրջապատի մարդկանց շատ վնաս չեն տալիս»: Ամանորյա գիշերն այս ռեստորանում նշել ցանկացողները 1 անձի համար վճարել են 30 հազար դրամ: Համեմատած մայրաքաղաքի այլ օբյեկտների հետ, նրանց սահմանած գինը անհամեմատ ցածր է, քանի որ այցելուների համար շոու եւ անակնկալներ չեն եղել: Ռեստորանի մենեջերի խոսքերով. «Դրսից երգիչներ չենք հրավիրել, քանի որ մեր երգիչները դրսի եղածներին ոչ մի բանով չեն զիջում»: Նրանց տեղեկացմամբ՝ ճաշացանկը շքեղ ու բազմազան է եղել՝ խորոված, քյուֆտա, ձկան, մսի եւ պանրի ասորտի ու բազմատեսակ խմիչքներ: «Շանթ» ռեստորանից էլ ասացին, որ 1 անձի համար ընդամենը 25 հազար դրամով «ընտիրագույն սեղան» են զարդարել՝ 10 տեսակի «գարյաչիով ու անթիվ-անհամար «զակուսկիներով»: Նրանց տեղեկացմամբ. «Մենք մարդկանց ուտելու վրա հաշիվ չենք դրել, առատ սեղաններ ենք դրել, կերել են՝ ինչ ուզել են եւ ինչքան ուզել են»: Ի դեպ, երբ մայրաքաղաքի տասնյակ ռեստորաններից հետաքրքրվում էինք, թե ինչպես են կազմակերպել Ամանորի տոնական երեկոն, պարզեցինք, որ այդ օրն ամենածանրաբեռնվածն աշխատել են երգիչներն ու երգչուհիները: Օրինակ, «Շանթ» ռեստորանում երգելուց հետո «Շիկերը» շտապել են «Ջիանի» ակումբ, ապա նաեւ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Նույն կարգավիճակում են եղել քիչ թե շատ ճանաչված գրեթե բոլոր երգիչները, որոնք «Ջիանիում» մի քանի երգ կատարելուց հետո շտապել են ուրիշ օբյեկտներ, քանի որ հատկապես այդ օրը նրանց անհամեմատ բարձր գին են վճարել:

Նրանք, ովքեր գերադասել են Ամանորը դիմավորել «Արմենիա Մարիոթում», 1 անձի համար վճարել են 85 հազար դրամ: Երեկոն վարել է Աշոտ Ղազարյանը: Երեկոյի կազմակերպիչների հավաստմամբ՝ շատ կիրթ ու մակարդակով միջավայր է եղել, քանի որ կազմակերպիչները եղել են ամերիկահայեր, եւ, ի տարբերություն այլ օբյեկտների, յուրաքանչյուր հաճախորդի տեղեկացրել են, թե իրենց կողքին ովքեր են նստելու եւ եթե դեմ են եղել, ընդառաջել են նրանց: Երեկոյի ընթացքում երգել են Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, Ռազմիկ Ամյանը, «Շիկերը», իսկ հյուրանոցի «Օլիմպիա» նվագախումբը, կազմակերպիչների խոսքերով, գոհացրել է բոլորին՝ նվագելով տաշի-տուշիից մինչեւ վալս:

«Օջախ» ռեստորանում 1-ին հարկի սեղաններն արժեցել են 65, իսկ 2-րդ հարկինը՝ 60 հազար դրամ: Գնային տարբերությունը ռեստորանի աշխատակիցները բացատրեցին նրանով, որ 2-րդ հարկի հաճախորդները ստիպված են եղել պարելու համար 1-ին հարկ իջնել: Ու որպեսզի փոխհատուցվի նրանց պատճառած անհանգստությունը, 5 հազար դրամ զեղչ են արել: Երեկոյի կազմակերպիչներն «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց մոտ երգիչների մի իսկական աստղաբույլ է ելույթ ունեցել՝ Գոճին, Քրիստինան, Արմեն Խուբլարյանը, իսկ երեկոյի գլխավոր անակնկալը եղել է այն, որ երեկոն վարել են «Վերվարածները» սերիալի դերասանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել