Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեւորը ժողովուրդն է

Հունվար 08,2008 00:00

Ասում է Վահագն Խաչատրյանը

Վրաստանում այսօր առկա իրավիճակը հիշեցնում է 2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները եւ դրան հաջորդած հետընտրական պրոցեսները, երբ հասարակությունն ու ընդդիմությունը պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել, իսկ միջազգային դիտորդները դրանք գնահատում էին որպես ժողովրդավարության եվրոպական չափանիշներին համապատասխան: Հնարավո՞ր է, որ վրաստանյան ընտրություններից հետո ՀՀ իշխանություններն էլ գայթակղություն ունենան կեղծելու ընտրությունները՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը դրանց նկատմամբ նույնքան ներողամիտ կլինի, որքան Վրաստանի ընտրությունների պարագայում է:

Ստեփան Սաֆարյան

«Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ «ասել, թե Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին ժողովրդավարական էին՝ տեղին չէր լինի, բայց այնտեղ քաղաքական ռեալ պրոցեսներ են ընթանում: Բավական է հիշել, որ Սահակաշվիլին, որքան էլ որ փակուղային իրավիճակում հայտնվեց, այնուամենայնիվ, բավարարեց ընդդիմության պահանջները, ինչը Հայաստանում գործնականում չհանդիպած երեւույթ է: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից այդ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ճանաչվելուն, ապա պետք է արձանագրել, որ այս դեպքում էլ քաղաքական շահերը շատ ավելի կարեւոր էին, քան տվյալ երկրի ժողովրդավարացումը, եւ դա արդեն նորություն չէ»:

Ըստ Ստ. Սաֆարյանի, երկու երկրների ընտրությունների միջեւ զուգահեռներ անցկացնելը տեղին չէ, որովհետեւ ՀՀ իշխանություններն էլ են անընդհատ շեշտում, որ Վրաստանն ու Հայաստանը տարբեր պետություններ են: «Իհարկե, ՀՀ իշխանությունները գայթակղություն կունենան ընտրությունները մեկ փուլով ավարտել՝ կրկնելով վրաստանյան փորձը, բայց կարծում եմ, որ դա հիմքերից զուրկ է, որովհետեւ նույն «Գելափի» հարցումներով, որով հիանում են մեր իշխանությունները, իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի վարկանիշը չի կարող գերազանցել 50 տոկոսը: Այսինքն՝ Հայաստանում ընտրությունները մի փուլով ավարտելու ռեսուրս իշխանության թեկնածուն չունի»,- արձանագրեց փորձագետը՝ հավելելով, որ չպետք է նաեւ մոռանալ այն փաստը, որ «Սահակաշվիլին եւ Սերժ Սարգսյանը Արեւմուտքի համար տարբեր մարդիկ են», եւ վերաբերմունքն էլ մեր ընտրություններին նույնատիպ լինել չի կարող:

Vahagn Khachatryan

Վահագն Խաչատրյան

Իսկ «Այլընտրանք» շարժման հիմնադիր անդամ Վահագն Խաչատրյանն ավելի կարեւորեց ընտրություններին տրվող ոչ թե միջազգային հանրության, այլ վրաց եւ հայաստանյան հասարակությունների գնահատականները. «Ամենակարեւորը երկրի ներսում ժողովրդի գնահատականն է ու համոզմունքը, որ երկրում նորմալ, ժողովրդավարական ընտրություններ են եղել, եւ երկրի ղեկավարն ընտրվել է հենց այդպիսի ընտրությունների արդյունքում: Միայն դրանից հետո է, որ երկրի իշխանությունը կարողանալու է իր տնտեսական, սոցիալական կամ քաղաքական որեւէ այլ ծրագիր իրականացնել: Եթե այդ վստահությունը չկա, երկիրն անընդհատ պրոբլեմների առաջ է կանգնելու»:

Ըստ նրա, ՀՀ իշխանությունների համար գայթակղիչ կլինի կեղծիքով ընտրվելու եւ այդ մեթոդներով ընտրվողին լեգիտիմ ճանաչելու ցանկացած նախադեպ՝ լինի դա Վրաստանում, թե աշխարհի որեւէ այլ պետությունում: «Բայց համոզված եմ, որ Վրաստանում ժողովրդավարությունն իսկապես կհաղթի»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ միաժամանակ չբացառելով, որ առաջիկա օրերին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքը կարող է փոփոխվել, մանավանդ որ՝ վերջին երկու օրերի ընթացքում Սահակաշվիլիի ստացած ձայները պակասում են՝ նախնական 63 տոկոսի փոխարեն երեկ այն հասել էր 51,8 տոկոսի:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031