Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ»

Հունվար 08,2008 00:00

\"\"Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ նախագահական ընտրությունները կանցնեն հանդարտ եւ նորմալ մթնոլորտում:

– Տարեմուտի ձեր շնորհավորական խոսքում դուք խոսեցիք սիրո, բարության եւ հանդուրժողականության մասին: Նախագահական ընտրությունների քարոզարշավի եւ բուն ընտրությունների ընթացքում ձեր կուսակցությունը նույն այդ սերը, բարությունը եւ հանդուրժողականությունը ունենալո՞ւ է, թե՞ դրանք զուտ խոսքեր են:

– Ես կարծում եմ՝ Հանրապետականը ոչ թե ունենալու է, այլ ունի այդ ամենը եւ նախագահական ընտրություններում էլ պիտի այդ առումով շահեկանորեն տարբերվի մյուսներից, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն ամենամեծ պատասխանատվությունն ունի քաղաքական ուժերի մեջ՝ որպես խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցություն:

– Տարեվերջին վարչապետի ընկեր գործարարներից մեկը՝ Բարսեղ Բեգլարյանը, հարցազրույց էր տվել, որում կարծիք էր հայտնել, որ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, եթե վերանայի իր շրջապատը: Դուք ե՞ւս գտնում եք, որ ձեր կուսակցության նախագահը ընտրվելուց հետո պետք է վերանայի իր շրջապատը:

– Ես կարդացել եմ այդ հարցազրույցը, որում պարոն Բեգլարյանը ասում էր այլ բան: Նա ասում էր, որ եթե այդ շրջապատում լինեն մարդիկ, որոնք չեն համապատասխանի այդ բարձր մակարդակին, ուրեմն այդ մարդիկ պիտի հեռանան այդ շրջապատից: Կարծում եմ՝ մեր թեկնածուի պարագայում դրա կարիքը չի լինի, իսկ որպես սկզբունք՝ այդ մոտեցումն ընդունելի է ցանկացած մարդու համար: Իհարկե, ակնհայտ է, որ յուրաքանչյուրիս շրջապատում պիտի լինեն մարդիկ, ովքեր իրենց որակներով ավելի հարստացնում են այդ շրջապատը: Ուղղակի խորհուրդ կտամ նկատել, որ խոսքը «եթե»-ի մասին է:

– Հանրապետականը ինչպե՞ս է կազմակերպելու նախագահի իր թեկնածուի քարոզարշավը, արդյոք խորհրդարանական ընտրությունների փո՞րձն է կիրառվելու, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպումների էր գնում միայնակ եւ փաստորեն միայնակ էր իրականացնում Հանրապետականի քարոզչությունը, արդյունքում՝ դուք մեծամասնություն ստացաք: Նախագահականի դեպքում այս սցենարը կրկնվելո՞ւ է: Կամ կոնկրետ դուք՝ որպես կուսակցության փոխնախագահ, նախընտրական շրջանում ի՞նչ խնդիր եք լուծելու:

– Բնականաբար, նախընտրական գործընթացներում գլխավոր գործող դեմքը լինելու է վարչապետ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է մեր թիմի մյուս անդամներին, ապա նրանցից յուրաքանչյուրն ունի մեր թեկնածուի հաջողությանը նպաստելու իր հնարավորությունները, որոնք միայն թեկնածուի հանդիպումներով չեն սահմանափակվում, եւ պետք է հանրագումարի բերել բոլոր հնարավորությունները ակնկալվող բարձր արդյունքին հասնելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր շփումների միջավայրերը, իրեն ճանաչող եւ հավատացող մարդիկ եւ այլն: Սակայն, միաժամանակ, բացի այդ ընդհանուր գործունեությունից, յուրաքանչյուրն ունի նաեւ իր կոնկրետ խնդիրները: Մասնավորապես, այդ առումով իմ անելիքները նույնն են, ինչ էին մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դա աշխատանքն է նախընտրական ծրագրի վրա: Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրն իր աշխատանքն անի սիրով եւ լավ, ու արդյունքը, ինչպես նախորդ ընտրությունները ցույց տվեցին, կլինի շատ լավ:

– Դուք շարունակ շեշտում եք, որ Հանրապետականը մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն է, ուրեմն, որպես այդպիսին, քայլեր ձեռնարկելո՞ւ եք սեւ քարոզչությունից խուսափելու համար:

– «Սեւ» քարոզչությունից խուսափելուն ուղղված քայլերից լավագույնը նման քարոզչություն չանելն է: Հեշտ է նկատել, որ մյուս թեկնածուների առնչությամբ ՀՀԿ ներկայացուցիչները, եթե խոսում էլ են, ապա միայն փաստերով՝ խուսափելով որակումներից: Բայց, ցավոք, այդ բարոյական ազդակը ոչ միշտ է գործում: Ակնհայտ է, որ ընդդիմությունը ներկայացնող մի շարք թեկնածուներ կամ նրանց ներկայացուցիչները չեն խորշում միմյանց հասցեին ամենավերջին որակումներն օգտագործելուց, երբեմն էլ բանը հասնում է հայհոյախառն արտահայտությունների: Ցավոք, քաղաքական մեծամասնության ուժն այս դեպքում ամենակարող չէ: Այդուհանդերձ, կարծում եմ, ամենաազդեցիկ քայլը կանի հասարակությունը՝ այդ մարդկանց տված նվազագույն ձայներով:

– Հանդուրժողականության եւ սիրո մասին. Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ իշխանական ուժերը հավաքվել էին Էջմիածնում, իսկ մի շարք ընդդիմադիր ուժեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Սա նորմա՞լ եք գնահատում:

– Ճիշտն ասած, լավագույն օրինակը չէ, քանի որ այդ օրը եկեղեցիները բաց են բոլորի առաջ, եւ յուրաքանչյուրը կարող է այցելել՝ ուր կամենա: Համոզված եմ, որ ինչպես հազարավոր մարդիկ, ընդդիմության ներկայությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որեւէ մեկը չէր հակառակվելու, եւ այլ եկեղեցում լինելն էլ, կարծում եմ, նախընտրության հարց է, այլ ոչ թե քաղաքական դիմակայության: Բարեբախտաբար, մեր կյանքում կան նաեւ ոլորտներ եւ խնդիրներ, որոնց քաղաքականացումը կլինի անհեթեթ:

– Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս կանցնեն նախագահական ընտրությունները՝ մե՞կ փուլով, թե՞ կլինի լարվածություն եւ երկրորդ փուլ:

– Կարծում եմ, որ բոլոր մասնագիտական հարցումները վկայում են, որ մեր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, բոլոր հնարավորություններն ունի առաջին փուլում լիարժեք հաջողության եւ նախագահ ընտրվելու համար: Մնացած ժամանակահատվածը եւս արդյունավետ անցնելու դեպքում վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի: Ի վերջո, հասարակությունն այլեւս երեք ամսում տասն անգամ թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու խոստումներից եւ էժանագին «թամաշաներից» կշտացել է եւ համոզվել է, որ ընտրությունը որոշում է հենց իր կյանքի ընթացքը: Այդ առումով մեր թեկնածուն մյուսների նկատմամբ ունի ակնառու առավելություն. ինչ մինչ այժմ խոստացվել է, հետագայում իրականացվել է: Իհարկե, մյուս թեկնածուները հայտարարում են, որ չեն հավատում հարցումների արդյունքներին, սակայն կարծում եմ՝ ներքուստ նման համոզմունք չունեն, եւ պատահական չէ, որ նրանք հաճախ բանավիճում են այն մասին, թե ով է լինելու երկրորդը:

Ինչ վերաբերում է լարվածություններին, ապա կարծում եմ՝ հնարավոր չէ բացառել ոմանց՝ նման իրավիճակ ստեղծելու փորձերը, սակայն միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններն անգամ այդ դեպքում ի չիք կդարձնեն ամեն մի սադրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել