Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ»

Դեկտեմբեր 27,2007 00:00

\"\"Հայ մեծ բանաստեղծ Զահրատի այս խոսքերը թերեւս ամենից հարմարն են գալիք նախագահական մրցապայքարով սկսվող տարվա համար:

Քանի որ ողջ տարին միմյանց հետ հակասությունների, հեռակա վեճերի, անհամաձայնությունների, կռիվ-ղալմաղալների, տհաճ խոսակցությունների, փոխադարձ մեղադրանքների մեջ են եղել հիմնականում երկու մասնագիտությունների տերերը՝ լրագրողները եւ քաղաքական գործիչները, որոշեցինք տարին ամփոփել համատեղ: Մեր գործընկերներին եւ քաղաքական գործիչներին «Առավոտը» երկու հարցով էր դիմում՝ խնդրում էինք ամփոփել անցնող քաղաքական տարին եւ խոսել այն մասին, թե ի՞նչ են ակնկալում նախագահական ընտրություններով սկսվող տարուց: Նաեւ՝ կիսամանկական հարց՝ ի՞նչ են սպասում Ձմեռ պապից: Եվ մեզ համար ամենեւին զարմանալի չէր, որ քաղաքական գործիչներից շատերը հիմնականում ընտրեցին «հեշտ» հարցը՝ Ձմեռ պապի մասին, իսկ քաղաքական գնահատականներ տալուց խուսափեցին կամ համարեցին, որ ուրախ առիթով վատ բաների մասին չարժե խոսել:

Գալուստ Սահակյան, ՀՀԿ փոխնախագահ.- Այս տարին տարբերվում է, եւ իմ պատասխանը եւս տարբերվելու է՝ այսօր այնքան լավ է, որ ի տարբերություն նախորդ տասը կամ ութ տարիների, երբ ոչ մեկը չէր ուզում Ձմեռ պապի լինել, քանի որ պապիկի տոպրակի մեջ դնելու բան չունեին, այս տարի բոլորն ուզում են Ձմեռ պապի դառնալ, այ, այդքան լավն է տարին, այսինքն՝ Ձմեռ պապը բնորոշվում է նրանով, որ նվերները շատ են լինում:

Ստեփան Դեմիրճյան, ՀԺԿ նախագահ.- Անցնող տարին քաղաքական առումով որեւէ առաջընթաց չարձանագրեց, վարչախմբի գործելակերպը նույնն է, հերթական անգամ կեղծվեցին խորհրդարանական ընտրությունները եւ ըստ հարցումների՝ շատ են սիրում հղում անել «Գելափ»-ին, ըստ նույն այդ հարցումների, ընտրողների մեծամասնությունը անցած ընտրությունները արդար չի համարում: Դոլար-դրամ մանիպուլյացիաներից եւ դրանով ուղեկցվող գների աճից շարունակում է տուժել բնակչության ճնշող մեծամասնությունը: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա ակնկալում ենք, որ 2008-ի նախագահական ընտրություններով կդրվի երկրում որակական փոփոխությունների հիմքը եւ նախադրյալներ կստեղծվեն երկրի բնականոն զարգացման համար:

Վիկտոր Դալլաքյան, ԱԺ պատգամավոր.- Կցանկանայի, որ Ձմեռ պապը բոլորի համար, մեր ժողովրդի համար բերեր տոնածառ, նվերներ եւ մենք հավատայինք իրապես, որ դա բերել է Ձմեռ պապը: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, կցանկանայի, որ Ձմեռ պապը քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների համար բերեր միմյանց նկատմամբ հանդուրժողականություն, միմյանց նկատմամբ հարգալից լինելու, մեր պատմության հերոսական էջերը, այդ թվում 3-րդ հանրապետության եւ արցախյան հերոսամարտի պատմութան հերոսական էջերը քաղաքական նպատակներով չշահարկելու եւ չսեւացնելու խոհեմություն:

Ռուզան Առաքելյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր.- 2007 թվականը նշանավորվեց բարեփոխված Սահմանադրության ընդունմամբ եւ խորհրդարանական ընտրություններով: Մեր երկրի հիմնական օրենքով ԱԺ-ի դերը շատ ավելի է ընդգծված: Հանգամանք, որն անձնապես կարեւորում եմ, որովհետեւ համոզված եմ, որ առանց լիարժեք օրենսդրության չի կարող լինել կենսունակ գործադիր ոլորտ: Եկել է ժամանակը, որպեսզի թղթին հանձնված բովանդակալից օրենքներն ու որոշումները կյանքի կոչվեն: Շատ կուզենայի, որ 2008-ը որպես տարեթիվ հիշվեր հենց այս իմաստով, թեեւ այն հիշվելու է որպես նախագահի ընտրության տարի: Եվ որովհետեւ այդպես է լինելու, մաղթում եմ, որ 2008-ի ընտրություններում հաղթի մեր ժողովուրդը: Գուցե ցանկությունս իդեալական է, բայց տարեմուտը ներշնչում է բարի ցանկություններ:

Վահագն Գրիգորյան, ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերի 27»-ի՝ ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ.- Մաղթում եմ, որ Ձմեռ պապը մեր ժողովրդին նոր տարում բերի ժողովրդի կողմից ընտրված նախագահ:

Էդիկ Բաղդասարյան, «Հետքի» խմբագիր. – Խոսքի ազատության իմաստով տարին դարձյալ շատ տխուր էր, որովհետեւ հեռուստաընկերությունները, ինչպես որ կային՝ մեկ կենտրոնից ղեկավարվող, շարունակեցին մնալ այդպիսին եւ ավելի բեւեռացված դարձավ այդ վերահսկումը: Դա մեր բոլորի պարտությունն էր, այս ոլորտում ձեռքբերում չունենք: Տպագիր մամուլն էլ քաղաքական գործընթացների ակտիվացման հետ բեւեռացվեց եւ մի տեսակ դարձել ենք ձախողված, խեղված մամուլի միջոցներ: Դժբախտաբար, հասարակության անվստահությունը լրատվամիջոցների նկատմամբ ավելի խորացավ: Երեւի արժեր Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանն այս փուլում ընդհանրապես հեռացնեին ղեկավարումից: Որպես լրագրող, հասարակության հիմնական մեղքերը բարդում եմ լրատվամիջոցների վրա, մանավանդ՝ հեռուստաընկերությունների: Եթե այսօր Հայաստանում կա կոռուպցիա, դրա մեջ իր մեղքի մեծ բաժինն ունի Հանրային հեռուստաընկերությունը: Հասարակության այս վիճակի պատասխանատուն հեռուստաընկերություններն են:

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ.- Ինձ թվում է, որ 2007-ը օգնեց մեր հասարակությանը շատ բաներ ավելի հստակ հասկանալ եւ թողնել ռոմանտիկ պատկերացումները կյանքի մասին, որը շատ կարեւոր է, քանի որ լուրջ քաղաքական ընտրությունների առջեւ է կանգնած՝ բոլոր առումներով: Եվ զուտ քաղաքական ընտրություններ եւ ընդհանրապես՝ ինչպես նայել կյանքին, ինչպես գնահատել կյանքը, ինչպես կողմնորոշվել այս կյանքում: Եվ առաջին հերթին խորհրդարանական ընտրությունները դրա արտահայտությունն էին: Ինձ թվում է, մարդիկ իրոք սկսեցին հավատալ այն քաղաքական ուժերին, որոնք ավելի կոնկրետ են ներկայացնում այն, ինչ կարող են անել եւ այն, ինչ ուզում են անել, ի տարբերություն նախորդ նախընտրական շրջանների, երբ խոստումները շատ անորոշ էին եւ հիմնականում պարունակում էին մրցակիցների գնահատականներ, ընդհանուր իրավիճակի բացասական գնահատական՝ առանց կոնստրուկտիվ քայլեր առաջարկելու: Միեւնույն ժամանակ, այդ երեւույթն ունի նաեւ իր բացասական կողմը, դա այն է, երբ շատ սառը գնահատելով իրականությունը, մարդիկ նաեւ ընկնում են ապատիայի թակարդը եւ այդ ապատիան թույլ չի տալիս մարդկանց ինքնուրույն մասնակցությունը, ինքնուրույն դերը, անձնական-անհատական դերը տեսնել զարգացումների մեջ: Երեւի դա նաեւ արդյունքն է նրա, որ մեզանում տեղի է ունենում, եւ այս տարի դա ավելի շեշտվեց, ամեն ինչի համակենտրոնացում մի քանի մարդկանց ձեռքերում: Խոսքը եւ սեփականության, եւ քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքի, եւ կարծիք հայտնելու, եւ իրավունքներին տիրապետելու մասին է: Այսինքն, ամեն ինչն այսօր գտնվում է այն մարդկանց ձեռքում, որոնք տիրապետում են երկու հիմնական ոլորտ՝ բիզնես եւ քաղաքականություն: Փաստորեն, մի երկիր, որը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այսօր կախված է նրանից, թե ինչ է ձեռնտու կոնկրետ մարդկանց, որոնց ոչ դաստիարակությունը, ոչ կրթությունը, ոչ հասարակական պատասխանատվությունը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք այսօր կան: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, առայժմ այն զարգացումները, որ տեղի են ունենում, շարունակությունը չեն այն որոշակի ոգեւորությանը, որին մենք ականատես ենք եղել խորհրդարանական ընտրություններից առաջ 1-1,5 ամսվա ընթացքում, երբ մի շարք քաղաքական ուժեր կարողացել են հասարակությանն ակտիվացնել ոչ թե բացասական ուղերձներ հղելով, այլ որոշակի լուսավոր, լավատեսական առաջարկներով, նախաձեռնություններով: Տեսնենք, թե ինչպես կփոխվի իրավիճակը, բայց անմիջապես Նոր տարուց առաջ երեք ամսվա ընթացքում մենք տեսանք, որ հակառակորդի մեջ ամեն ինչ փչացնելու, ամեն ինչ վարկաբեկելու, որեւէ հեղինակություն չթողնելու մարտավարությունն է ընտրված այս ընտրությունների ժամանակ, եւ դա միայն ուժեղացնում է ապատիայի, թերահավատության միտումները, որ կային երկրում: Մնում է հուսալ, որ այն թեկնածուները, որոնք մնացել են ասպարեզում, կհասկանան, որ դա փոխել է պետք, եւ անհրաժեշտ է բաց ու անկեղծ խոսեն ժողովրդի հետ, ավելի շատ առաջարկելով իրենց ծրագրերը իրավիճակը փոփոխելու համար եւ ոչ թե հակառակորդին ոչնչացնելու: Հակառակորդին ոչնչացնելու եղանակները մարդկությունը արդեն վաղուց հասկացել եւ տիրապետում է, իսկ կառուցողական առաջարկներ անելու, կառուցողական ծրագրեր առաջարկելու պրոբլեմը միշտ նոր է ցանկացած իրավիճակում եւ այստեղ է պետք եւ մտքի թռիչք, եւ քաղաքացիական պատասխանատվություն, եւ գիտելիքներ, որոնց առկայությունն առայժմ չենք տեսնում համարյա ոչ մի քաղաքական ուժի մեջ, որը մտել է այս ընտրապայքարի մեջ:

Անահիտ Ադամյան, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ.- Անցած, անցնող ու անցնելիք բոլոր տարիները գնահատում եմ պարզ՝ մեր կյանքի ժամանակը: Սովորաբար՝ անցյալը զուգորդվում է կարոտախտով, երբ տարիները գումարվում են տարիներին, ու հիշողությանդ մեջ մնում է տաքն ու լուսավորը, իսկ ներկան իրականացրած ու չիրականացած որոշումների ժամանակն է, ապագան՝ իրականացնելիք ու չիրականացած նույն որոշումների ժամանակն է, որի հանրագումարն էլ՝ մեր կյանքի ժամանակն է: Հենց այդպես էլ գնահատում եմ 2007-ը՝ մեր բոլորի կյանքի ժամանակը՝ իր կորուստներով ու հայտնություններով, տաք ու պաղով, թարս ու շիտակով, որ սկզբունքային ոչ մի տարբերություն չունի ոչ անցյալ, ոչ ապագա մեր տարիներից, որովհետեւ մենք մնում ենք՝ ինչ կանք, ու մեր կյանքը ապրում ենք՝ ինչպես կարողանում ենք: Ու՝ պետք չէ ոչ լավատեսություն, ոչ հոռետեսություն, իրատեսությունն է միակ բանալին, որ փակում է չբացելիք դռները ու բացում՝ հնարավորը:

Թե ինչպիսին կլինի 2008-ը, որ սկսվում է նախագահական ընտրություններով, չսպասեք ոչ մի գնահատական: Մարդն ամեն օր է ընտրության առաջ՝ իր ծննդից սկսած, ու անընդհատ ընտրում ենք, երբեմն՝ ակամա, երբեմն՝ սովորույթով, երբեմն՝ հարկադրաբար, բայց անընդհատ ընտրում ենք՝ ինչ հագնել, ուր գնալ, ում տեսնել, ինչ անել, ինչ ասել, ու նույնը եւ ավելին՝ չանելու դեպքում: Ու այս անընդմեջ ընտրության շրջանակում նախագահական ընտրությունները մի դրվագ են՝ մանավանդ, երբ որոշակի տարիքում արդեն քեզ համար պատասխանել ես՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել եւ ո՞ւր ենք գնում հավիտենական հարցերին:

Իսկ Ձմեռ պապից ակնկալիքներ ունեմ լիքը-լիքը, եւ՝ որ անպայման շարունակվի հեքիաթը, այն հեքիաթը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր հոգում:

Հեթանոս հայերը օգոստոսին էին շրջադարձում տարին, ու՝ ոչինչ, հասանք, չէ՞, 2007-ին ու մի քանի օրից՝ 2008-ին… Ու աշխարհում դեռ կան մարդիկ, ում համար բոլորովին էլ 2007 թվականը չէ, եւ նոր տարին էլ հունվարի 1-ով չի սկսվում… Կարեւորը՝ ՏԵՐ մնալ հնարովի ու իրական պայմանականությունների մեջ ու չկորցնել ժամանակի զգացողությունը:

Եվ՝ այնուամենայնիվ՝ «Բարի կաղանդ ձեզ ու բարի պատրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել