Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանում գտել եմ սերս»

Դեկտեմբեր 27,2007 00:00

Կրկեսի ուկրաինացի արտիստուհի Յուլյա Լադովան ոչ միայն կյանքը կապում է հայի հետ, այլեւ ուզում է դառնալ հայաստանյան Յուլյա Տիմոշենկո:

Երեւանյան կրկեսում 1985թ. գեղարվեստական ղեկավարի, 2003-ից էլ, նաեւ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո, կրկեսի ճանաչված արտիստ Սոս Պետրոսյանի անձնական կապերի շնորհիվ Հայաստանում պայմանագրային հիմունքներով հանդես են գալիս արտերկրի ճանաչված արտիստներ: Այս տարվա կրկեսային շրջանի մեկնարկից՝ հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը հրավիրված արտիստների թվում հանդես էր գալիս ուկրաինական կրկեսի աստղ Յուլյա Լադովան: «Առավոտին» պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ հանդիսականների խնդրանքով Յուլյայի պայմանագիրը երկարացվել է դեկտեմբերի 29-ից հունվարի 13-ը, արտիստուհին մերժել է արեւմուտքի այլ հրավերներ, նախընտրել է երեւանյան կրկեսը: Յու. Լադովան հանդես կգա ամանորյա «Պույ-պույ մկնիկի արկածները» ծրագրում: Արտիստուհին ե՛ւ օդային մարմնամարզուհի է, ե՛ւ ձեռնածու, նա կարողանում է ոտքերի օգնությամբ ցուցադրել համարներ՝ գնդերով, օղակներով, կրակներով եւ այլն, ինչը, պարոն Պետրոսյանի հավաստմամբ, կրկեսային արվեստում հազվագյուտ հանդիպող երեւույթ է:

Արտիստուհու հետ հանդիպման սկզբում «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս բացատրել այն, որ հրաժարվելով եվրոպական ճանաչված կրկեսների արենաներից ու բարձր հոնորարներից, ինքը ընտրել է երեւանյան հյուրախաղերը, Յու. Լադովան պատասխանեց, որ առաջին անգամ մեր կրկեսում աշխատել է 2006-ին, ընդամենը 2 ամիս. «Հայաստանում ես զգում եմ ինձ ինչպես իմ ծննդավայրում՝ Դոնեցկում: Այստեղ աննկարագրելի հոգատարությամբ եմ շրջապատված, մի բան, որ բացակայում է Արեւմուտքում: Նույն ջերմությունը զգում եմ հանդիսականի կողմից: Ինչ վերաբերում է հոնորարին, ես ունեմ իմ դրույքը եւ հավատացնում եմ, որ եթե լավ արտիստ ես, ապա երբեք հոնորարի խնդիր չես ունենա»: Մեր զրուցակիցը պատմեց, որ ինքը սպորտի վարպետ է եղել գեղարվեստական մարմնամարզությունից եւ վնասվածքի պատճառով ժամանակին թողնելով սպորտը՝ արդեն 5 տարի «հանգրվանել» է կրկեսում: Վերջինիս մասին Յուլյան երազել է 4 տարեկանից: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ հնարավո՞ր է արտիստուհին ընդմիշտ մնա մեր կրկեսում, նա պատասխանեց. «Այդպես էլ կա, քանի որ այստեղ գտա այն տղամարդուն, որի հետ պատրաստվում եմ կապել կյանքս»: Տարակուսանքին էլ՝ մի՞թե Յուլյան ծանոթ չէ հայկական մենթալիտետին՝ հայ տղամարդը թույլ չի տա, որ իր կինը հյուրախաղերով հանդես գա այլ երկրներում, արտիստուհին ասաց. «Ես սովորում եմ Դոնեցկի ռազմական ինստիտուտում եւ ստանալու եմ մաքսային ու հարկային ոլորտում ծառայողի որակավորում: Հայրս զինվորական է, մայրս՝ բիզնեսմեն, ես էլ ընտանիքում միակ երեխան լինելով՝ սիրում եմ ղեկավարել: Ու քանի որ կրկեսի արտիստները աշխատում են մինչեւ որոշակի տարիք, դրանից հետո, հավանաբար, Երեւանում աշխատանքի կանցնեմ՝ ուսմանս համապատասխան»: Մեր մյուս հարցին էլ՝ գուցե՞ ցանկանում է դառնալ «հայաստանյան» Յուլյա Տիմոշենկո, Յուլյա Լադովան հանկարծակիի չեկավ. «Չի բացառվում, մանավանդ որ ես, ինչպես նշեցի, սիրում եմ ղեկավարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել