Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՎԱՆ

Դեկտեմբեր 27,2007 00:00

Ամանորն ավանդաբար հետաքրքիր էր անցնում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում:

Շնորհիվ դատապարտյալների, տարիներ առաջ զարդարվում էին խցերը, խմորից պատրաստված տոնածառերին դատապարտյալները կախում էին իրենց հարազատների, երեխաների լուսանկարները: Երբեմն բարեգործներ էին այցելում ազատազրկման վայրեր, ռադիոներ, հեռուստացույցներ նվիրում հիմնարկներին: Իսկ դա նշանակում էր, որ դահլիճներում տեղադրված հեռուստացույցների միջոցով հնարավոր էր հեռակա ուրախանալ ազատության մեջ Ամանորը նշողների համար էլ:

Այս տարի Ծննդյան տոները սկսվեցին երկու օր առաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը սննդամթերք եւ վարժասարքեր նվիրեց դատապարտյալներին ու տեղի մարզադահլիճին:

«Սեւան» եւ «Կոշ» գաղութների համար «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը խոստացել էր տոնածառ տրամադրել, սակայն երեկվա դրությամբ տոնածառերը տեղ չէին հասել: Չնայած մեր տեղեկություններով, վերոնշյալ հիմնարկների վարչակազմերի շնորհիվ ճաշարաններում տեղադրվել էին տոնածառեր:

Բնական տոնածառ ունեին միայն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Այնտեղ կանայք են ու անչափահասներ: Բնական տոնածառը զարդարեցին անչափահաս դատապարտյալները: Շտապեմ նշել, որ բնական տոնածառը որեւէ մեկը չի գնել, չի կտրել. այն գաղութի ցմահ «դատապարտյալներից» է:

Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, բնականաբար՝ չի թույլատրվելու կախել «սուր-կտրող» խաղալիքներ: Այսինքն՝ դրանք չեն լինելու ապակյա՝ այլ փափուկ խաղալիքներ: Փափուկի համար դատապարտյալները սեւ հումոր են անում. ամենափափուկ խաղալիքը, ըստ նրանց, իրենց նկատմամբ կայացրած դատավճիռներն են: Ի դեպ, դատապարտյալներից մեկը «իր տոնածառին» (կակտուսի վրա) կախել էր դատավճիռների եզրափակիչ մասի «փափուկ հատվածը», ինչը պատճառ էր դարձել, որ նրան պայմանական վաղաժամկետ ազատազրկման չենթարկեին:

Դատապարտյալների համար լավագույն նվերը հեռախոսի քարտն է, որ հնարավորություն է տալիս նրանց կապվել արտաքին աշխարհի հետ, «լսել դրսի ձայները»: Նշեմ, որ մաղթանքներից շատերը կախվել էին տոնածառերի վրա. «Շառից, փորձանքից, դատավորներից հեռու», «Կռիսի տարվան կռիսություն մի արա», «Սիրիր մերձավորին, եթե անգամ դատապարտյալ է»: Դատապարտյալների հանձնուքների մեջ չի լինի ոգելից խմիչք եւ նախկինի պես ուժեղացված կլինեն ընդունում-հանձնումները: Ամանորի կապակցությամբ նրանց սննդամթերքը բազմազան կլինի: Անուշեղենը զգալի տեղ կգրավի: 700 դրամանոց օրապահիկը կհասնի 1200 դրամի:

Ամանորին ընդունված էր, որ բարեգործական համերգներով եւ զվարճալի ծրագրերով հանդես էին գալիս երգիչներն ու դերասանները: Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատուն նման տեղեկատվություն չուներ:

Ի դեպ, առանձնապես պասիվ էին բարեգործներն ու գործարարները, որոնք սպասարկում են հիմնականում ուղղիչ հիմնարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել