Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրին՝ տարվա սկանդալային քաղա՞ք

Դեկտեմբեր 27,2007 00:00

Գյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում:

Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները վստահ են, որ, օրինակ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու շնորհիվ՝ դարեր հետո էլ սերունդները կհիշեն 2007-ի մայիսին, օրը ցերեկով քաղաքի կենտրոնում տեղի ունեցած «Քաջ Սպարտակի ու Ռուստամի մենամարտը»: Այն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ եւ, ամենայն հավանականությամբ, մարդկային զոհերով, քանի որ հենց այդ օրն էլ անհետացավ գյումրեցի 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանը: Տղայի «առեղծվածային» մահը մինչ օրս, ըստ էության, չի բացահայտվել: Անցնող տարում արտառոց պատմություններից չեն մոռացվի նաեւ Գյումրիի քաղաքապետի դեմ կատարված մահափորձը, իշխանությունների՝ «Գալա» հեռուստաընկերությանը եթերազրկելու ջանքերը եւ Վ. Ղուկասյանի հրահանգով քաղաքի գլխավոր հրապարակի տասնյակ եղեւնիների զանգվածային հատումները: Ու չնայած նրան, որ քաղաքապետը խոստացել էր հատված եղեւնիների ճյուղերից գյումրեցիների համար հրապարակում մեծ տոնածառ զարդարել, սակայն նրա խոստումն այդպես էլ չիրականացավ: Քաղաքապետը եղեւնու փոխարեն սոճի է զարդարել:

Այս օրերին քաղաքը փոքր-ինչ աշխուժացնում են կուսակցությունները: ԲՀԿ-ականները նախորդ տարվա պես ցուցակ են կազմել՝ ծանոթ-բարեկամների տները կուսակցական Ձմեռ պապիներ ու Ձյունանուշներ ուղարկելու համար: ԱԺՄ մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանի կարծիքով. «Շատ տխուր է, որ շահամոլությունը թափանցում է նաեւ Ձմեռ պապերի աշխարհ, լավ չէ, որ այս տոնին էլ քաղաքական-կուսակցական թեքում են տալիս, Ձմեռ պապը պետք է բարի լինի եւ տոպրակներ բաժանի բոլոր մանուկներին, ոչ թե ծանոթով՝ նախապես գրված ցուցակներով: Իսկ քաղաքային միջոցառումների մասին կասեի, որ դրանցից նավթալինի հոտ է գալիս, կոմունիստական ժամանակաշրջանի աղավաղված ձեւով են կազմակերպում եւ որեւէ հետաքրքիր նորություն չկա: Իսկ ամենացավալին այն է, որ գյումրեցիները համակերպվել են, որ քաղաքը պետք է տխուր լինի: Նույնիսկ ակնկալիք, սպասելիք չունենք: Հետո էլ ասում են, թե գյումրեցիները սիրում են Նոր տարին տանը նշել: Էդ ե՞րբ մի խելքը գլխին համերգ, շոու կազմակերպեցին, որ գյումրեցիներն էլ չմասնակցեցին»:

Ամանորյա շոուներ ծրագրելու փոխարեն քաղաքային ու մարզային իշխանությունները նույնիսկ այս օրերին զբաղված են մարդկանց բնակարաններից վտարելու գործով: Անգամ այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում քաղաքի բնակիչներից մեկը՝ Ջուլիետ Եգանյանը, ասուլիս է հրավիրել իրեն տոնական «սյուրպրիզ» մատուցելու՝ բնակարանից վռնդելու թեմայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել