Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք ներքաշվելու»

Դեկտեմբեր 27,2007 00:00

– Դուք հանդուրժո՞ղ մարդ եք, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ընդդիմախոսներին:

– Կարծում եմ՝ հանդուրժող եմ: Համենայնդեպս, ի տարբերություն երկիրը կազմաքանդելու, ապամոնտաժելու եւ հասարակությունը պառակտելու կոչերի, որ հնչում են ընդդիմադիր որոշ ճամբարներից, վստահ եմ, չեք ժխտի, որ ես, որպես նախընտրական շտաբի պետ, հնարավորինս կոռեկտ եմ մեր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ: Ոչ թե այն պատճառով, որ պատասխանելու եւ ասելու բան չկա: Ուղղակի, եթե մենք որոշենք ներքաշվել մեզ համառորեն առաջարկվող ցածրորակ եւ բովանդակազուրկ այդ բանավեճի մեջ՝ դրանով մենք վիրավորած կլինենք մեր քաղաքացիներին, որոնք մեր թեկնածուից եւ մեզանից սպասում են կոնկրետ գործ, ինչը հետեւողականորեն արվում է:

– Ձեր կարծիքով, հեռուստաընկերությունները, մասնավորապես՝ «Հ1»-ը բարի՞ է, հանդուրժո՞ղ է, կոռե՞կտ է ընդդիմության նկատմամբ:

– Իսկ ձեր կարծիքով տպագիր մամուլի որոշ միջոցներ հանդուրժող եւ կոռե՞կտ են իշխանության հանդեպ: Ես չգիտեմ, թե ի՞նչ ասել է լրատվամիջոցի բարիություն, բայց որ ցանկացած լրատվամիջոց պետք է լինի օբյեկտիվ եւ պահպանի լրագրության էթիկայի նորմերը, դա անժխտելի է: Խոսքի ազատությունը մեզանում արմատավորված մեծագույն արժեք է, իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը, ապա, կարծում եմ, տվյալ հեռուստաընկերությունն իր «ձեռքը» պահում է հասարակության զարկերակին, ինչի վկայությունն է Հանրայինի ինֆորմացիոն թողարկումների բարձր վարկանիշը, օրինակ՝ Երեւանում, որտեղ զուգահեռ հեռարձակվում է շուրջ քսան հեռուստաալիք:

– Սովորաբար բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներում հիմնական դժգոհությունն այն է, որ իրենք իրենց ընտանիքի հորը տանը գրեթե չեն տեսնում: Հավանաբար, ձեր ընտանիքում եւս կա նման դժգոհություն: Ինչո՞վ եք դուք այն լրացնում:

– Նման դժգոհություն, բնականաբար, կա, որովհետեւ շատ հաճախ, երբ ես ավարտում եմ աշխատանքս ու տուն եմ հասնում, տնեցիները վաղուց արդեն քնած են լինում: Բայց որքան էլ զբաղված լինեմ, այն ժամանակը, որ հատկացնում եմ մերձավորներիս, աշխատում եմ լրացնել հոգատարությամբ եւ սիրով: Եվ քանի որ ընտանիքիս տրամադրված ժամանակն այնքան էլ շատ չէ, ինձ համար այն կրկնակի թանկ ու անգնահատելի է:

– Ձեր ամանորյա բարեմաղթանքները:- Իմ բարեմաղթանքն ավանդական է՝ խաղաղություն եւ կայունություն մեր երկրին, սեր եւ համերաշխություն բոլոր ընտանիքներին ու նաեւ՝ համբերություն եւ լավատեսություն ապագայի հանդեպ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել