Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական շարժում՝ հանուն Հայաստանի»

Դեկտեմբեր 27,2007 00:00

Այս նախաձեռնության մասին երեկ ազդարարեց «Օրինաց երկրի» կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը:

Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց իր մտահոգությունները նախագահական ընտրություններից առաջ հեռուստաեթերի տրամադրման ակնհայտ անհավասարության կապակցությամբ, երբ իշխանության թեկնածուի հասցեին արվում է «միակողմանի եւ ներբողային քարոզչություն: Խոսքը մի քանի հազար անգամ, երեւացո՛ղ, տարբերության մասին է: Մենք նույնպես իրականացնում ենք դիտարկում, որի արդյունքները հրապարակելու ենք»:

Մեկ այլ մտահոգություն վերաբերում էր շարունակվող վարչական «բիրտ» ճնշումներին՝ «Քաղաքական գործընթացներին տեղական, մարզային, ուժային կառույցների ուղղակի միջամտությանը, որը լուրջ հարված է հասցնում առաջիկա նախագահական ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու վերաբերյալ շարունակ թմբկահարվող պնդումներին»:

Եվ քաղաքական դաշտում Արթուր Բաղդասարյանի համար 3-րդ մտահոգիչ իրողությունը «կեղծ հարցումների կազմակերպումն է, որի միջոցով տեղի է ունենում հասարակության ուղեղների զանգվածային լվացման գործընթաց»: Մասնավորապես «Գելափի» հարցման կապակցությամբ հիշեցրեց, թե այդ կազմակերպությունն ընդամենը նախապատրաստում եւ համակարգում է, իսկ «հարցումն իրականացնում է բոլորին քաջածանոթ Գեւորգ Պողոսյանը եւ նրա ղեկավարած Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը: Եվ այդ հարցումները տեղի են ունենում մարդկանց բնակարաններում: Նույն «Գելափի» հարցումներով՝ մարդկանց 60%-ից ավելին վախեցած է: Հիմա դուք պատկերացրեք՝ գնում են մարդկանց տներ, որոնց 60%-ը վախեցած է, հարցնում՝ ո՞ւմ ձայն կտաս: Բնականաբար, շատ շատերը չեն կարող արտահայտել շիտակ դիրքորոշում, որովհետեւ գյուղապետերի հիմնական մասն իշխող կուսակցության թեկնածուների քարոզով են զբաղված»: ՕԵԿ նախագահն այդ կապակցությամբ ունի առաջարկ. «Մենք առաջարկում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ կազմենք պրոֆեսիոնալ սոցիոլոգների 2-3 հոգուց բաղկացած խմբեր, կազմակերպենք իրական սոցհարցում: Թող լինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, պրոֆեսիոնալ ընտրանք տեղի ունենա, եւ խումբը կազմակերպի այդ հարցումներն ու հրապարակի, որ ոչ մեկի համար գաղտնիք չլինի այդ հարցումների հավաստիության աստիճանը»:

Քաղաքական դաշտում իբրեւ լավ լուր՝ Արթուր Բաղդասարյանը մատուցեց. «Վախի մթնոլորտի կոտրվելը հայ քաղաքական իրականության մեջ: Դրա կոնկրետ դրսեւորումներից մեկն էլ թեկուզ այն է, որ Երեւանում կազմակերպվող հանրահավաքներին, չնայած կիրառվող բիրտ ճնշումներին, մարդիկ շարունակում են մասնակցել: Սա համարում եմ լավ սկիզբ»:

Արթուր Բաղդասարյանն ազդարարեց, թե 2008-ից սկսում են քաղաքացիական շարժում՝ հանուն ազատ մարդու, ժողովրդավարության, տնտեսապես ու սոցիալապես ամուր եւ մրցունակ պետության. «Արդեն իսկ Հայաստանում ձեւավորվել են մեզ աջակցող շուրջ 10 հազար քաղաքացիական աջակցության խմբեր: Այդ խմբերում ներգրավված են մարդիկ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, որովհետեւ սրանք կուսակցական ընտրություններ չեն: ՀՀ նախագահի ընտրությունները վերաբերում են յուրաքանչյուր մեր հայրենակցի, յուրաքանչյուր ընտանիքի, եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքացիական ակտիվության դրսեւորումը առաջիկա նախագահական ընտրապայքարում»: Նաեւ տեղեկացրեց, թե ՕԵԿ-ը հունվարից սկսելու է կազմակերպել հանրահավաքներ:

Հ. Գ. «Հետք» էլեկտրոնային կայքէջի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել ՕԵԿ նախագահին. «Ինչո՞ւ եք միտումնավոր աղավաղում Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը: Ինչո՞ւ «կոռումպացված, հանցավոր վարչախումբը կազմաքանդել» արտահայտությունը դարձրիք «պետաիշխանական բուրգը քանդել»: Դուք ընդհանրապես դե՞մ եք հանցավոր վարչախմբերը կազմաքանդելուն», եւ Արթուր Բաղդասարյանի առաջադրման գրասենյակը մասնավորապես պատասխանել էր. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի է ունեցել ոչ թե պետաիշխանական համակարգը, այլ հանցավոր ու կոռումպացված խմբավորումները կամ բուրգը, ապա դա մենք պաշտպանում ենք»: Երեկ էլ «Առավոտը» հետաքրքրվեց, թե Արթուր Բաղդասարյանը վերանայե՞լ է այս կապակցությամբ իր տեսակետը, որ արտահայտեց ՕԵԿ համագումարում: «Մեր հրապարակային տեսակետները պահպանում են իրենց գործողությունը: Յուրաքանչյուր նախադասություն կարելի է ընկալել այս կամ այն կերպ: «Հետք»-ին տրված պատասխանում բավական սպառիչ ասված է»,- պատասխանեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել