Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»

Դեկտեմբեր 27,2007 00:00

\"\"Սերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

– 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման առանցքային ուժի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ շարժման համար նախընտրական առաջին փուլը:

– Նախ՝ արձանագրեմ, որ այն, ինչ ծրագրավորել էինք անել, առաջին հերթին՝ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի՝ հասարակության հետ շփումների իմաստով, հաջողությամբ իրականացվեց, եւ մենք բոլորս դրան ականատես եղանք: Սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահի առաջին հրապարակային ելույթին հաջորդեցին բավականին ստվարաթիվ ու զանգվածային հանրահավաքներ, որոնց ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի, նաեւ որոշակի լուծումներ առաջարկեց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, կոռուպցիայի, արդարադատության համակարգի եւ մի շարք այլ կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Հասարակական գիտակցության մեջ իսկապես ճեղքում տեղի ունեցավ, եւ Լ. Տեր-Պետրոսյանն այս պահի դրությամբ նախագահի թիվ մեկ թեկնածուն է համարվում, եւ պատահական չէ, որ հենց նրա շուրջ են կառուցվում ընտրական գործընթացները, մնացած թեկնածուների, նաեւ իշխանության թեկնածուի, իշխանական վարչակարգի բոլոր քայլերը ուղղվում են Տեր-Պետրոսյանի դեմ: Դա են վկայում հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող լուրերն ու մատուցվող վերլուծությունները, որոնք քարոզարշավ են ոչ թե հօգուտ իրենց թեկնածուի, այլ՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի: Այն, որ իրենք բոլոր հեռուստաընկերությունները փակել են Տեր-Պետրոսյանի թիմի առաջ, ընդգծում է այն անելանելի վիճակը, որում հայտնվել են ընտրություններից առաջ: Կարծում եմ, առաջին փուլի գնահատականը բավականին բարձր է, թեեւ կարող էր ավելի լավ լինել: Նկատի ունեմ քաղաքական դաշտի համախմբման հետ կապված որոշակի պրոբլեմները, միասնական թեկնածուի հարցը, թեեւ ինքս համարում եմ, որ Տեր-Պետրոսյանը միանշանակ արդեն ընդդիմության միասնական թեկնածուն է: Գաղափարական բանավեճ կարող է լինել միայն ՀՅԴ-ի եւ այդ կուսակցության թեկնածուի հետ: Մյուսների հետ բանավեճի որեւէ հնարավորություն, նկատի ունեմ թեկնածուների ասելիքն ու տեսակետները, իմաստ չեն ունենալու:

– Իսկ ընդդիմադիր դաշտի ոչ լիարժեք համախմբումն ու այլ թեկնածուների առաջադրումը կարո՞ղ են ազդել առաջին նախագահի ստանալիք քվեների վրա:

– Ստանալիք քվեների վրա չի ազդելու: Տեր-Պետրոսյանը ստանալու է այն, ինչ ստանալու է, եւ դա լինելու է լիարժեք ու բավարար՝ նախագահ դառնալու համար: Իսկ հոգեբանական առումով որոշակի խնդիրներ կան: Եթե այդ թեկնածուները համարժեքորեն վերագնահատեն ստեղծված իրավիճակն ու կանգնեն այսօր ձեւավորված շարժման կողքին, կարծում եմ՝ ամեն ինչ շատ ավելի կհեշտանա: Բայց համոզված եմ, որ դա բացարձակապես չի խանգարելու մեր խնդրի լուծմանը՝ փետրվարի 20-ին մեր երկիրը կունենա Լեւոն Տեր-Պետրոսյան անունով նախագահ:

– Ինչի՞ վրա է խարսխվելու Տեր-Պետրոսյանի թիմի մարտավարությունը՝ իշխանություններից հասարակության դժգոհությա՞ն, թե՞ այլ բանի վրա:

– Դժգոհության ալիք, իրոք, կա, եւ փաստ է, որ հասարակությունն ուզում է տեսնել մի բեւեռ, որի միջոցով կարող է ազատվել գործող իշխանությունից: Սկզբնական շրջանում բավականին մեծ զանգված կողմնորոշվում էր դեպի Տեր-Պետրոսյանը հենց այս դժգոհությունից ելնելով: Բայց Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթներից հետո արդեն աստիճանաբար ականատեսն ենք այն բանի, որ դեպի առաջին նախագահն են հակվում ոչ թե ընդդեմ այս իշխանությունների, այլ՝ հանուն երկրի ապագայի, որովհետեւ տեսնում են, որ միայն նրա միջոցով է հնարավոր երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, Հայաստանը՝ որպես արժանապատիվ երկիր, համաշխարհային հանրության շարքերը վերադարձնել: Կարծում եմ, մեզ բոլորիս համար հպարտություն է միջազգային ասպարեզում ունենալու այս կարգի նախագահ: Որեւէ մեկը չի պատկերացնում, որ որպես երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանը կարող է ՀՀ-ն արժանապատվորեն ներկայացնել միջազգային ասպարեզում:

– Որքանո՞վ եք կարեւորում «դրսի» աջակցությունը կամ ստացվող դրական ու բացասական ազդակները:

– Ես դա շատ չեմ կարեւորում: Մեզ համար շատ ավելի կարեւոր է մեր ժողովրդի կարծիքն ու տեսակետը: Բայց, իհարկե, շատ ավելի հաճելի է, երբ միջազգային հանրությունն էլ է լրջորեն հետեւում Հայաստանում ընթացող պրոցեսներին: Կարծում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվեր, Հայաստանը չէր արժանանա այն ուշադրությանը, որին մենք ականատես ենք:

– Ըստ տարբեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանի պաշտոնական առաջադրումից հետո նրա նկատմամբ որոշակի դրական ազդակներ են փոխանցվում նաեւ պետական կառույցներից: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը եւ ինչպիսի՞ն է իրավիճակն այդ իմաստով:

– Ի տարբերություն 2003թ. նախագահական ընտրությունների, երբ վարչական ամբողջ համակարգը որեւէ կերպ չէր արձագանքում հասարակության կողմից իրականացվող զանգվածային միջոցառումներին, այսօր այդ համակարգերում լիովին այլ վիճակ է: Պետական վարչական բուրգի ստորին հատվածները, գրեթե ամբողջությամբ, համակրում են Տեր-Պետրոսյանին, միջին հատվածներում դեռեւս քննարկումներ են գնում: Նրանք դեռ ուզում են անմասն մնալ եւ չաջակցել որեւէ կողմին: Բայց հասարակական այս լայն շարժման ծավալումը, այն էլ ընտրություններից երկու ամիս առաջ, բավականին լուրջ եւ լավատեսորեն մտածելու հիմքեր է տալիս:

– Ձեր գնահատմամբ, որքա՞ն են այս պահի դրությամբ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի շանսերը:

– Ձայների առումով Սերժ Սարգսյանը բացարձակ շանս չունի նախագահ ընտրվելու, իսկ, առավել եւս, ազատ ու արդար ընտրությունների դեպքում նա 9 թեկնածուների թվում կարող է կիսել 7-9-րդ տեղերը: Դա միանշանակ է, եւ դա կարող է ասել ցանկացած քաղաքացի: Փորձել կեղծիքներ անել… համոզված եմ, որ դա իրեն չի հաջողվի: Ինքը փորձելու է կեղծել, որովհետեւ այլ շանս չունի եւ հասկանում է դա: Բայց համոզված եմ, որ եթե ինքն ու իր շրջապատը իրավիճակը սթափ գնահատեն, Ս. Սարգսյանը կհանի իր թեկնածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել