Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ

Դեկտեմբեր 26,2007 00:00

«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այն գնահատականին, թե 1996թ.-ին իր գլխավորությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը «բոլշեւիկյան-հեղափոխականության» դրսեւորում են եղել: Դա հերքելու համար ԱԺՄ նախագահն իր տեսանկյունից ներկայացրեց այդ ընտրություններից առաջ երկրում ստեղծված իրավիճակը. գործող իշխանությունների դեմ առկա դժգոհության մեծ ալիք, մինչ այդ՝ 95-ի ԱԺ ընտրությունների ժամանակ կիրառված բռնությունների եւ կեղծիքների դառը փորձ եւ այլն: Ըստ Վ. Մանուկյանի, ընդդիմադիր դաշտում 96-ի ընտրություններին մասնակցելու մասով տարբեր տեսակետներ են եղել: Ոմանք առաջարկել են ընդհանրապես չմասնակցել նախագահական ընտրություններին՝ համարելով, որ միեւնույն է՝ դրանք կեղծվելու են, իսկ ընդդիմության մասնակցությունը ընդամենը լեգիտիմացնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Ի վերջո, ԱԺՄ-ն, նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը միավորվել էին եւ հայտարարել՝ որպես միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանելու մասին: «Պետք է խոստովանեմ, որ ի տարբերություն 95-ի, 96-ին մեր նկատմամբ մինչեւ ընտրությունների օրը որեւէ բռնություն չի եղել, թեեւ հեռուստատեսությամբ, իհարկե, մասնավորապես իմ դեմ թույն թափվում էր: Ընտրություններից մեկ-երկու օր առաջ Թատերական հրապարակում մենք ամփոփիչ հանրահավաք հրավիրեցինք: Հստակ էր, որ մենք հասարակության շրջանում լուրջ աջակցություն ունեինք, ու այդ հանրահավաքում ոչ թե ագրեսիա էինք սերմանում, այլ՝ ուրախություն, երջանկություն, որովհետեւ վստահ էինք, որ ընտրություններից հետո երկիրը փոխվելու է: Ընտրությունների գիշերը, երբ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկ էր գնում, մենք հավաքվեցինք հրապարակում: Ըստ օրենքի, մեր ներկայացուցիչները այդ հաշվարկներից հետո ստանում էին քվեարկության արձանագրության պատճենները, որոնք հրապարակում ընթերցվում էին: Ամեն մի այդպիսի արձանագրության մեջ առաջին տեղում ես էի, երկրորդում՝ Տեր-Պետրոսյանը, ինչը հավաքվածները մեծ ոգեւորությամբ էին ընդունում: Գիշերվա ժամը 1-ի կողմերն արդեն ամբողջ հանրապետությունով հրահանգ եղավ՝ փակվեցին ընտրատեղամասերը, մեր մարդկանց դուրս հանեցին տեղամասերից, եւ հաշվարկը գնաց մեզ համար անհասկանալի ձեւով: Անցավ մեկ օր, հայտարարվեց, որ հաղթել է Տեր-Պետրոսյանը, նա շամպայնի բաժակ բարձրացրեց, եւ այդ ամենը ավելի բորբոքեց ժողովրդի զայրույթը»,- ներկայացրեց ԱԺՄ նախագահը:

Նրա մատուցմամբ, այդ պահից ի վեր միասնական ընդդիմության ղեկավարությունը սկսել էր քննարկել իրավիճակից ելքի հնարավոր ճանապարհները: Ի վերջո, որոշվել էր գնալ ԿԸՀ եւ պահանջել, որ ամեն մի մարզից կամ շրջանից երեք քվեատուփ բացվի, որոնց վերահաշվարկված արդյունքների միջինացվածին ընդդիմությունը կհամաձայնի: «Ժողովուրդը հավաքվեց Թատերական հրապարակում, գնացինք ԱԺ, որտեղ ԿԸՀ-ն էր գտնվում: Բանակցում էի ԿԸՀ նախագահի հետ: Այո, ես արտահայտություն արեցի, որ եթե չգամ՝ կգաք իմ ետեւից: Ես մտածում էի, որ դա բավականին լարվածություն է առաջացնելու, բայց չէի սպասում, որ հնարավոր էր դարպասներ ջարդել. մտքովս չէր անցնում: Դա անհնարին էր թվում: Բանակցություններն արդյունքի չէին բերում: Ինձ համար կարեւոր էր դրսում ժողովրդի հավաքված լինելը, որովհետեւ կարծում էի, որ նրանց ճնշման տակ իշխանությունները կգնան զիջումների: Բայց՝ ոչ: Իհարկե, վերջում, երբ մարդիկ արդեն սկսեցին դարպասները ջարդել, ԿԸՀ նախագահն ասաց, որ կհավաքեն ԿԸՀ անդամներին եւ կորոշեն՝ ինչ անել: Այդ պահին ինձ զանգեց Բաբկեն Արարքցյանն ու ասաց, որ դարպասները ջարդում են՝ «այս ձեւո՞վ եք պայքարում իշխանության համար, ես հիմա դուրս եմ գալու ժողովրդին բացատրեմ ինչն-ինչոց է»: Ես ասացի՝ «Բաբկեն, լավ չես պատկերացնում իրավիճակը, դուրս մի արի», որովհետեւ գիտեի, թե ժողովուրդը որքան զայրացած էր. մարդիկ համարում էին, որ իրենց ձայները խլել են: Հետո եղան հայտնի դեպքերը: Իհարկե, դրանից առաջ էլ լարվածություն կար, ու դա պայմանավորված էր ոչ միայն ընտրությունների արդյունքների կեղծումով, այլեւ նրանով, որ արդեն ձերբակալություններ էին սկսվել, ճանապարհները փակվում էին, որ շրջաններից մարդիկ չգան: Ու այդ իրավիճակը ոչ թե վախեցնում էր ժողովրդին, այլ ավելի էր բորբոքում: Մնացած դեպքերն արդեն բռնություններ էին իշխանության կողմից: Ես երբեք չէի ցանկանա, որ Բ. Արարքցյանի հետ, եւ ոչ միայն նրա, տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ: Քաոսի ժամանակ կարող էին գտնվել մարդիկ, որոնք կօգտվեին առիթից՝ իշխանությունից վրեժխնդիր լինելու համար: Ինձ համար դա ցավալի էր կրկնակի, որովհետեւ Բ. Արարքցյանն իմ ընկերն էր, եւ ես նրա դուստրերի կնքահայրն եմ եղել: Դա ինձ համար կարեւոր նշանակություն ուներ: Հաջորդ օրը ես պատրաստվում էի հայտարարություն անել, ընդհուպ՝ ներողություն խնդրել, որովհետեւ այդ դեպքերի համար պատասխանատվություն էի կրում: Բայց գիշերվա ընթացքում հավաքեցին ընդդիմադիր պատգամավորներին եւ արդեն կարգադրված ծեծի ենթարկեցին ուժային կառույցների ներքնահարկերում: Դրանից հետո խոսել Բ. Արարքցյանի նկատմամբ բռնությունների մասին՝ դարձավ անիմաստ»,- ներկայացրեց Վ. Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել