Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները շարունակում են բողոքել

Դեկտեմբեր 26,2007 00:00

Ետընտրական զարգացումներ՝ Իջեւանում

Դեկտեմբերի 16-ին Իջեւանում կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցներն էին ՀՀԿ-ական Կամո Մարկոսյանը եւ անկուսակցական Հայկազ Ալավերդյանը։ ՀՀԿ-ական թեկնածուին անթաքույց սատարում էր մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը, որի հարաբերությունները գործող քաղաքապետի հետ, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն։ Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը» (18.12.07), ընտրության նախօրեին մարզի ոստիկանապետի հովանավորությանն արժանացած թեկնածուի ներկայացուցիչների կողմից եղել են կասկածելի գործողություններ։

ՀՀԿ-ական պարտված թեկնածու Կամո Մարկոսյանը կամ, ինչպես նրան Իջեւանում գիտեն՝ «Ցուցռուկանց» Կամոն, ընտրության արդյունքները բողոքարկել էր եւ երկու օր թիվ 41 ՏԸՀ-ն մանրամասն վերահաշվարկում էր քվեաթերթիկները։ Վերահաշվարկին անձամբ ներկա էր թեկնածուն՝ իր վստահված անձանց հետ միասին։ Սակայն դրանից հետո էլ քվեարկության արդյունքը չէր փոխվել։ Այն, որ այս պարտության հետ չեն հաշտվում ոչ Կամո Մարկոսյանը, ոչ էլ նրան հովանավորող մարզային ոստիկանությունը, փաստում է նրանց համատեղ կազմով՝ դեկտեմբերի 24-ին քաղաքապետարանի առջեւ կազմակերպած հավաքը, որին ներկա էր մոտ հիսուն մարդ։ Հավաքվածները պարտված թեկնածուի վստահված անձինք, բարեկամներն ու մարզային ոստիկանության վարչության տարբեր տրամաչափի պաշտոնյաներն էին, այդ թվում՝ մարզի փոխոստիկանապետեր Ա. Օհանյանը եւ Գրիշա Մատինյանը։ Վերջինիս եղբոր որդին ցուցմունք էր տվել ընտրության նախօրյակին Վարուժան Ներսիսյանի շտաբի անդամի դանակահարության գործով։ Անձամբ ոստիկանապետ Գենադի Սարգսյանը հավաքին ներկա չէր, հավանաբար այն պատճառով, որ այդ օրվանից գտնվում է արձակուրդում։

Հավաքին ելույթ ունեցավ Մարկոսյանի վստահված անձ Մհեր Խաչատրյանը, որը հավաքվածներին քաջալերեց՝ հայտարարելով, թե «իրավապահները մեզ հետ են»։ Նա ասաց նաեւ, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ (՞): Հավաքին ելույթ ունեցան նաեւ Բավական Մարկոսյանը՝ Կամո Մարկոսյանի հորեղբոր աղջիկը, Ջեմա Մկրտումյանը՝ դարձյալ թեկնածուի բարեկամը, եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոսներ Ֆերմիդա եւ Նունե Դավթյանները։ Հավաքին ներկա մի քանի երիտասարդ տղաներ, որոնք, պարզվեց, Դավթյանների ուսանողներն էին, ասացին, որ դասախոսներն իրենց այդտեղ «զոռով» են բերել, օրվա ստուգարքը չեն նշանակել եւ ասել են՝ ովքեր քաղաքապետարանի դեմ կհավաքվեն, վաղը կստանան ստուգարքները։

Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ն պաշտոնապես ոչինչ չի հայտարարի իր կուսակցության անդամ Կամո Մարկոսյանին սատարելու մասին, սակայն Իջեւանում լուրեր են շրջանառվում, թե «Ցուցռուկանց» Կամոն ասում է, որ վարչապետը իրեն «դաբրոն» տվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել