Առաջին նախագահի նոր թիմի համառոտ տեսություն
Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության կազմակերպիչները ճիշտ են անում, որ իրենց ղեկավարի ելույթները բաժանում են DVD-ներով՝ քաղաքականությամբ հետաքրքրվող շրջանակներին։ Որովհետեւ նրանք, ովքեր հանրահավաքների չեն գնում, եթե չբաժանվեին այդ DVD-ները, այդպես էլ չէին իմանա, թե իրականում ովքե՞ր են Տեր-Պետրոսյանի հետ հավակնում իշխանության, ի՞նչ ծրագրերով ու նպատակներով։
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ, բացատրելով, թե ինչո՞ւ ինքը Հայաստան հրավիրեց ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Տեր-Պետրոսյանն անկեղծորեն խոստովանում է՝ «96 թվի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար։ Եվ հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ Հայաստանի ներսից ում էլ վարչապետ նշանակեի, առավել եւս, Աստված մի արասցե, ՀՀՇ-ի բանդիտներից մեկին, մի նոր պայթյուն էր լինելու երկրում»։ Այսինքն, առաջին նախագահը խոստովանո՞ւմ է, որ ՀՀՇ-ի իշխանությունը եղել է բանդիտների իշխանություն: Իսկ արդեն նոյեմբերի 16-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ՀՀՇ-ի հայտնի դեմքերից եւ ոչ մեկը իշխանության մեջ տեղ չի զբաղեցնելու եւ պետական պաշտոնների տիրելու հավակնություն չունի, ինքն էլ գալիս է նոր դեմքերով։ Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այդ խոստումը իրականանալի եւ դառնանք «նոր դեմքերին»:
Դրանց շարքի առաջին էշելոնում «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունների նախագահներն են։ Թե որքանո՞վ են նրանք նոր, այս հարցի շուրջ կարելի է երկար բանավիճել, սակայն ուզում ենք հիշեցնել ընդամենը մեկ դետալ. հայտնի է, որ եթե Հայաստանում եղել է մի քանի ընտրություն, որոնց լեգիտիմությունը չի վիճարկվել, ապա դրանցից մեկը հաստատ եղել է 99-ի խորհրդարանական ընտրությունները։ Մինչդեռ, իր հերթական հանրահավաքում խոսելով հայաստանյան ընտրական համակարգի մասին, Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ասաց, որ 95-ից այս կողմ Հայաստանի բոլոր ընտրությունները եղել են կասկածելի լեգիտիմության։ Ասաց իր կողքին կանգնած Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի ներկայությամբ, եւ նրանցից ոչ մեկը ձայն չհանեց։ Ուրեմն համաձա՞յն էին: Խոսելով ՀՀՇ-ի իրական վերաբերմունքին Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հանդեպ, պետք է հիշեցնել, որ երբ 2003-ին եւ 2004-ին այդ երկու գործիչը «Արդարություն» դաշինքի իրենց դաշնակիցների հետ հանրահավաքներ էին անում, ՀՀՇ տարբեր տրամաչափի գործիչներ վերջիններիս ծաղրում էին հրապարակավ՝ մամուլում, նրանց համարելով «ծախված ընդդիմություն», որոնք փոշիացնում են ժողովրդի վստահությունն ու «Արդարությանը» խորհուրդ էին տալիս ազատել հարթակն իրական ընդդիմության համար։ Ի պատասխան հրապարակային այդ ծաղրանքի, Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանն էլ ՀՀՇ-ին խորհուրդ էին տալիս միջազգային կազմակերպությունների գրանտներով սեմինարներ անցկացնելու փոխարեն՝ գալ եւ կանգնել ժողովրդի կողքին։ Ինչը ՀՀՇ-ն, իր լիդերի հետ միասին, այդպես էլ չարեց։
Տեր-Պետրոսյանի թիմի «նոր դեմք» է նաեւ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որը ժամանակին մամուլում տպագրել է «Ազգային չոչեր» շարքը, որտեղ նա մեկիկ-մեկիկ լվացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության բոլոր առանցքային դեմքերի ոսկորները։ Հաջորդ «նոր դեմքը» ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է։ Իհարկե, այս գործիչը հասցրել է լինել եւ կոմունիստ, եւ Ռոբերտ Քոչարյանի նվիրյալ: Սակայն ժամանակին, երբ Կոտայքի մարզպետն էր, նրա հետ աշխատողները հիշում են, թե ինչպես իրենց մարզպետը մի անգամ ընկավ աթոռից։ Տեսարանի ականատեսներից մեկը պատմում է. Տեր-Պետրոսյանի հրաժարականից վայրկյաններ անց, մարզպետ Հովհաննիսյանը, որը առաջին նախագահի հրաժարականը լսում էր իր աշխատասենյակում նստած, անմիջապես տեղից վեր է թռչում, բարձրանում աթոռին եւ աշխատասենյակի պատից հանում նախագահի նկարը։ Հովհաննիսյանն այնպիսի ջանասիրությամբ է պատից պոկում առաջին նախագահի նկարը, որ աթոռը ճոճվում է եւ նա տապալվում է գետնին։