Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ստիպված են Ամանորը դիմավորել առանց տոնածառի
Նախատոնական այս օրերին մայրաքաղաքում ամենուրեք բնական եւ արհեստական եղեւնիների մինի շուկաներ են բացվել: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եղեւնիները շատ ավելի թանկ են վաճառվում: Չնայած նրան, որ առեւտրականները եղեւնիները ձեռք են բերել դոլարով եւ նույն գնով, ինչ նախորդ տարիներին, սակայն ոչ մի դրամ չեն էժանացրել: Ավելին, բոլոր չափի եղեւնիները մոտ 10-15 հազար դրամով թանկացել են: Երեկ տոնածառերի առեւտրի կետերում վաճառականները թանկացումը պայմանավորեցին հատկապես արհեստական եղեւնիների սահմանափակ լինելով, քանի որ՝ «արդեն քանի օր է՝ վրաց-հայկական սահմանում արգելում են տոնածառեր ներկրել: Սա վերջին խմբաքանակն է, էլ չենք բերելու, այդ պատճառով էլ գները բարձր են»: Բացի այդ՝ նրանք խոստովանեցին, որ եթե արտասահմանյան մեքենայով «պուզատի» է մոտենում, ապա տոնածառերի գները 10-15 հազար դրամով եւս բարձրանում են:
Եթե նախորդ տարի կես մետրանոց բնական տոնածառը կարող էինք գնել 15-20 հազար դրամով, ապա այս տարի այդ չափի բնական եղեւնի գրեթե չես գտնի, դրանք սկսում են մոտ 80 սմ-ից եւ արժեն 35-45 հազար դրամ՝ կախված ճյուղերի փարթամությունից: Մեկ մետրանոց եղեւնին արժե մոտ 50 հազար դրամ: Իսկ ավելի բարձրերը, որոնք նաեւ ունեն խիտ ճյուղեր՝ վաճառվում են 95-100 հազար դրամով: Առեւտրականների մատնանշած դեֆիցիտի պատճառով արհեստական տոնածառերն իրենց արժեքով գրեթե հավասարվել են բնական եղեւնիների գնին: Ընդամենը 50 սանտիմետրանոց արհեստական տոնածառը երեկվա դրությամբ վաճառվում էր 45 հազար դրամ: Կախված տոնածառի որակից ու գույնից՝ դրանց գները եւս տարբեր են: Բնականին ավելի նմանեցված մոտ 1 մետրանոց եղեւնին կարելի է ձեռք բերել 50-60 հազար դրամով: Երկու մետր բարձրությամբը՝ 100-120 հազար դրամով: Այս տարի շուկայում նորամուծություն են գունավոր արհեստական տոնածառերը, դրանց գները սկսում են 55 հազար դրամից: Արդեն զարդարված, 1,5 մետրանոց եղեւնիներն արժեն 85 հազար դրամ:
Այս տարի գրեթե եռակի թանկացել են նաեւ բնական եղեւնու ճյուղերը, որոնք զարդարված են կոներով: Տոնածառի կես մետրանոց մեկ ճյուղն արժեր 4000-ից մինչեւ 6000 դրամ: Բոլոր վաճառակետերում էլ առեւտրականները վստահեցնում էին, որ իրենց տոնածառերը վրացական են, գերմանական կամ հոլանդական եւ որ իրենք տեղական եղեւնիներ չեն վաճառում, քանի որ «դրանց հատումն արդեն որքան տարի է՝ արգելված է»: Արգենտինական դպրոցի դիմաց վաճառվող սոճիները, ըստ մեզ ներկայացված փաստաթղթերի, ներկրված էին Ռուսաստանի Դաշնությունից: Այս կետից մոտ 500 մետր ներքեւ գտնվող տոնածառերն էլ հոլանդական էին: Ամերիկյան համալսարանի դիմաց վաճառվող եղեւնիների՝ գերմանական լինելու մասին էլ վաճառականը որեւէ փաստաթուղթ չներկայացրեց, միայն ասաց, որ «էս ծառերից Հայաստանում չի աճում»: Ապացուցելու համար, որ եղեւնիներն իսկապես ներկրված են Գերմանիայից, նա մեզ ցույց տվեց ծառերի վրա փակցրած Գերմանիայի ապրանքային կոդերը: Սակայն նկատենք, որ այսպիսի թուղթ կարելի է համակարգչով պատրաստել ու փակցնել ամեն ապրանքի վրա:
Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ մայրաքաղաքի փողոցներում առկա բնական եղեւնիները հայրենական անտառներից չեն հատվել. «Քանի որ մեր երկրում բնական եղեւնիների հատումը խիստ արգելված է, դրանք հիմնականում ներկրվում են հարեւան երկրներից: Այս օրերին մենք ավելի ենք հեշտացրել ներկրումը, որպեսզի ամեն մի ներկրող ինչքան ցանկանում է՝ ներկրի եւ ծառերն էլ շատ թանկ չվաճառվեն»։ Արամ Հարությունյանի խոսքերով, իր տան տոնածառն էլ արհեստական է եւ որ այն գնել է 3 տարի առաջ՝ 50 հազար դրամով. «Մենք ամեն տարի այն զարդարում ենք եւ անպայման տոնածառի վրա խաղալիքի տեսքով դնում տարվա խորհրդանիշը»: Նշենք, որ այս տարվա խորհրդանիշը Մուկն է: Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գլխավոր մասնագետ Սաշա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ իրենք ուշի ուշով հետեւում են «տոնածառերի վաճառքի գործընթացին» եւ իրենց մասնագետներն անընդհատ շրջագայում են, ստուգումներ անում՝ պարզելու, թե եղեւնիների առեւտուրը թաղապետարանների մատնանշած վայրերո՞ւմ է կատարվում, եւ արդյոք չի՞ խանգարում երթեւեկությանը: Նշենք, որ քաղաքապետարանը եղեւնիների վաճառքը թույլ է տվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, «առեւտրականների վրա մնացած» եղեւնիների հետագա ճակատագիրը կորոշեն թաղապետարանները: