Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդ-կուսակցությունների» սատարումները սկսվա՞ծ են

Դեկտեմբեր 26,2007 00:00

Ինչպես բաժանել 74 կուսակցությունները 9 թեկնածուների մեջ

Պաշտոնապես գրանցված 74 կուսակցությունների անունները նախագահական ընտրությունների առիթով դեռ շատ են շահարկելու, եւ նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուները մրցելու են, թե ո՞ւմ են ավելի շատ թվով կուսակցություններ կամ կազմակերպություններ սատարելու: Քաղաքական գործիչների հետ զրույցում փորձեցինք հստակեցնել, թե կուսակցությունների երկար-բարակ թվարկումների ետեւում իրականում քանի՞ մարդ է կանգնած: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անդրադառնալով Հայաստանում կուսակցական համակարգի կայացվածությանը՝ նկատեց, որ այն դեռեւս լրջորեն կայացած չէ, եւ կուսակցությունների բազմաթիվությունը եւ բազմատեսակությունը պայմանավորված է քաղաքական համակարգի անկատարությամբ. «Աշխարհում մի քանի գաղափարախոսություններ կան, աջեր, ձախեր, կենտրոն՝ իրենց բոլոր դրսեւորումներով, եւ տվյալ պարագայում ես չեմ կարծում, որ Հայաստանում 70-ից ավելի գաղափարախոսություն կա, եթե հաշվի առնենք այսօր գրանցված կուսակցությունների թիվը: Որեւէ մեկին չվիրավորելով, ես ուզում եմ արձանագրել, որ կուսակցություն անվան տակ այսօր կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք իրականում մարդ-կուսակցություններ են եւ ի հայտ են գալիս ընտրությունից ընտրություն, այսինքն՝ քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն չունեն, եւ հանգամանքների բերումով կամ իշխանությունը, կամ ընդդիմությունը նրանց օգտագործում է որպես ֆոն՝ իր քաղաքական նպատակները իրականացնելու համար: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ մեզանում, ցավոք, ձեւավորվել է ավանդույթ, որ իշխող քաղաքական ուժին, որպես կանոն, անդամագրվում են բազմաթիվ պատեհապաշտներ, եւ երբ իշխող քաղաքական ուժը կորցնում է իշխանությունը, դրանք հայտնվում են այլ ճամբարում»:

ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի յուրաքանչյուր թեկնածու ինքն է որոշում, թե ովքեր իրեն սատարեն կամ կանգնեն իր կողքին, բայց «ես կարծում եմ, այդ ամենը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքի վրա: Հասարակության մեջ միշտ եղել է լռակյաց մեծամասնությունը, որն էլ հենց որոշել է ընտրությունների բախտը: Քաղաքականացված հասարակությունը ընտրողների 15-20 տոկոսն է եւ այդպես է եղել միշտ, իսկ ընտրողների մնացած մասը իր որոշումը կայացնում է վերջին օրը, կախված նրանից, թե ինչ հանգամանքներ են նպաստում այդ ընտրությանը: Մեկին՝ փողը, մյուսին՝ ինչ-որ մեկի ճնշումը, երրորդին՝ ազգակցական կապերը, հաջորդին՝ հորդորը, խոստումը եւ այլն, ձեւերը հայտնի են եւ բազմազան: Իսկ սա նշանակում է, որ մենք չենք կարող խոսել այն մասին, որ, իրոք, քաղաքական ուժերն են կանխորոշում կամ ուղղորդում հասարակական կարծիքը: Այդ իսկ պատճառով ես այդքան մեծ ուշադրություն չեմ դարձնում այն հանգամանքին, թե որ թեկնածուին քանի քաղաքական ուժ է սատարում կամ հայտարարում այդ մասին, դրանք զուտ կոսմետիկ եւ ոչինչ չտվող բաներ են: Իհարկե, կան ազդեցիկ ուժեր, որոնք ունեն լուրջ կենսագրություն եւ նրանց խոսքը բավականին ազդեցիկ կարող է լինել: Այդպիսիք մեկ-երկուսն են, ոչ ավելին, եւ այստեղ, այո, շատ կարեւոր է, թե ինչպիսի դաշինք է ձեւավորվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել