Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔԸ

Դեկտեմբեր 26,2007 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետեւություններն ԱԺ-ում իրենց 6 ամսվա գործունեությունից:

– Սահմանադրական փոփոխություններով մեծացվեց խորհրդարանի դերակատարությունը, նաեւ վերահսկողական գործառույթները: Ձեր գնահատմամբ՝ այդ դերակատարությունն իրականացնո՞ւմ է այս ԱԺ-ն:

– Ո՛չ: Մենք արձանագրում ենք, որ խորհրդարանն աշխատում է կանոնակարգի կոպիտ խախտումներով եւ դառնում երկրի օրենքները ոտնահարելու օրինակ: ԱԺ-ն այսօր էլ ավելի շատ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի դակողն է, գործիք՝ կառավարության ձեռքին, քան իշխանության այն ինքնուրույն թեւը, որն ամենամեծ պատասխանատուն է իրավական պետության շինարարության, ընդունված օրենքների որակի համար:

Ընդհանրապես, որեւէ կազմակերպության օրինավորության հաստատուն ճանապարհն անցնում է գործունեության հրապարակայնության, այսինքն՝ հաշվետվությունների եւ հաղորդումների միջով, որ մեզանում չի արվում օրենսդիր մարմնի մակարդակում: Մենք ականատես եղանք, որ ԱԺ-ն չիրականացրեց իր ամենակարեւոր գործառույթներից մեկը, որ վերահսկողականն է: Վերահսկիչ պալատի 2006-ի աշխատանքի հաշվետվությունը պետք է քննարկվեր դեռեւս անցյալ գարնանային նստաշրջանում, որը չարվեց, քանի որ բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում ընտրություններից 2-3 ամիս առաջ՝ պարզապես կազմալուծվում է ԱԺ աշխատանքը: Օրակարգում ընդգրկված լինելով՝ չեն լսվել նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Կենտրոնական բանկի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Պետական գույքի մասնավորեցման 2006-ի գործունեության վերաբերյալ հաղորդումներն ու հաշվետվությունները: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը տեղյակ չեղավ, թե ինչ է կատարվում այդ ոլորտներում: Համոզված եմ, որ եթե այդ հաշվետվությունների շուրջ ԱԺ-ում լիներ շահագրգիռ քննարկում, արվեին անաչառ հետեւություններ՝ այդ ոլորտների ղեկավարներն այսուհետ ավելի զգաստ կլինեին:

– Օրակարգը լիովին չսպառելու պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ կանոնակարգում արված փոփոխությամբ՝ խորհրդարանը սկսեց ավելի հազվադեպ գումարել նիստեր, այսինքն՝ 2 շաբաթը մեկ պարբերականության փոխարեն սկսեցին հավաքվել 3 շաբաթը մեկ: Եվ ստիպված արտահերթ նստաշրջաններ են հրավիրում՝ կուտակված օրինագծերը քննարկելու համար: Ակնհայտ չէ՞, որ հարկ է վերադառնալ նախկին կարգին:

– Ակնհայտ է, որ խորհրդարանի գործունեությունը պետք է ավելի դինամիկ լինի, նստաշրջանների գումարման հաճախականությունը պետք է մեծացվի եւ պատգամավորներն աշխատեն ավելի ծանրաբեռնված: Մանավանդ որ՝ ժամանակի սղությունից բացի, մեր պարագայում այլ հանգամանք էլ կա: Կարծում եմ, եթե ԱԺ նախագահը կանոնակարգին տեր կանգներ ու կարեւորեր այդ հաշվետվությունները՝ պիտի ձեւն ու ճանապարհը գտներ, որ քննարկվեին դրանք: Վերջին նիստում այդ հարցն արծարծվեց «Ժառանգություն» խմբակցության կողմից, եւ ԱԺ նախագահը շատ հանգիստ առաջարկեց մեզ հանդես գալ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ: Մի կողմ թողնենք, որ խորհրդարանական փոքրամասնության այդ նախաձեռնությանը կմիանային շատ քիչ թվով պատգամավորներ, որը բավարար չէր լինի նստաշրջան հրավիրելու համար: Բացի այդ՝ արտահերթ նստաշրջանում քննարկելը նույնպես օրինական չէ, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով հստակ սահմանվում է, թե ո՛ր հաշվետվությունը կամ հաղորդումը ե՛րբ պետք է լսվի ԱԺ-ում: Ասենք, Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը պետք է ԱԺ ներկայացվի բյուջետային տարին սկսելուց 60 օր առաջ եւ քննարկվի ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբերի առաջին քառօրյա նիստում: Բայց ավարտվեց դեկտեմբերյան քառօրյան եւ այդպես էլ չքննարկվեց Վերահսկիչ պալատի 2008-ի տարեկան ծրագիրը: Այնպես որ՝ ՎՊ-ն պիտի հաջորդ տարվա հունվարին մատնվի անգործության. փետրվարին ԱԺ-ն նո՜ր պիտի հավաքվի՝ մինչեւ ծրագիրը քննարկե՜նք, հաստատենք…

– Նկատենք, թե այն, որ «Ժառանգությունն» ԱԺ ամենափոքր խմբակցությունն է՝ լիագումար նիստերի ընթացքում ձեզ երբեւէ չի կաշկանդել, որ հնչեցնեք ամենաշատ հարցադրումները եւ ելույթները: Եթե դրանք չլինեին՝ ԱԺ մեծամասնությունը երեւի օրակարգը սպառեր 1-2 օրում:

– Եվ շատ են նեղանում մեզնից, որ ձգձգում ենք: Հիմա էլ երեւի կարող է մե՛զ մեղադրեն, թե քանի որ ամեն հարցի քննարկման ժամանակ խմբակցության գրեթե բոլոր անդամները խոսում են՝ ձգձգվում է, ժամանակն անցնում: Ցավալի է, բայց ի վերջո՝ սեղմված կոճակների թվով է ընդունվում օրինագիծը:

– Այս տեսանկյունից, որքա՞ն եք գնահատում «Ժառանգություն» խմբակցության գործունեության օգտակար գործողության գործակիցը: Որքանո՞վ եք կարողանում ազդել ընդունվելիք օրինագծերը փոփոխելու վրա:

– Բավական արդյունավետ կգնահատեի մեր գործունեությունը, քանի որ օրենքների նախագծերի վերաբերյալ հարյուրավոր առաջարկներ ենք արել, զգալի մասն ընդունվել է: Բայց անցած 6 ամսում կարող էինք շատ ավելի արդյունավետ աշխատել, եւ մեր ՕԳԳ-ն շատ ավելի բարձր կլիներ, եթե ԱԺ-ն մտահոգված լիներ պատգամավորների մասնագիտական որակի բարձրացմամբ: Կարծում եմ՝ ԱԺ դերակատարությունը պետք է շատ ավելի զգալի, նկատելի, շոշափելի լինի հասարակության համար՝ ոչ միայն օրենքների ընդունմամբ, այլ նաեւ իր վերահսկողական պահանջկոտությամբ: Եվ մենք անհանգստացած ենք օրինականության հաստատման ճանապարհին ԱԺ դերն իր պատշաճ մակարդակի վրա չտեսնելով, ու չենք ուզում աշխատել այսպիսի արդյունավետությամբ: Մենք կարող ենք ավելի արդյունավետ աշխատել, եւ ԱԺ նախագահը պարտավոր է ապահովել այդ պայմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել