Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էկվադորից վերադարձավ ու անսամբլ հիմնեց

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"Դիրիժոր Զավեն Վարդանյանն այլեւս ղեկավարելու է Մենակատարների պետական կամերային անսամբլը

Հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ 2008թ. հունվարի վերջերին դասական երաժշտության երկրպագուներին կներկայանա նորաստեղծ Մենակատարների պետական կամերային անսամբլը՝ այս ոլորտում ճանաչված դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Նա Էկվադորում շուրջ 4 տարի գործունեություն ծավալելուց հետո վերջերս է վերադարձել, հետեւաբար հարկ ենք համարում հիշեցնել, որ Զ. Վարդանյանը դեռեւս 1975թ. Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտը լինելով, միաժամանակ հիմնեց Ժամանակակից երաժշտության անսամբլը, իսկ 1979-ին՝ Երեւանի կամերային նվագախումբը, որը ղեկավարեց մինչեւ 1990թ.: 1994-2000թթ. դիրիժորն աշխատել է Երեւանի օպերային թատրոնում՝ առաջին անգամ Հայաստանում իրականացնելով Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերայի համերգային կատարումը, այնուհետեւ՝ «Կախարդական սրինգը»:

1990-ականների վերջերին Վերդիի «Տրուբադուր» օպերան ճակատագրական եղավ դիրիժորի համար. 4-ամսյա փորձերից հետո, երբ Զավեն Վարդանյանը խնդրեց եւս մեկ ամիս հետաձգել օպերայի պրեմիերան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի ղեկավարությունը չհամաձայնեց, ինչին էլ հետեւեց դիրիժորի հրաժարականը:

«Առավոտը» հանդիպեց Զ. Վարդանյանին՝ խնդրելով համառոտ ներկայացնել էկվադորյան իր գործունեությունը: «2003թ. Կուենկա քաղաքի համալսարանի հրավերով մեկնեցի դասավանդելու, այնուհետեւ ղեկավարում էի տեղի սիմֆոնիկ նվագախումբը: Հաճախ կանգնել եմ նաեւ Կիտոյի, Լոխայի եւ Գուայակիլի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորական վահանակի առջեւ: Այս ընթացքում հրավիրվել եմ նաեւ Արգենտինա: 2007-ի գարնանը, հայրենիք վերադառնալուց առաջ, Էկվադորում իրականացրի մեծամասշտաբ փառատոն՝ նվիրված Կուենկա քաղաքի հիմնադրման 450-ամյակին: Վերադարձիս պատճառը կարոտն էր, նախ՝ ընտանիքիս հանդեպ, հետո էլ այն միջավայրի, որտեղ եղել եմ տասնամյակներ շարունակ: Այժմ Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ ամբիոնում շարունակում եմ վարել անսամբլի դասարանը: Էկվադորում անցկացրած տարիներիս հիշում էի 1999-2000 թթ., երբ առաջին անգամ կամերային անսամբլի, երգչախմբի եւ մեներգիչների հետ Երեւանում իրականացրի Բախի «Չարչարանքներ՝ ըստ Հովհանու» եւ «Չարչարանքներ՝ ըստ Մատթեոսի» պասիոնները, որտեղ տենորներ Սարգիս Թորոսյանը եւ վաղամեռիկ Սուրեն Զուրաբյանը ներկայացան Ավետարանիչի դժվարագույն պարտիաներով»:

Դառնալով նորաստեղծ Մենակատարների անսամբլին, պրն Վարդանյանը տեղեկացրեց, որ այն 14 հոգանոց է՝ 7 փողային, 5 լարային, հարվածային եւ դաշնամուր. «Երկացանկում կգերակշռեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, իհարկե՝ կանդրադառնանք նաեւ արտերկրի ստեղծագործողներին»:

Հետաքրքրվեցինք էկվադորյան դասական երաժշտարվեստով: Ըստ Զ. Վարդանյանի, այնտեղի դասական արվեստը բուռն է մայրաքաղաքում, որտեղ հյուրախաղերով հանդես են գալիս աշխարհահռչակ կոլեկտիվներ եւ անհատ կատարողներ, այդ թվում՝ մեծանուն երգիչ Դոմինգոյի՝ ԱՄՆ-ում հիմնած սիմֆոնիկ նվագախումբը, Արգենտինայի հռչակավոր «Կոլոն» երգչախումբը եւ այլն. «Մեր հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն էլ երեք անգամ իր արվեստով հիացրեց էկվադորցիներին»: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, որ Էկվադորում են աշխատում նաեւ հայաստանցի արվեստագետներ Ռուբեն Տերտերյանը, Ալեքսանդր Թամազովը: Հարցին, թե կոնկրետ ինչ գործունեություն են նրանք ծավալել, Զ. Վարդանյանն ասաց. «Ռուբենը ղեկավարում է Կուենկայի համալսարանի երաժշտական բաժինը, Ալեքսանդրը վոկալ է դասավանդում նույն համալսարանում, իսկ վերջերս Կուենկայի օպերային թատրոնում նա հանդես եկավ Զարաստրոյի դերերգով՝ «Կախարդական սրինգում», որից առաջ զբաղված էր Դոնիցետիի եւ Պերգոլեզիի օպերաներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել