Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"Հարցազրույց Արթուր Աբրահամի հետ

IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին անգլիացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց եւ վեցերորդ անգամ անընդմեջ չեմպիոնական գոտին պաշտպանելուց հետո հայտարարել էր, թե մտադիր է Ամանորը դիմավորել Երեւանում:

Չեմպիոնն արդեն Հայաստանում է: «Առավոտը» կիրակի օրը նրան հանդիպեց Ծաղկաձորում:

– Արթուր: Հայաստանցի քո բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք հերթական հաղթանակդ:

– Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այս անգամ էլ կարողացա արդարացնել մարզասերների սպասելիքները:

– Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 25 մենամարտերից 20-ն ավարտել ես նոկաուտով: Որպես կանոն, քո վճռական հարվածից հետո մրցակիցներդ տապալվել են ռինգի հատակին: Բայց այս անգամ Էքլոքը միայն ճոճվեց, բայց մրցավարը դադարեցրեց մարտը: Հարվա՞ծդ այս անգամ այն հզորությունը չուներ, թե՞…

– Ինձ համար գլխավորը հաղթելն Է: Ու ամեն անգամ, երբ հաղթում եմ, ինձ երջանիկ ու հպարտ եմ զգում: Հաղթանակից այն կողմ ավելի լավ բան չկա: Պարտությունն է վատ, որը չեմ զգացել ու չեմ էլ ցանկանում տեսնել: Էքլոքը անհարմար մրցակից էր: Նա տիրապետում է ուժգին հարվածների: Բայց երբ ռինգում աշխարհի չեմպիոնն է ու պայքարում է գոտին պահպանելու համար, պիտի իմանա, որ թույլ մրցակից այդ մակարդակում չի լինում: Ինչ վերաբերում է հարվածի ուժգնությանը, անկեղծ ասեմ. անգլիացին, ի տարբերություն իմ նախորդ մրցակիցներից շատերի, մարտից առաջ ասուլիսների եւ հանդիպումների ժամանակ (մարտից հետո էլ) իրեն պարկեշտ ու իմ հանդեպ հարգալից էր պահում: Ես էլ ռինգում նրա հետ կրկնակի հարգալից վարվեցի: Այդ պահին կարող էի մի քանի հարված էլ հասցնել: Բայց տեսնելով, որ նա արդեն նոկաուտի մեջ է, չշարունակեցի: Չարությամբ չէի լցված նրա դեմ: Մրցավարն էլ ճիշտ ժամանակին կանգնեցրեց մարտը:

– Մարտերից հետո մրցակիցներիդ հետ կապեր, շփումներ պահպանո՞ւմ ես:

– Չի ստացվում, քանի որ բոլորս էլ ապրում ենք մեր երկրներում ու զբաղված ենք մեր մարզումներով, ծրագրերով:

– ԶԼՄ-ներում տեղեկատվություն կա, որ հաջորդ մենամարտդ ծրագրել ես անցկացնել Կելլի Պավլիկ-Ռորմեն Թեյլոր զույգի հաղթողի հետ:

– Այո, այդպիսի խոսակցություն եղել է: Ես հատկապես Թեյլորի հետ հանդիպելու ցանկություն արտահայտել եմ: Բայց, կարծես, առայժմ չի ստացվում, որովհետեւ նրա մենեջերը չէր ուզում գալ Գերմանիա: Հիմա սպասում ենք հունվարին նրանց միջեւ կայանալիք մենամարտի ավարտին: Եթե նրանցից մեկն ու մեկը համաձայնի, ես ամեն րոպե պատրաստ եմ:

– Այսինքն՝ պատրաստ ես ռինգ մտնել ցանկացած վարկածով չեմպիոնի հե՞տ:

– Այո: Եթե ինքդ չեմպիոն ես, պիտի պատրաստ լինես մենամարտել մյուսների հետ էլ:

– Իսկ մինչ այդ ուրիշ մրցակիցների թեկնածություն չեք քննարկում:

– Կան այդպիսիք: Հիմա իմ մենեջերը բանակցություններ է վարում: Հնարավոր է, որ հաջորդ անգամ ռինգ մտնեմ մարտի 15-ին կամ 22-ին: Իսկ թե ո՞վ կլինի մրցակիցս, ինքս էլ չգիտեմ: Ամենայն հավանականությամբ, այդ մարտը կկայանա Բեռլինում, որից հետո արդեն կտեղափոխվեմ Ամերիկա: Իսկ ներկայիս դրությամբ ես պարզապես հանգստանում եմ իմ Հայաստանում:

– Քանի՞ տարի Հայաստանում Նոր տարի չես դիմավորել:

– Չորս: Ինչ տեղափոխվել եմ Գերմանիա:

– Ի՞նչ զգացողություն ունես:

– Որտեղ եւ ինչպես էլ ապրես, քեզ լիարժեք զգում ես միայն քո ծննդավայրում: Ով ուզում ես եղիր, արտերկրում դու ուրիշ մարդ ես, իրենցը չես:

– Ծաղկաձորը շա՞տ է փոխվել:

– Սիրողական բռնցքամարտում, երբ Հայաստանի ազգային հավաքականի անդամ էի (Արթուրը հանրապետության եռակի չեմպիոն է եւ մեկ անգամ էլ դարձել է արծաթե մեդալակիր), 1999-2003 թվականներին հավաքներ էինք անցկացնում հին օլիմպիական ավանում: Հիմա այն անճանաչելիորեն փոխվել է: Հիացած եմ ու հպարտ՝ մարզվելու այնպիսի հրաշալի պայմաններ, ինչպիսիք հիմա են ստեղծվում, արտասահմանում չես տեսնի: Հիմա մնում է, որ մեր մարզիչներն ու մարզիկներն իրենց խոսքն ասեն՝ արդյունքներ ցույց տան:

– Ամանորի ի՞նչ բարեմաղթանքներ ունես:

– Ամբողջ հայությանը՝ առողջություն, իսկ մարզիկներին՝ միայն հաղթանակներ:

Հ. Գ. Երեկ «Allboxing»-ի ինտերնետային կայքից տեղեկացանք, որ Արթուր Աբրահամը «BoxSport» հանդեսի անցկացրած ամենամյա հարցման արդյունքներով Գերմանիայում երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ իրենից ետ թողնելով Վլադիմիր Կլիչկոյին, Զոլտ Էրդեյին, Ֆելիքս Շտուրմին եւ Սեբաստիան Սիլվեստրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել