Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի տեղակալի բողոքը բավարարվել է

Դեկտեմբեր 25,2007 00:00

Պայմանականով ազատվածները կրկին մեկուսարանում են

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատին՝ դատապարտյալներ Վարդան Մուխսիխաչոյանի եւ Արամայիս Միրիբյանի պայմանական վաղակետ ազատման հետ կապված: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզի առաջին ատյանի եւ քրեական վերաքննիչ դատարանների դատավճիռների տարօրինակ մարդասիրությանը: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մինչ այդ իրենց պատիժը կրած 15 տարվա ազատազրկման դատապարտվածներ Վարդան Մուխսիխաչոյանին եւ Արամայիս Միրիբյանին դատարանները ազատել են 3 տարի 4 ամիս շուտ: Վ. Մուխսիխաչոյանը՝ Ա. Միրիբյանի եւ այլոց հետ՝ դիմակավորված, ձեռնոցներով, ԱԿՍ-74ՈՒ տեսակի լիցքավորված ինքնաձիգերով, «Նագան» ատրճանակով 1997թ. մտել էին Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Փայլակ Միքայելյանի տուն: Հանցագործները նախապես իմանալով, որ վերջինս գտնվում է Ռուսաստանում, գիտեին, որ տանը մնացել են երկու կանայք եւ անչափահաս երեխան: Նրանք նախօրոք կտրել են զոհերի հեռախոսի գիծը, մետաղյա ձողով բացել տան դուռը: Քնած տեղից արթնացրել էին Փայլակի կնոջը՝ Կարինե Մխիթարյանին: Աղմուկից արթնացել էին 5-ամյա երեխան եւ ամուսնու մայրը՝ Թամարա Բախտիկյանը: Երեխայի աչքի առաջ ոճրագործները մետաղյա ձողով, դանակներով, օղու շշով հարվածել են մորը, դրամի տեղը իմանալու նպատակով տանջել նրան: Չդիմանալով կտտանքներին, Կարինեն հայտնել էր ոսկեղենի տեղը: Իմանալով ոսկե զարդերի տեղը, երեխայի ներկայությամբ նրանք սպանել են մորը: Մետաղյա ձողով մարդասպանները հարվածներ էին հասցրել տատին եւ կարծելով, թե նա մահացած է, հեռացել էին, հափշտակելով արյունով ձեռք գցածը:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ոճրագործները Վճռաբեկ դատարանի որոշմամբ նորից մեկուսացվել են եւ կկրեն իրենց մնացած պատիժը: Ըստ Ա. Թամազյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները հաշվի չեն առել հանցագործների արարքի հասարակական վտանգավորությունը, առանձնակի դաժանությունը. «Դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրությունից երեւում է, որ նրանք չեն ուղղվել, ազատազրկման ժամանակ ստացել են բազմաթիվ կարգապահական տույժեր, իրենց պահվածքով բացասական ներգործություն ունեցել մյուս դատապարտյալների վրա»: Ըստ Ա. Թամազյանի, առանձնապես ծանր հանցագործություն կատարածների նկատմամբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Նրա տեղեկացմամբ, պայմանական վաղաժամկետ ազատվածների անձնական գործերի ուսումնասիրությունից երեւում է, որ նրանք 10-15 տարվա մեջ որեւէ խրախուսանքի չեն արժանացել մեկուսարանի ադմինիստրացիայի կողմից, եւ պայմանականի ժամկետը լրանալուն մոտ «արհեստական խրախուսանքների» են հանկարծ արժանանում:

Գլխավոր դատախազի տեղակալի տեղեկացմամբ, բազմաթիվ երկրներում սպանությունների համար մարդիկ դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկման: Ֆրանսիայում՝ 30, Բուլղարիայում, Մոլդովայում՝ 25, Իսրայելում՝ 20: «Նման երկրներում պատժի 3/4-րդը կրելուց հետո, երբ մարդիկ ազատվում են պատժի հետագա կրումից, արդեն իսկ 20 տարի նստած են լինում: Իսկ մեզ մոտ ցուցաբերվում է մի քիչ չափազանցված մարդասիրություն»,- հավելում է պարոն Թամազյանը՝ տեղեկացնելով նաեւ պայմանական վաղաժամկետ ազատվածների հարցը գլխավոր դատախազության կոլեգիայի առաջիկա օրակարգային հարցերից մեկն է լինելու:

Հայտնի են շատ դեպքեր, երբ մարդուն մնացել է պատիժը կրելու համար 1 ամսից քիչ ժամանակ, նրան մերժում են դատարանի որոշմամբ, իսկ ահա ավելի ծանր հանցագործություն կատարածի նկատմամբ հաշվի չեն առնվում ոչ ժամկետներն ու ոչ ծանրացուցիչ հանգամանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել