Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներն ու դպրոցականները ջրծաղիկ են

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"Չնայած դրան, թե՛ կրթության, թե՛ բանակի պատասխանատուները հերքում են հիվանդության առկայությունը:

Այս օրերին մայրաքաղաքի դպրոցներում շատ երեխաներ դասերից բացակայում են: Պատճառն այն է, որ մի շարք դպրոցներում աշակերտները հիվանդացել են ջրծաղիկով: Եվ քանի որ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի օր օրի ջրծաղիկով վարակված երեխաների թիվն ավելանում է: Նշենք, որ վերջին տարիներին, հատկապես ձմռան սեզոնին մեր հանրապետությունում այս հիվանդությունն ակտիվանում է: Եվ ավելի հաճախ հիվանդանում են հենց դպրոցականները: Ջրծաղիկն առաջին հայացքից ճիշտ է՝ «անշառ» հիվանդություն է թվում, սակայն, մասնագետների խոսքերով, այն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության համար՝ ընդհուպ առաջացնելով ուղեղի թաղանթի բորբոքում, ինչպես նաեւ բացասաբար է ազդում նյարդային համակարգի եւ սրտի աշխատանքի վրա:

Մեր տեղեկություններով, ջրծաղիկի բռնկում կա նաեւ ՀՀ բանակի զորամասերում: Ըստ մեր աղբյուրի, հատկապես Նուբարաշենի երկու զորամասերում մեծ թվով զինվորներ վարակված են ջրծաղիկով: Հիվանդությունն առկա է նաեւ Նոր Նորքի 5-րդ զանգվածի զորամասում:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցին թե՛ քաղաքապետարանի կրթության վարչությունից եւ թե՛ պաշտպանության նախարարությունից հերքեցին, որ դպրոցներում եւ բանակում ջրծաղիկը զանգվածային բնույթ է կրում: ՊՆ-ից հավաստիացրին, որ նշյալ զորամասերում ընդամենը 3 զինվոր է հիվանդացել, որոնք էլ տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Բանակի եւ կրթության պատասխանատուները հերքում են ու թաքցնում հիվանդության առկայությունը, հավանաբար խուճապ չառաջացնելու եւ վերադասների հանդիմանանքին չարժանանալու համար: Ավելին, բանակի որոշ զորամասերում ջրծաղիկով հիվանդ զինվորներին անգամ տոների կապակցությամբ արձակուրդ չեն տրամադրում, որպեսզի հիվանդության լուրը չտարածվի: Նկատենք, բացի այն, որ ջրծաղիկը կարող է վտանգավոր հետեւանքներ թողնել մարդու առողջության վրա, հիվանդությունն ուղեկցվում է մարմնի ցանով, բարձր ջերմությամբ եւ ընդհանուր թուլությամբ: Ուստի, եթե դպրոցականների ծնողները հնարավորություն ունեն իրենց երեխաներին ինչպես հարկն է խնամել եւ բժշկի տանել, ապա զինվորների պարագայում դա անհնար է, քանի որ նրանց առողջության համար պատասխանատուն պետությունն է: Մեր տեղեկություններով, զորամասերում այնքան շատ է ջրծաղիկով հիվանդ զինվորների թիվը, որ վերադասները նրանց չեն հոսպիտալացնում՝ պատճառաբանելով, որ զորամասերում զինվոր չի մնա, բացի այդ՝ հոսպիտալում էլ այդքան տեղ չկա: Այսինքն՝ ջրծաղիկով հիվանդ զինվորները ստիպված են բարձր ջերմությամբ ու թույլ օրգանիզմով առավոտյան ժամը 6-ին արթնանալ ու մասնակցել վարժանքներին ու շարժվել ողջ օրվա զինվորական ռեժիմով:

Առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության պատասխանատու Լիլիթ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հատկապես այս սեզոնին ջրծաղիկն ակտիվանում է. «Մենք ծնողներին զգուշացնում եք, որ երեխայի մոտ եթե այդ հիվանդության նախանշաններ կամ որոշակի թուլություն են նկատում, ապա նրանց պետք է դպրոց չուղարկեն: Այս հիվանդության համար պատվաստանյութ չկա եւ չի կարելի այն կանխարգելել: Ջրծաղիկն էլ տարածվում է օդակաթիլային եղանակով, այդ պատճառով մենք կարող ենք աշխատել միայն վարակվածների վրա, այլ ոչ թե հիվանդության օջախի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել