Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առասպել՝ ըստ Վահանի

Դեկտեմբեր 25,2007 00:00

ՀՅԴ նախագահի թեկնածուն չի հավատում հրապարակված հարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն ամենաբարձրն է:

Երեկ ՀՅԴ բյուրոյի գրասենյակում հրավիրված ասուլիսում ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի առաջադրված թեկնածու Վահան Հովհաննիսյանն առասպել անվանեց այն, թե ընտրապայքարի ելքը կանխորոշված է. «Սա, բնականաբար, չի համապատասխանում ճշմարտությանն այն պարզ պատճառով, որ փորձը ցույց է տալիս, թե այն դեպքերում, երբ ամեն ինչ իսկապես կանխորոշված է՝ այդ մասին չեն խոսում»: Ըստ նրա՝ «Ամեն ինչ կանխորոշված լինելու մասին սովորաբար խոսում են այն ժամանակ, երբ ինքնավստահությունը կեղծ է, եւ ինքնավստահության, կանխորոշվածության վերաբերյալ վստահության համար որեւէ հիմք չկա: Հայաստանում հենց սա է վիճակը, եւ ոչինչ կանխորոշված չէ: Ամեն ինչ կորոշի ժողովրդի քվեն»:

ՀՅԴ թեկնածուի կարծիքով, ականատեսն ենք ժողովրդի քվեի նկատմամբ մեքենայությունների՝ իշխանության եւ ընդդիմության կողմից պատվիրված սոցհարցումների միջոցով. «Տարբեր ուժեր նման հարցումներ են կազմակերպում, եւ արդյունքը միշտ բոլորովին տարբեր է լինում: Սա նշանակում է, որ, ըստ ամենայնի, առնվազն ասպարեզ նետվող հարցումների արդյունքները շատ էլ արժանահավատ չեն»: Եվ քիչ անց «Այո՛, չեմ հավատում» պատասխանեց հարցին, թե արդյոք չի՞ հավատում, որ Սերժ Սարգսյանն իրականում ունի մեծ վարկանիշ:

Նկատենք, որ ըստ ՀՅԴ-ից մեր ստացած տեղեկությունների՝ «Գելափի» համակարգմամբ անցկացված դեկտեմբերի հարցմամբ Վահան Հովհաննիսյանը հայտնվել է 4-րդ տեղում, եւ 6%-ն է պատրաստակամություն հայտնել քվեարկել նրա օգտին, եթե ընտրությունները կայանան հաջորդ կիրակի: Մինչդեռ վերջերս ասուլիսում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտնել էր, թե Վահան Հովհաննիսյանի վարկանիշը հունվարին զրո էր, իսկ այժմ հասել է 1,4%-ի։ «ՀՅԴ-ն ջոկերի դերում է հանդես գալիս եւ փորձում է ձայն տանել երկու դաշտերից էլ՝ թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության,- ասել էր պրն Ադիբեկյանը:- ՀՅԴ-ն պիտի հստակ կողմնորոշվի, իմանա որտեղից է ձայներ տանելու»: Նրա այս դիտարկմանը Վահան Հովհաննիսյանն արձագանքեց ենթադրությամբ, թե Ահարոն Ադիբեկյանն «արտահայտում է ինչ-որ մեկի ցանկությունը՝ ոչ թե սոցիոլոգիական հաշվարկ»: Հիշեցրեց, թե «Սոցիոմետրի» հարցումներով՝ ՀՅԴ-ն ընդհանրապես չպիտի անցներ ԱԺ, ու նկատեց, թե իրենց համար շատ էլ հստակ չէ, թե ինչ մեխանիզմներով է հարցումներ անցկացնում Ադիբեկյանը. «Գիտենք, որ իմ վարկանիշն իրականում մի քանի անգամ շատ ավելին է, քան նշված այդ թվերը»: Հայտնեց, որ ներքին օգտագործման համար ՀՅԴ պատվիրած սոցհարցումներով ինքը երկրորդ տեղում է՝ առանց նշելու որոշակի թվեր:

ԱԺ ընտրություններից առաջ Վահան Հովհաննիսյանը բացահայտել էր, թե սոցիոլոգներից մեկը ՀՅԴ-ին առաջարկել է վճարի դիմաց ներկայացնել բարձր վարկանիշ: Հետո «Շանթ»-ի «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում նշեց, թե նկատի ուներ հենց Ահարոն Ադիբեկյանին: Սակայն երբ երեկ այս մասին հարց ուղղեցինք պրն Հովհաննիսյանին՝ հրաժարվեց. «Ես ոչ մի անուն չեմ տվել: Դա դուք ուղղակի գուշակում եք: Բայց կարող եմ ասել, որ այլեւս նման առաջարկով մեզ այդ մարդը չի դիմել»:

Հ. Գ. Ի դեպ, ՀՅԴ պահվածքն անհասկանալի է ոչ միայն «Սոցիոմետրի» ղեկավարի, այլ նաեւ նախկին դաշնակցական Արամ Կարապետյանի համար: «Ես այնքան էլ չեմ հասկանում այն գիծը, որ ներկայումս վարում է ՀՅԴ-ն եւ նախագահի պաշտոնի նրա թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Չի կարելի լինել մի քիչ հղի»,- երեկ «ԱրմԻնֆո»-ին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը՝ պնդելով, թե քաղաքականության մեջ պիտի լինես «կա՛մ… կա՛մ…», իսկ այնպիսի անորոշ դիրքորոշումը, ինչպիսին դրսեւորում է ՀՅԴ-ն՝ անհասկանալի է թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ ընտրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել