Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Դեկտեմբեր 22,2007 00:00

Ներքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ՀՀ պետբյուջեից հ/կ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի եւ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի աջակցությամբ:

Վահե Հովհաննիսյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

– Ես կփորձեմ որպես մեկնարկային հիմք վերցնել այս պահին մեր հասարակության մեջ առկա հարցերից մեկը՝ իսկ պե՞տք է, արդյոք, մեզ եվրոպական ինտեգրացիան:

Պատասխանը, կարծում եմ, պետք է կառուցել 2 առանցքների վրա:

Առաջին՝ ի՞նչ է ենթադրում եվրոպական ինտեգրացիան, երկրորդ՝ ո՞րն է այլընտրանքը:

Ինչ է ենթադրում եվրոպական ինտեգրացիան.

1. Օրենսդրության համապատասխանեցում

2. Արժեքային փոփոխություններ

3. Պարտավորությունների ստանձնում – կատարում

4. Ինստիտուցիոնալ լուծումներ

5. Անդամագրում եվրոպական կառույցներին:

Վստահաբար կարելի է ասել, որ բոլոր նշված դրույթները խիստ կարեւոր են մեր երկրի համար, եւ դժվար է անգամ որոշել այս պահի առաջնահերթությունները, բայց մեկ բան պարզ է. իրագործման տեսակետից դրանք ունեն տարբեր մեկնարկային հնարավորություններ:

Բերեմ ընդամենը մեկ համեմատություն՝ մենք կարող ենք շատ ավելի կարճ ժամանակահատվածում գրել եւ ընդունել եվրոպական օրենսդրությանը համապատասխան օրենքներ, փոխարենը՝ երկար ժամանակահատվածում չկարողանանք հասնել որոշակի արժեքային փոփոխությունների՝ կառավարման համակարգի ներսում:

Ի՞նչ ենք ակնկալում կամ պահանջում մեր հասարակությունից եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին:

Նախքան այդ, մենք պետք է մեզ հարցնենք՝ որքանով է խնդրին տեղյակ հասարակությունը:

Վստահ եմ, որ հասարակությունը մեծ հաշվով անտեղյակ է հարցին:

Տարիների ընթացքում պետք է հետեւողականորեն բացատրվեր եվրոպական ինտեգրացիայի արդյունքում պետության շահը եւ յուրաքանչյուր քաղաքացու շահը: Այդ դեպքում մենք կունենայինք այլ իրավիճակ, այլ իրազեկվածության աստիճան, այլ իրավագիտակցության մակարդակ:

Եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը, ես ուզում եմ հատուկ ընդգծել՝ պրոցեսը, մեր երկրի եւ հասարակության առողջացման եւ կայացման համար կարեւորագույն փուլ է: Այդ պատճառով չափազանց կարեւոր է ճիշտ եւ հետեւողական տեղեկատվական արշավների, քարոզչության իրականացումը:

Մենք եվրոպական ինտեգրացիայի պրոցեսից պետք է ստանանք առավելագույն օգուտներ: Դրանք վերաբերում են պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին, բայց ես կառանձնացնեի հատկապես մի քանիսը՝

– պետական կառավարման համակարգի բարեփոխումներ

– դատաիրավական համակարգի բարեփոխումներ

– քաղաքացիական հասարակության զարգացում:

Այստեղ առաջնահերթություններ դնելու խնդիր չկա. բանաձեւը շատ պարզ է՝ որքան ինտենսիվ լինեն փոփոխությունները, այնքան արդյունքը կլինի մեծ:

Սրանք այն ոլորտներն են, որոնք հաջողության դեպքում արագացնելու են մնացած բոլոր ոլորտների բարեփոխումները: Եվ ավելի մեծ էֆեկտիվությամբ է հաղթահարվելու դիմադրությունը:

Ես ուզում եմ հատուկ բարձրացնել դիմադրության խնդիրը: Այնպես չէ, որ բոլոր նրանք, ովքեր հրապարակավ խոսում են կամ ի պաշտոնե բանակցում են մեր երկրի եվրոպական ինտեգրման խնդիրներով, իրենք եվրոպական արժեքների կրողներ են կամ շահագրգռված են այս հարցում իրական առաջընթաց արձանագրելու մեջ: Իհարկե, դա այդպես չէ, այստեղ կան այլ շահեր, այլ հետաքրքրություններ, որոնք էլ ձեւավորում են անտեսանելի դիմադրության առանցքը:

Իրականում չկա քաղաքական կամ հասարակական ռեալ ուժ, հոսանք, որը մեր երկրի համար ցույց կտար եվրոպական ինտեգրացիային այլընտրանք հանդիսացող ճանապարհ: Խնդիրն այն է, որ իրական կյանքում, իրական հարաբերությունների համատեքստում իրական այլընտրանք գոյություն չունի:

Սրանով հանդերձ կա ռեալ վտանգ՝ դա եվրոպական ինտեգրացիայի դանդաղ ընթացքն է, դրա ձեւական, իմիտացիոն բնույթը: Սա հանգեցնելու է երկրի զարգացման տեմպերի եւ զարգացման բովանդակության անհստակության:

Եթե եվրոպական ինտեգրացիան չկրեց խորքային կառուցվածքային բնույթ, ապա ժամանակի ընթացքում կասկածի տակ է դրվելու պետության զարգացման վեկտորը:

Գերասիմ Բարսեղյան- «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի» նախագահ

– Վերջին շրջանում տարբեր կենտրոնների կողմից անցկացված հետազոտությունները վկայում են, որ մեր հասարակությունը առհասարակ դրական է ընկալում եվրոպական ինտեգրացիայի գաղափարը: Սակայն մարդկանց ճնշող մեծամասնությունը բավական թյուր պատկերացումներ ունի եվրոպական ինտեգրացիայի գործընթացի եւ առհասարակ եվրոպական արժեքների վերաբերյալ: Անշուշտ, այս դաշտում հանրային իրազեկման կարեւորագույն առաքելությունը պետք է կատարեն հասարակական կազմակերպություններն ու զանգվածային լրատվամիջոցները:

Ցավոք, քաղաքացիական հասարակության այս կարեւորագույն օղակները արդյունավետ չեն իրագործում վերոնշյալ խնդիրը: Այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են եվրոպական ինտեգրացիայի համատեքստում, ըստ էության բավականին քիչ են եւ, բնականաբար, դրանք չեն կարող մեծ արդյունքներ ապահովել: Հաճախ նաեւ հիմնական սկզբունքներից շեղվելու միտումներ են նկատվում: Այսինքն, հ/կ-ները հստակ խնդիրներ ձեւակերպելու, հասարակության հստակ վերաբերմունքը սահմանելու, ընդհանուր իրավիճակային վերլուծություններ անելու լուրջ խնդիրներ են ունենում: Իհարկե, կան կազմակերպություններ, որ փորձում են այս խնդիրները մասնագիտական դաշտում լուծել, բազմաթիվ հետազոտություններ են իրականացնում, եւ ոչ միայն սոցիոլոգիական, այլ նաեւ հոգեբանական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական բնույթի: Ի վերջո, նպատակը մեկն է՝ հասկանալ այսօր հասարակությունը որքանով է մոտ կանգնած եվրոպական արժեքներին եւ որոնք են այն մշակութային, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական խնդիրները, որոնց շուրջ էլ պետք է ծավալվի հասարակության տարբեր խմբերի մասնակցությամբ նպատակային քննարկումներ: Հաճախ հ/կ-ները այս դաշտում իրենց ոչ այնքան արդյունավետ գործունեությունը պատճառաբանում են ավանդական դարձած՝ անհրաժեշտ միջոցների բացակայությամբ: Սակայն նման պատճառաբանությունը զուրկ է իրական հիմքերից: Բազմաթիվ են այն կառույցները, որոնք այդ նպատակներով տալիս են մեծ ու փոքր դրամաշնորհներ: Ցավոք, դրանք մեր հ/կ-ների համար տարբեր պատճառներով ուղղակի մատչելի չեն: Նախ նրանք բավականաչափ հստակ չեն ձեւակերպում խնդիրները եւ որպես հետեւանք թույլ են մշակված ծրագրերը եւ առհասարակ մեր հ/կ-ներից շատերը վատ են պատկերացնում եւ իրականացնում միջոցների հայթայթման քաղաքականությունը: Արդյունքում՝ մեր տարածաշրջանի եւ կոնկրետ Հայաստանի համար նախատեսված պատկառելի նյութական միջոցները մնում են չծախսված:

Կարծում եմ, առանձնակի հարկ կա անդրադառնալու քաղաքացիական հասարակության եւս մեկ առանցքային ինստիտուտի՝ արհմիութենական կազմակերպություններին: Առաջադեմ Եվրոպայում արհմիութենական կառույցներն են, ըստ էության, հասարակության մեջ եղանակ ստեղծողները: Եթե այդ հասարակությունների քաղաքական կառույցները եւ էլիտան չեն ստանում արհմիութենական կառույցների աջակցությունը, ապա նրանց բոլոր ձեռնարկները ուղղակի ենթակա են ձախողման: Իրերի լրիվ այլ կարգ է Հայաստանում, որտեղ արհմիութենական շարժում, որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի: Աշխատավորների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրներով ով ասես կարող է զբաղվել, բայց ոչ արհմիութենական կազմակերպությունները, որոնք կոչված են այդ կարեւոր առաքելությունը իրականացնել: Եթե մենք գնում ենք քաղաքացիական հասարակության եվրոպական մոդելի կյանքի կոչման ճանապարհով, ապա արհմիութենական կառույցների դերը մեր հասարակության մեջ կտրուկ պետք է մեծանա:

Ընդհանրապես շատ է խոսվում այն մասին, որ պետությունը որպես գործընկեր քաղաքացիական հասարակության ինստիտուտներին չի տեսնում: Ըստ էության, քաղաքացիական հասարակության կառույցներն էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկում պետական կառավարման տարբեր մարմինների հետ համագործակցելու եւ նպատակային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Կրկին անդրադառնալով քաղաքացիական հասարակության եվրոպական մոդելին, պետք է նկատենք, որ այս տիրույթում քաղաքացիական հասարակությունը հզոր եւ ազդեցիկ համայնքն է, որը իրական հակակշիռ է թե՛ պետական հատվածին, թե՛ մասնավոր հատվածին: Ըստ էության, սա նաեւ կայացած քաղաքացիական հասարակության մոդելն է: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կվիճարկեն այս դրույթը կամ կարտահայտեն իրենց սկզբունքային անհամաձայնությունը, բայց մի բան ակնհայտ է, որ միայն այս դեպքում պետական եւ մասնավոր հատվածները իրական եւ փոխշահավետ համագործակցություն կունենան քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

Մհեր Ղազարյան – Քաղաքացիական ծառայողների ասոցիացիայի նախագահ

– Ինձ համար հստակ է մի բան, որ առաջին հերթին պետք է լինի ինտենսիվ, սերտ համագործակցություն հենց քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ: Հարցը տեղափոխենք ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպությունների համագործակցության դաշտ: Այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, տարբեր ատյաններում բավականին լուրջ քննարկումներ եղել են, բայց, միեւնույն է, մինչեւ այսօր մենք չենք գտել այն բանաձեւը, որը քաղաքացիական հասարակության այդ երկու կարեւոր ինստիտուտներին կմղեր ավելի ինտենսիվ, ավելի լուրջ, ավելի սերտ համագործակցության:

Ըստ էության, մեր խնդիրն է դիտարկել, թե քաղաքացիական հասարակությունը ինչ դերակատարում ունի եւ կարող է ունենալ եվրոպական ինտեգրման գործում: Արդյոք այն ինստիտուտները, որոնք կան Հայաստանում, գործում են եւ նպաստում հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մենք ունենք Սփյուռք, որի ներկայացուցիչների հետ շփվում ենք՝ բերելով այդ արժեքները մեր կենցաղ: Միաժամանակ, ես կարեւորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացումը, որը եվրոպական ինտեգրման համատեքստում առանցքային օղակ է:

Երվանդ Բոզոյան – քաղաքական վերլուծաբան

– Մեզ համար անզեն աչքով տեսանելի է, որ հայ հասարակությունը գնում է դեպի Եվրոպա՝ երիտասարդները ուզում են հագնել եվրոպական հագուստ, պարում են եվրոպական պարեր եւ այլն: Այսինքն, կենցաղային մակարդակով մարդիկ բնազդորեն ձգտում են դրան: Քաղաքական մակարդակով եվրոպական ինտեգրացիան անհասկանալի, վերացական խոսք է: Ուղղակի մարդիկ հեռուստացույցը միացնում են եւ որոշակի ստանդարտ նախադասություններ են լսում, որոնք նրանց մոտ երբեք չի տպավորվում:

Գերասիմ Բարսեղյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները մեր հասարակության մեջ, փաստորեն, մարգինալ վիճակում են: Ես լիովին համաձայն եմ դրա հետ: Կան, իհարկե, կառույցներ, որոնք իսկապես կողմ են, որ եվրոպական արժեքները զարգանան, դրանք մասնավորապես այն ինստիտուտներն են, որոնց դերը հասարակության մեջ շատ փոքր է: Մենք պետք է հասկանանք այս իրավիճակի հիմնական պատճառները: Օրինակ, այստեղ շատ խոսվեց արհմիութենական շարժման մասին, ես կարծում եմ, որ դա ուղղակի ժամանակավրեպ դիտարկում է, որովհետեւ արհմիութենական շարժումը օբյեկտիվ իր հասունացման պահին Հայաստանում դեռ չի հասել: Սա օբյեկտիվ իրականությունն է: Այսինքն, ինչպես որ երեխան չի կարող ծնվել մեկ ամսում, այնպես էլ արհմիութենական շարժումը չի կարող զարգանալ ու հզորանալ հինգ, միգուցե՝ տասը տարվա ընթացքում:

Ես կարծում եմ, որ հիմնարար խնդիրը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը սոցիալականացված չէ, հասարակական ակտիվ գործունեությամբ չի զբաղվում: Բոլորը խոսում են, որ եվրոպական ինտեգրացիան շատ կարեւոր դեր է կատարում, բայց այս ստանդարտ ֆրազները, ըստ էության, դեր չեն կատարում, քանի դեռ հասարակության, ժողովրդի մեծ մասը այս գործընթացում դերակատարում չունի: Իսկ որն է այս ամենի բուն պատճառը: Իմ կարծիքով, հիմնական պատճառը թույլ տեղական ինքնակառավարման համակարգն է, որը չի կարողանում հասարակ մարդուն մոտեցնել իշխանության օղակներին: Մարդը պետք է հասկանա, որ իրենից շատ բան է կախված՝ հատկապես տեղական խնդիրների լուծման տիրույթում:

Վիկտոր Ենգիբարյան – «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի նախագահ

– Շատ ճիշտ կլինի, որ մենք սկսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը: Նախ պետք է նշել, որ եվրոպական ինտեգրացիայի մի քանի հարթություններ կան. առաջինը՝ տնտեսական, կրթական, սոցիալական բարեփոխումներն են: Երկրորդը՝ անվտանգության, արտաքին հարաբերությունների հարթությունն է, եւ երրորդը՝ ներքին գործերի, ոստիկանության: Հայաստանում ինստիտուցիոնալ տնտեսական մակարդակի վրա եվրոպական ինտեգրացիան առավել հաջող ընթացք ունի: Այս դաշտում իրականացված օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումները խիստ նպատակային էին: Սակայն այստեղ, ըստ էության, հասարակության աջակցությունը չունեցանք: Սա որեւէ պարագայում չպետք է ինչ-որ բացասական իրողություն համարել: Ի վերջո, Եվրամիությունը էլիտար պրոյեկտ է, եւ այս առումով անընդունելի է պատասխանատվության տեղափոխումը հասարակության վրա: Ոչ հեռու անցյալում մենք ականատես եղանք, թե ինչպես Ֆրանսիայում եւ Հոլանդիայում ուղղակի ժողովուրդը դեմ արտահայտվեց եվրոպական պրոյեկտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել