Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ

Դեկտեմբեր 22,2007 00:00

«Կեդախի վաճառականի» հետքերով

Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական արշավը Կիլիկիո հայ առեւտրականների անցած ճանապարհներով: Աշխարհում դա միակ նավն է, որը ծովային ճանապարհորդություն իրականացրեց Եվրոպայի շուրջը: Այսօր նավը ցամաքում սպասում է այն օրվան, երբ կկարողանա Երեւանի ծովային թանգարանում այլ նմուշների կողքին զբաղեցնել իր պատվավոր տեղը: Սակայն ակումբի անդամներն իրենց դավաճանած կլինեին, եթե համարեին իրենց առաքելությունն ավարտված. չէ՞ որ աշխարհում այնքան հետաքրքիր եւ առայժմ չբացահայտված առեղծվածներ կան, այնքան անհայտ ծովեր եւ նավահանգիստներ:

Եվ ահա 2007թ. դեկտեմբերի 16-ին սկսվեց «Այաս» ակումբի երկրորդ արշավը, որի մեկնարկը կլինի Վաշինգթոնից եւ կշարունակվի դեպի Կարիբյան ծովում գտնվող Դոմինիկա կղզի: Իհարկե, այդ երթուղին պատահական չընտրվեց՝ դրա հիմքում եւս ընկած է հայկական նավատորմի պատմության ուսումնասիրությունը: Հայտնի է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դարեր ի վեր գոյություն ունեին տնտեսական հարաբերություններ, մասնավորապես՝ Ասիայից Եվրոպա տանող քարավանային երթուղիներից շատերը Հայաստանի միջով էին անցնում: Իսկ 17-րդ դարում Օստ-Հնդկական ընկերության ներկայացուցիչները հայկական բնակավայրեր են հայտնաբերել Հնդկաստանի տարբեր շրջաններում՝ Դելիում, Ագրայում, Կալկաթայում, Բոմբեյում:

1665 թվականին հայերը, Աղուրանզեբ կայսեր հրամանով, իրավունք ստացան բնակեցնել Բենգալիայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Սայդաբադ վայրը: Շուտով հայերը իրենց ձեռքը վերցրին առեւտուրը, փաստորեն՝ ձեռք բերելով տարածաշրջանի մենաշնորհը: Բացի այդ, հայերը սկսեցին լուրջ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա: Այդ ամենը հաշվի առնելով, եվրոպական Օստ-Հնդկական ընկերության ներկայացուցիչները, ջանալով ներթափանցել հնդկական շուկա, լրջորեն ուսումնասիրում էին հայերի գործելաոճը եւ աշխատում էին բարեկամական կապեր հաստատել նրանց հետ: Եվ քանի որ Պարսկաստանի տարածքով ձգվող քարավանների ցամաքային երթուղիները վտանգավոր էին, բուռն զարգացում է ապրում ծովային առեւտուրը:

Սկզբում հայերը ստիպված էին վարձել եվրոպական եւ ասիական նավերը: Դա չափազանց թանկ էր, եւ հայ առեւտրականները սկսեցին զարգացնել սեփական նավատորմը: Իհարկե, եվրոպացիները սկզբնական շրջանում փորձում էին սահմանափակել հայերի գործունեությունը տարածաշրջանում, սակայն նրանց դա չհաջողվեց՝ հայերի դիրքերը շատ ամուր էին: Արդյունքում՝ 1668 թվականին Բրիտանական վաճառականների ընկերության եւ Հայ առեւտրականների միջեւ պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ հայ առեւտրականներին շնորհվում էին նույն իրավունքները, որոնցով օժտված էին անգլիացի վաճառականները՝ ազատ տեղափոխվել երկրից երկիր, բնակվել ցանկացած քաղաքում կամ գյուղում, գնել ու վաճառել անշարժ գույքը եւ ընտրվել հասարակական պաշտոններում: Եվրոպացիներից քչերն էին արժանացել նման արտոնությունների: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց վաճառականների առաջնորդ Խոջա Փանոս Քալանթարը:

1698-ին Հնդկաստանի կառավարությունը հայերից վարձակալել է «Կեդախի վաճառական» («Quedagh Merchant») անունը կրող մի մեծ առագաստանավ: Նավը ուղղվում է Բենգալիայից դեպի Սուրաթ՝ ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով ու գործվածքներով, ափիոնով ու զենքով բեռնված: Նավապետը Ռայթ ազգանունով մի անգլիացի էր, որը ուներ նաեւ ֆրանսիական կառավարությունից ստացած անցաթուղթ:

17-րդ դարի վերջը միջազգային ծովահենների վերելքի շրջանն էր, եւ նրանցից առավել հայտնի էր բրիտանացի Ուիլյամ Քիդդը: Նա Անգլիայի թագավորից վստահագիր ուներ, որը նրան իրավունք էր տալիս բռնագրավել ֆրանսիական ցանկացած նավ: Եվ, Աստծո կամքով, 1698-ի հունվարի 30-ին, Աֆրիկայի հարավ-արեւմտյան ափի մոտակայքում Ու. Քիդդի «Էդվենչեր գալլի» («Adventure Galley») եւ «Կեդախի վաճառական» նավերի երթուղիները հատվեցին: Ծովահենները գրավեցին եւ առգրավեցին հայերի նավը՝ Ֆրանսիական անցաթղթի առկայությունը «արդարացնում» էր այդ հարձակումը: Երկու առագաստանավերը հասան Մադագասկար, որտեղ Քիդդը թողեց իր նավը եւ ճանապարհորդությունը շարունակեց հայկական նավով, այն վերանվանելով «Էդվենչեր փրայս» («Adventure Prize»), այսինքն՝ «արկածի մրցանակ»: Ու. Քիդդը ուղեւորվում է Նյու Յորք:

Անգլիայում այդ ժամանակ ծովահենների սանձարձակությունների դեմ հասարակական բողոքի հզոր ալիք էր բարձրացել: Դրանից բացի, հայ վաճառականների գանգատի հիման վրա, Հնդկաստանի կայսրը սպառնում է Եվրոպական ընկերությանը՝ խզել առեւտրական հարաբերությունները: Այդ պատճառով, Ամերիկա հասնելուն պես, Քիդդին սպասում էր իր ձերբակալման մասին հրամանը: Տեղեկանալով այդ մասին, հայտնի ծովահենը փորձեց թաքնվել Պուերտո-Ռիկոյի եւ Դոմինիկյան Հանրապետության (այն ժամանակ Էսպանիոլա) միջեւ ընկած անմարդաբնակ կղզիներից մեկում: Սակայն դա չօգնեց, եւ նա հայտնվեց դատարանի առջեւ: Ամիսներ անց Ու. Քիդդը տեղափոխվեց Լոնդոն եւ կախաղան բարձրացվեց Թեմզա գետի ափին գտնվող Թիլսբուրի թաղամասում՝ ի ցույց նրանց, ովքեր փորձեն ծովահեն դառնալ:

«Կեդախի վաճառական» հայկական նավի, ինչպես նաեւ գանձերի ճակատագիրը առ այսօր մնում է չբացահայտված: Ամենայն հավանականությամբ, նավը Կարիբյան ծովի կղզիներից մեկում հրկիզվել էր կամ ջրասույզ եղել: Առագաստանավի վերջին հանգրվանի մասին մի քանի վարկած կա, որոնց ուսումնասիրությունն էլ հենց դարձել է «Այաս» ակումբի երկրորդ արշավի նպատակը:

Ճանապարհորդությունը իրականացվելու է «Անահիտ» անունը կրող 4 ոտնաչափ զբոսանավով (յախտայով), որը ակումբի անդամ Պավել Գուլումյանը տրամադրել է արշավը իրականացնելու համար: Անձնակազմը բաղկացած է 4 հոգուց՝ Կարեն Բալայան (նավապետ), Պավել Ղալումյան, Ալեքսանդր Մարգարյան եւ Արա Թամանյան: Արշավի առաջին փուլը կտեւի մինչեւ 2008 թ. փետրվարի կեսը եւ այդ ժամանակահատվածում առագաստանավը պետք է անցնի 20 000 ծովային մղոն: Ծրագրված է, որ ճանապարհորդությունը տեւելու է մի քանի տարի: Նավաստիները փորձելու են հայթայթել տեղեկություններ, ինչպես նաեւ իրականացնել ծովի ընդերքի հետազոտություններ՝ նպատակ ունենալով պարզաբանել կորած նավի ճակատագիրը:

Այսպիսով, հայկական եռագույնը նորից ծածանվում է Ատլանտիկ օվկիանոսի ջրատարածքում, իսկ «Այաս» ակումբը շարունակում է իր գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել