Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"\"Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում

Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ստեղծագործությունը՝ Յուրի Բաշմետի ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ: Ընդ որում, այս կատարումով է Չայկովսկու անվան համերգասրահը սեպտեմբերին բացել 2007-08թթ. համերգաշրջանը: Վաչե Շարաֆյանը այն եզակի ստեղծագործողներից է, որոնց երկերին ավելի շատ անդրադառնում են Հայաստանից դուրս:

«Առավոտը» Վ. Շարաֆյանի հետ զրույցում պարզեց, որ վերջին շրջանում կոմպոզիտորը Արեւմուտքում տարեկան ունենում է շուրջ 100 համերգ, իսկ Հայաստանում նրա առանձին գործերը հնչում են ընդամենը 1-2 անգամ: Այս առիթով արվեստագետն ասաց. «Կամ իմ արվեստը հասու չէ այս երկրին, կամ՝ հակառակը: Կամ գուցե հայաստանցի աշխարհահռչակ կոմպոզիտորների քանակն այնքան շատ է, որ այստեղ իմ հերթը պարզապես չի գալիս»: Հարցին՝ երբվանի՞ց եւ ինչպե՞ս կոմպոզիտորը ճանաչվեց արտերկրում, Վ. Շարաֆյանը պատասխանեց. «1998թ. ամերիկաբնակ ջութակահար ընկերոջս՝ Մովսես Պողոսյանի հետ Օհայոյում «Նոր արվեստի եւ երաժշտության փառատոնում» հնչեցրինք Երկրորդ սոնատս, որը ճանաչվեց լավագույն գործ, ու դրանից հետո ստացա տարբեր ստեղծագործությունների պատվերներ: Նույնիսկ աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման գտավ ինձ ու պատվիրեց «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային նախագծի համար ստեղծագործություն գրել, որն առաջին անգամ կատարվեց Ֆրանսիայում: Թավջութակահարն 2002թ. եւ 2004թ. շուրջ 15 անգամ անձամբ անդրադարձել է դուդուկի, ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար գրածս «Արեւ, գինի եւ ժամանակի քամի» երկիս, այն հնչեցնելով Քյոլնի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ դահլիճներում, «Քարնեգի հոլլում» եւ մյուս հեղինակավոր սրահներում»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ համագործակցել է աշխարհահռչակ «Նյու մյուզիք» անսամբլի հետ, որն էլ 2002-ին Փիթսբուրգում, տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հնչեցրել է իր «Տարվա չորս եղանակները»… 2007թ. հեղինակի երկերի առաջին կատարումներով Միչիգանում հանդես է եկել նաեւ Սուրեն Բագրատունու թավջութակահարների դուետը, այնուհետեւ Ամստերդամի հայտնի «Ատլաս» անսամբլը կատարել է նրա «Իմ բարձրագնա լուսինը»՝ գրված 5 արեւելյան եւ 8 արեւմտյան գործիքների համար. «Կատարել եմ նաեւ կոմիտասյան 11 մշակումներ դուդուկի եւ լարայինների համար, որը Փարիզում կատարեցին Գեւորգ Դաբաղյանը եւ Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախումբը»: Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ ձեր արվեստին չեն անդրադառնում Հայաստանի պետական կոլեկտիվները եւ երաժշտագետները, Վ. Շարաֆյանն ասաց. «Բացի Կամերային նվագախմբից, իմ գործերին ժամանակին անդրադարձել են նաեւ Ֆիլհարմոնիկ եւ «Սերենադ» նվագախմբերը: Հավանաբար, 2008թ. հունվարին Զավեն Վարդանյանի նորաստեղծ նվագախումբը կկատարի իմ «Օֆերտորիումը», որի պրեմիերան կայացել է 2006թ.՝ Բուդապեշտում: Հայաստանցի երաժշտագետների փոխարեն էլ արեւմտյան մամուլի մասնագետներն են հանդես գալիս՝ «Նյու Յորք Թայմսում», «Չիկագո տրիբյունում», «Սան Ֆրանցիսկո կլասիքըլ վոյսում», ինչպես նաեւ եվրոպական հայտնի պարբերականներում»:

Ի պատասխան հայրենիքում իր արվեստի նկատմամբ անտարբերության, Վաչե Շարաֆյանը ծավալել է նաեւ հասարակական գործունեություն: Կատարած աշխատանքների թվում վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կազմակերպել է DVD-ով «Դուդուկը» ծավալուն գրքի թողարկումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել