Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզերում մշակույթի գծով ամփոփելու քիչ բան կա

Դեկտեմբեր 22,2007 00:00

Պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա:

Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու վրա: Հասմիկ Պողոսյանը նույնպես հեռու չմնաց այս խոստումներից: Երբ զրուցում էի մարզպետարանների մշակույթի պատասխանատուների հետ, պարզեցինք, որ բացի մի քանի միջոցառումներից ու ռաբիս երգիչների համերգներից, իրենց մարզերում այլ բաներ չեն կազմակերպվում, եւ կարելի է ասել՝ մշակութային կյանքը «մեռած» է:

Օրինակ, երբ Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ սպորտի բաժնի պետ Սիրամարգ Ղուկասյանին խնդրեցինք ամփոփել 2007-ը, հարցրինք, թե մշակութային ինչ միջոցառումներ են իրականացվել, նա կարողացավ նշել միայն ամենամյա պարտադիրները՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի տարելից, Ուսուցչի տոն, Թարգմանչաց տոն Օշական գյուղում, Ոսկե աշուն եւ այլն: Որպես լուրջ տոն, Ս. Ղուկասյանը նշեց «Ապարանյան ձմեռ» միջոցառումը: Այն նշվում է հունվարի 13-ին եւ այդ օրը ամբողջ մարզի «էլիտան»՝ գլխավորությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, տեղափոխվում է Ապարան: Արագածոտնում թեեւ երգի-պարի խմբակներ էլ են գործում, սակայն նրանցից շատ քչերն են իրենց մարզի սահմաններից դուրս գալիս: Միակ «հպարտությունը» Օշականի երգի-պարի համույթն է, որը Կարս քաղաքում մասնակցել է միջազգային փառատոնի:

Երբ խոսք գնաց գյուղերում մշակութային կյանքն ակտիվացնելու մասին, տիկին Ղուկասյանն իրենց գերատեսչությանն արդարացնելու համար նշեց, թե գյուղական մշակութային օջախների պատասխանատուն համայնքապետերն են եւ նրանց վրա է դրված կառույցները պահելու խնդիրը. «Քանի որ մշակույթի օջախները անցել են համայնքային ենթակայության, իսկ մեր մարզն էլ աղքատ մարզ է, համայնքներն էլ բյուջեներ չունեն՝ գյուղերում տարիներ ի վեր մշակույթի տները չեն վերանորոգվում, գյուղացիները ձմռան կեսին փողոցներում են հավաքվում, մինչդեռ, եթե գյուղում նորմալ գործող մշակույթի տուն լիներ, մարդիկ այնտեղ կհավաքվեին եւ իրենց քննարկումները հաճելի միջավայրում կծավալեին»,- ասաց Ս. Ղուկասյանը: Նրա փոխանցմամբ, հատկապես մարզի եզդիաբնակ գյուղերում մշակութային տները չեն գործում կամ, լավագույն դեպքում, եթե գործում են, ապա խարխուլ վիճակում են գտնվում (օրինակ՝ Դերեկ, Սորիկ եւ այլ գյուղերում): Մարզային պատասխանատուն չկարողացավ հիշել մի դեպք, որ մարզում մայրաքաղաքից ժամանած թատերական խմբեր ելույթ ունենան. «Դերասանները վատ են վարձատրվում, հովանավորներ չկան, որ նրանց հոգսերը հոգան: Գաղտնիք չէ, որ շատ թատերական խմբեր ծանր վիճակում են, ինչպե՞ս կարող են Երեւանից հասնել Արագածոտն: Եթե ուզում ենք մեր երկրում թատերական գործունությունը վերելք ապրի, այդ գործը պետությունն իր վրա պետք է վերցնի, համայնքների հույսին թողնելով՝ մշակույթ չենք զարգացնի»: Նա մեր թերթի միջոցով կառավարությանը առաջարկ արեց. «Եթե համայնքներին դոտացիա եք տալիս, հատուկ կետով նշեք, որ այսքան տոկոսը համայնքապետերը հատկացնեն մշակույթին, թե չէ՝ այդ գումարով աշխատավարձ են տալիս ու նորից դատարկ նստում»:

2007-ին թատերական խմբեր չեն այցելել նաեւ Սյունիքի մարզ. «Թե ինչու խմբեր չեն եկել՝ հարցրեք իրենց, այս տարվա ծրագրով Սյունիք թատերական խմբերի ժամանում նախատեսված չի եղել, այս պահին դժվարանում եմ ասել՝ եկող տարի կլինի՞, թե՞ չէ»,- «Առավոտին» իր մտահոգությունը հայտնեց Սյունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Սարգիս Դավթյանը: Նա նշեց, որ մարզի մշակութային օջախների մոտ 80 տոկոսը ոչ բարվոք վիճակում է: 2008-ին նախատեսված է 52 միլիոն դրամի շրջանակներում վերանորոգել Կապանի դրամատիկական թատրոնի շենքը: «Գյուղերին նույնպես պետք է լուրջ ուշադրություն դարձնել, պետք է գյուղացու սոցիալ- տնտեսական պայմանները բարելավվի, որ գյուղացին իրեն իրոք գյուղացի զգա, գյուղեր ունենք, որ երիտասարդություն չի մնացել, օրինակ՝ Չապնի գյուղում «երիտասարդների» միջին տարիքը 70 է»: Պարոն Դավթյանը հանրապետության համար բացառիկ երեւույթ համարեց, որ այս տարի երկու անգամ 100 հոգանոց պատվիրակությունով սյունեցիները մեկնել են Շուշի եւ իրենց մարզի անունից մասնակցել մի շարք ցուցահանդեսների ու միջոցառումների: Բացի հանրապետությունում նշվող ընդհանուր տոնակատարություններից, Ս. Դավթյանը նշեց նաեւ Տաթեւի վանքի 1100-ամյակի միջոցառումներն ու այդ օրերին մարզի 1200 երիտասարդներին կնքելը:

Վայոց ձորի մարզպետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Սոնա Մարգարյանն էլ ասաց, որ «առնետի տարուն» են փոխանցում մի շարք խնդիրների լուծման բանալին: Մասնավորապես, Եղեգնաձոր քաղաքի միակ թատրոնի գոյատեւման խնդիրը լուծելու համար հովանավորներ եւ պետության աջակցությունն են խնդրում, քանի որ թատրոնը աշխատում է միայն այն ժամանակ, երբ գումար է լինում, այն նույնիսկ հաստիքով աշխատողներ չունի: Գալիք տարուն են փոխանցում նաեւ մարզի Զետեյա եւ Փոռ գյուղերի մշակույթի տուն ունենալու հարցը: Ս. Մարգարյանը որոշակի հույսեր է կապում Սոցներդրումների հիմնադրամի հետ, քանի որ 2008-ին վերջինիս միջոցներով Վայքի 10 գյուղերի մշակույթի տներն են վերանորոգվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել