Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"\"Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով

Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակույթի կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի համոզմամբ, «Հայ-Արտ-2007»-ը բեղուն է եղել: «Ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ, յուրաքանչյուր շաբաթ նոր ցուցահանդեսով ենք արվեստասերին ներկայացել: Իրականացրել ենք նաեւ երեք ֆիլմաշար՝ «Անցյալ կատարյալ», «Խոսիր ինձ հետ», «Հայ հնագույն նվագարաններ» խորագրերով: Վերջին շարքի վերջին ֆիլմը՝ «Ծիրանի փողը», որ նվիրված է դուդուկին, կարծում եմ՝ հաջողված էր, ինչի արտահայտությունը մասնագետների գնահատականներն են: Այս գարնանն էլ կսկսենք երիտասարդական ցուցահանդեսների շարք: Կմասնակցեն շնորհալի երիտասարդ նկարիչներ ոչ միայն մարզերից, այլեւ Սփյուռքից: Արդեն արձագանքներ ունենք նաեւ Լոնդոնից ու Սիրիայից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Շառոյանը:

Փաստենք, որ երեւանյան ոչ մի մշակութային կենտրոն, ի տարբերություն «Հայ-Արտի», ֆիլմեր չի նկարում, որոնք նպաստում են հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: «Հայ-Արտը» առանձնանում է նաեւ նրանով, որ «Անդրադարձ» անունով մշակութային թերթ է հրատարակում, որտեղ կայուն էջեր կան «Հայ-Արտ» կենտրոնի վերաբերյալ: Կենտրոնում ցուցադրվող բոլոր նկարիչները եւ համագործակցող արվեստագետները լայնորեն լուսաբանվում են «Անդրադարձի» «Հայ-Արտ» էջում:

Կենտրոնի տնօրենից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ չի գործում այն սրահը, որտեղ պետք է Էդվարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվեին: «Դեռեւս 2004-ի դեկտեմբերին, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի առաջին ցուցասրահը դարձավ Էդվարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների մշտական ցուցահանդեսի սրահ: Այն նաեւ վերանորոգվեց քաղաքապետարանի միջոցներով, որպեսզի հավուր պատշաճի ներկայացնենք մեծանուն նկարչի աշխատանքները: Սակայն արդեն երրորդ տարին է՝ Իսաբեկյան ընտանիքը դռները փակել է, ցուցահանդեսը չի գործում ու չգործող սրահի համար «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը շուրջ 350 հազար դրամ գույքահարկ է վճարում: Եթե իրենք անպատրաստ էին, ապա «Հայ-Արտը» գոնե այլ կերպ սրահը կշահագործեր, որպեսզի կարողանայինք պետական հարկերն ու տուրքերը վճարել: Հիմա գուցե չգործելու արդյունքում պետության միջոցներով վերանորոգված ու կահավորված սրահի ներսում ամեն ինչ քայքայվել է: Մի տեսակ ապօրինություն է ստացվում, կենտրոնի տնօրենը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում այնտեղ: Միգուցե իր կենտրոնի համակարգում գտնվող սրահի ներսում ջո՞ւր է հոսում կամ հոսանքալա՞ր է վնասվել… Այդպես մարդ կարող է կողպել իր սեփական բնակարանը, մինչդեռ դա պետությանը պատկանող հաստատություն է»,- պատասխանեց տիկ. Շառոյանը:

Նրան հարցրինք՝ մտադիր չե՞ն քայլեր ձեռնարկել «Հայ-Արտի» մուտքը՝ մարզային ավտոբուսների, արեւածաղիկ չրթող վարորդների, ավտոբուսային խառնիճաղանջ երաժշտության «շրջափակումից» ազատվելու համար: «Այո, Երեւան-Արմավիր երթուղու միկրոավտոբուսներն ու ավտոբուսները կայանում են հենց կենտրոնի մուտքի առջեւ: Անգամ խոշոր միջոցառումների ժամանակ մեր այցելուները մոլորվում են: Ես գրություն եմ գրել Երեւանի քաղաքապետին, եւ տեղյակ եմ, որ քաղաքապետարանն էլ գրություն է ուղարկել տրանսպորտի եւ կապի նախարարություն, հուսամ՝ հարցը կլուծվի»,- ասաց Ռ. Շառոյանը: Անդրադարձ եղավ նաեւ «Հայ-Արտի բարեկամ» տիտղոսների շնորհմանը: «Մեր միջոցառումներին յուրահատուկ հյուրեր ենք ունենում՝ դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ: Օրինակ, Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն, Հովհաննես Չեքիջյանը, Հովսեփ Սեֆերյանը, Արամ Ղարաբեկյանը… Տարեմուտին էլ միշտ ամփոփում ենք, թե ինչ ակտիվ հյուրեր ենք ունեցել եւ շնորհում ենք «Հայ-Արտի բարեկամ» տիտղոսը: Անցյալ տարի այդ մրցանակը տրվեց Հովհաննես Չեքիջյանին, Սոս Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Այս տարի դեռ չենք ամփոփել, բայց վիճակագրությունից ելնելով՝ երեւի Բրազիլիայի դեսպանին շնորհենք»,- հայտնեց Ռ. Շառոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել