Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղանդների ճոխ «տեսականի» եւ մեռած օրենք

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"\"Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները:

Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը հայտարարել էր, թե վերջին տարիներին քրեական գործերում կրոնական աստառ չի նկատվում: Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, սակայն, հակառակ կարծիքի է: Ըստ վերջինիս, Հայաստանում գործող շուրջ 70 կրոնական կազմակերպությունից 35-40-ը աղանդավորական է: Չնայած այս «ճոխությանը», մեր երկրում համապատասխան օրենք գոյություն չունի:

«Գրանցված մոտ 70 կրոնական կազմակերպությունները գործում են ըստ 1991թ. կրոնի, խղճի ազատության մասին օրենքի, որը մեռած է: Այն չի գործում, 1991-ին, երբ ընդունվեց այդ օրենքը՝ աղանդ, քայքայիչ աղանդ, հոգեորսություն հասկացությունների մասին պատկերացումները մշուշոտ էին: Ցավոք, մինչեւ հիմա էլ չեն հասկանում, որովհետեւ հստակ սահմանված չէ՝ ինչ է աղանդը, քայքայիչ աղանդը, հոգեորսությունը… Հայաստանում ոչ միայն համապատասխան օրենք, այլեւ նույնիսկ մասնագետներ չունենք: Մասնագետներ ասելով՝ նկատի ունեմ կրոնագետ-հոգեբաններին, կրոնագետ-իրավաբաններին… Որոշ կրոնական կառույցների գործունեության հիմքում ըստ էության հանցագործությունն է դրված, բայց դա չենք կարող ապացուցել, որակավորել՝ մասնագետների բացակայության պատճառով: Բարեգործության անվան տակ շատ կրոնական կազմակերպություններ զբաղվում են փողերի լվացմամբ, դա եւս չենք կարող հիմնավորել՝ նույն պատճառով: Բազմաթիվ օրինակներ կբերեի, բայց չունենալով իրավական հիմքեր, անիմաստ եմ համարում դրանք հրապարակելը»,- «Առավոտին» հայտնեց պրն Ամարյանը: Նաեւ փաստեց, որ երբ 2004թ. գործողության մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, դատապարտել են սատանայապաշտների, որոնք իրենց ծիսակատարության օրենքներով սպանություն էին կատարել. «Իրավապահ մարմինները կատարվածը որակեցին որպես կենցաղային սպանություն, ու դրանով դա ավարտվեց: Ճիշտ է, սատանայապաշտները ստացան իրեն պատիժը՝ ցմահ ազատազրկում, բայց ճիշտ կլիներ, եթե ամեն ինչ իր անունով կոչվեր, ինչը համապատասխան հետեւանքներ կունենար այս կամ այն կազմակերպությունը գրանցելիս: Օրինակ, եթե վաղը սատանայապաշտները գրանցման համար դիմեն պետռեգիստր, եւ ինչպես տիկին Խառատյանն է ասում՝ ամեն ինչ հիմնավոր լինի, ստիպված կգրանցեն: Պետությունը պիտի շատ հրատապ զբաղվի համապատասխան կադրերի պատրաստմամբ եւ օրենսդրական դաշտի փոփոխությամբ»:

Ըստ մեր զրուցակցի, բոլոր կրոնական կառույցները պրովոկացիաների են դիմում, որպեսզի դրսից գումարներ ստանան, ամենուր հայտարարում են, որ իրենք ճնշված են: «Այնինչ, Հայաստանում ոչ ոք չի ճնշում, քանի որ չկա օրենք՝ նրանց ճնշելու: Մինչեւ օրենք չլինի՝ աղանդները չեն կարող հիմնավորել, որ ճնշվում են: Ցավոք, երբ Հայաստանում ասում են աղանդ, բոլորը միայն Եհովայի վկաներին են պատկերացնում, վերջերս սկսել են ավելի շատ խոսել նաեւ «Կյանքի խոսքի», մորմոնների մասին… Բոլոր աղանդներն էլ վտանգավոր են յուրովի: Միջազգային կազմակերպություններից մեկի տվյալներով, աշխարհում ինքնասպանությունների 41 տոկոսը անհատական պատճառներով է, դրա 50 տոկոսն էլ՝ կրոնական հողի վրա: Կարծում եմ, սա Հայաստանի համար փոքր թիվ չէ»,- ասում է Ա. Ամարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել