Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"\"Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը:

«Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: Մեր հերթական զրուցակիցը Արտաշատի Մրգավան գյուղի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանն է: Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենց տարածքում է՞լ են աղանդները «բույն» դրել:

«Արտաշատը բազմաղանդ է: Այստեղ կան մորմոններ, հոգեգալստականներ, եհովականներ, մկրտչականներ, ավետարանչականներ… Նրանք իրենց գործողությունները ծավալում են տարբեր մեթոդներով, մարդորսությամբ են զբաղվում թե՛ նվերներ բաժանելով, թե քարոզխոսությամբ»,- պատասխանեց հոգեւորականը: Հետո էլ փաստեց. «Ցավոք, որոշ դպրոցներում կան այլադավան ուսուցիչներ, որոնք իրենց համոզմունքներն են քարոզում աշակերտներին: Ամենադատապարտելին այն է, որ Երեւանում ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետ է գործում, որի շրջանավարտները պիտի ծառայեին քարոզչական կամ կրոնագիտության ասպարեզում, մինչդեռ մնացել են անգործ: Դպրոցներում այլ առարկաների ուսուցիչներին կրճատումներից փրկելու համար հաճախ հանձնարարում են եկեղեցու կամ կրոնի պատմություն դասավանդել: Մեկ շաբաթով, մեկ կամ թեկուզ հինգ ամսով վերապատրաստման գնացած ուսուցիչը չի կարող այդ առարկաները դասավանդել, լավագույն դեպքում կկարդա-կպատմի: Իսկ եթե այդ մանկավարժը այլադավան է, բնականաբար կվարվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Օրինակ, Արտաշատի դպրոցներից մեկում եհովական ուսուցչուհի է դասավանդում: Երբ հարց է լինում, տնօրենը մշտապես նրան պաշտպանում է, ասելով, թե նա դասերին իբր իր համոզմունքները չի քարոզում»:

«Առավոտի» հարցին՝ Արտաշատում պատահո՞ւմ են կրոնական հողի վրա ինքնասպանության, ընտանիքների քայքայման եւ այլ դեպքեր, հոգեւոր հովիվը դրական պատասխանեց: «Հենց այս պահին աչքիս առաջ ընտանիք է քայքայվում: Ամուսինները միասին են ապրում, ամաչում են ամուսնալուծվել, բայց տղամարդը ինձ հանդիպելիս միշտ ասում է, որ եհովական կնոջն ու տղային վաղուց կորցրել է».- հայտնեց մեր զրուցակիցը:

Պարզվում է, Արտաշատում աղանդավորների հետ բանավեճերը երբեմն ձեռնամարտի են հասնում: «Մեկ էլ տեսնում ենք աղանդավորները կանգնեցրել են մարդուն ու ինչ-որ բան են համոզում, բնականաբար, նա էլ հարցնում է՝ տեր հայր, հիմա ո՞վ է ճիշտ: Մեր քահանաները եւ անձամբ ես վերջերս եհովականի հետ ընդհարում ենք ունեցել, նույնիսկ ձեռնամարտ է սկսվել: Ցավոք, ցանկացած միջավայրում հանդիպում ես աղանդավորի, լինի որեւէ ընտանիք, հարսանյաց սեղան, թե հոգեհացի արարողություն: Բնականաբար, անպայման բանավեճ է ծնվում, մթնոլորտը շիկանում է»,- պատմեց տեր Մխիթարը: Հարցրինք՝ այցելո՞ւմ են Արտաշատի դպրոցներ: Տեր Մխիթարն ասաց, որ տարբեր առիթներով շփվում են երեխաների հետ, սակայն ոչ բոլոր տնօրեններն ու մանկավարժներն են բարեհաճությամբ հյուրընկալում իրենց. «Լինում է, որ տնօրեններն իրենք են հրավիրում: Բայց պատահում է, որ ասում են՝ ի՞նչ գործ ունեք մեր դպրոցում»:

Հոգեւորականին խնդրեցինք մեկնաբանել այն կարծիքները, որ որոշ աղանդներ իբր այդքան էլ վտանգավոր չեն: «Բոլոր աղանդներն էլ նույնչափ վտանգավոր են: Անգամ ավետարանչականն է մեզ խայթում, չնայած քույր եկեղեցի է համարվում: Քույր եկեղեցի լինելով հանդերձ, գողանում է մեզանից: Մի առիթով լսեցի՝ ավետարանչականը երիտասարդներին ասում էր՝ դուք քրիստոնյա եք, ներողամիտ պիտի լինեք թուրքերի հանդեպ: Ես դա չեմ ընդունում, եթե թուրքերը չեն զղջացել, ներողություն չեն խնդրել իրենց գործած մեղքերի համար, չեն ապաշխարել, թողություն չեն ստացել, ինչո՞ւ ներել նրանց: Այնպես որ, տռուզ գրպաններով որեւէ արտասահմանցի, ամերիկացի վայ քարոզիչ իրավունք չունի նման հայտարարություններ անել»: Անդրադարձ եղավ նաեւ Սահմանադրության մեջ խղճի ազատության մասին հայտնի դրույթին: «Այո՛, մարդը ազատ խղճի իրավունք ունի, բայց եթե որեւէ կազմակերպություն, գաղափարախոսություն վնաս է բերում ժողովրդին եւ պետական անվտանգությանը, պետությունն իրավունք ունի միջամտելու եւ կասեցնելու նրանց գործունեությունը: Թող նորից կարդան այդ հոդվածը: Ախր եթե տարեկան մեկ հոգի ամեն աղանդ գողանա, հսկայական կորուստներ կունենանք: Սահմանադրությունը պիտի ճիշտ կիրառել… ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի հետ անձնական խնդիր չունեմ, բարեհամբույր կին է, փայլուն ազգագրագետ: Բայց ինձ համար տարօրինակ է մի բան. տիկին Խառատյանը հայտարարելով, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու զավակ է, միաժամանակ սիրով պաշտպանում է այլադավաններին: Ո՞վ գիտե, գուցե երբ պաշտոնից հանեն՝ ասի՝ ես չէի ուզում, ինձ պարտադրում էին: Բայց կարծում եմ, պարտադրանքի մեջ էլ հայ կնոջ, հայ մոր թասիբը պիտի խոսի»,- ասաց տեր Մխիթարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել