Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեռնել գնդակից, ոչ թե վախից

Դեկտեմբեր 22,2007 00:00

Հրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա

Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում եմ» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը: Այն նկարահանվել է 2007թ. ամռանը, երբ հեղինակը ծառայում էր «Զինուժում»: Հրաչը պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է ԼՂՀ-ում՝ «առաջին գծում»: «Ֆիլմը հակապատերազմական է, զինվորի վախի հաղթահարման մասին: Խաղում են պրոֆեսիոնալ դերասաններ Աշոտ Մաթեւոսյանն ու Արա Հարությունյանը: Երաժշտությունը հանրահայտ ջազմեն Գարի Քեսայանինն է: Ընդհանրապես, «Երազում եմ»-ը Հայաստանի այն քիչ ֆիլմերից է, որտեղ ամեն ինչ օրենքի սահմաններում է՝ հեղինակային իրավունքների առումով: Նկարը 20 րոպեանոց է: Ինձ անընդհատ մեղադրում էին, որ կարճ է, բայց այդ 20 րոպեում էլ հասցրել ենք ամեն ինչ: Ասվածի արտահայտությունը պրեմիերային հանդիսատեսի ջերմ արձագանքն ու հուզմունքն էր»,- ասաց Հ. Զաքարյանը: «Մի զվարճալի դեպք պատմեմ. նկարահանման հրապարակում, որը սահմանի «բերանին» էր, վերամբարձ կռունկ էինք տեղադրել՝ հենց դիրքերի գլխին: Մեկ էլ Ադրբեջանից մեզ կապ տվեցին՝ թե ձե՞ռ եք առնում, էս ի՞նչ նոր զենք եք բերել»,- հիշեց Հրաչը: Նա այսպես ներկայացրեց իր ֆիլմը. «Երբ զինվորին առաջին անգամ դիրքեր են տանում, նրա մոտ ներքին հոգեբանական մենախոսությունն է սկսվում: Ֆիլմի գլխավոր հերոսը ընդամենը 2-3 բառ է արտասանում բարձրաձայն, բայց անընդհատ խոսում է ինքն իր հետ, վախենում է, մտահոգվում, կասկածում… Իսկ եթե հանկարծ կրակող դիպուկահարի գնդակներից մեկն էլ իրեն «բաժին ընկնի՞»: Մանավանդ շատ է պատահել, որ զինվորին մնացել է մեկ շաբաթ, որ տուն վերդառնա ու… չի վերադարձել: Բայց, միեւնույն է, ցանկացած զինվոր մտածում է՝ ավելի լավ է դիպուկահարի կրակոցից մեռնի, քան վախից: Իսկ իմ հերոսը երազում է, որ մի օր ամբողջ աշխարհի զրահատեխնիկան ոչ թե կրակի, այլ հրավառություն սփռի, ինչը ցույց ենք տալիս ֆիլմում: Հիմա մի տեսակ մոդայիկ է դարձել ղարաբաղյան թեմային մոտենալը, բայց կոնկրետ իմ ֆիլմում խաղաղության եւ վախի հաղթահարման թեման է, ու մեր ֆիլմը միակն է ղարաբաղյան հակամարտության մասին, որի մեջ ոչ մի կրակոց չկա»:

Հրաչ Զաքարյանը տեղեկացրեց, որ սովորել է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցում, 2005-ին ավարտել է այն ու զորակոչվել է բանակ: «Երազում եմ»-ը նրա 6-րդ ֆիլմն է, նկարել է եւս 5 կարճամետրաժ ֆիլմ՝ «Ալավերդյան փողոց», «Իսկուհու հարսը», «5 րոպե 42 վայրկյան», «Կենցաղն ինձ կերավ», «Էս օրն էլ անցավ»: «Քննությունից մի օր առաջ «5 րոպե 42 վայրկյան»- ը նկարեցի, մինչեւ առավոտվա 7-ն էլ՝ մոնտաժեցի: Ու պատկերացնո՞ւմ եք՝ այդքան չարչարվելուց հետո քնած մնացի՝ չգնացի քննության: «Կենցաղն ինձ կերավ»-ն էլ այսպես է ծնվել. Ալբերտ Մկրտչյանը մի օր ասաց, որ լավ չեմ աշխատում, վաղուց սցենար չեմ գրում: Եկա տուն, պառկեցի՝ աչքերս փակ, պատկերացրի, որ լիամետրաժ ֆիլմ եմ նկարում: Մեկ էլ այդ ամենը չքվեց ու մի «Մերսեդես» երեւաց աչքիս, մտածեցի՝ ինչքա՜ն եմ ուզում այդ մեքենան ունենալ, այսինքն՝ էլի կենցաղը: Ցավոք, այսօր կենցաղն այնքա՜ն է գերակշռում Հայաստանում, որ բոլորիս կերել է: Դա երկրի պայմաններից է գալիս: Բայց մեկ է, եթե չդարձա կինոռեժիսոր, ոչ մեկին էլ չեմ մեղադրի»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հրաչ Զաքարյանն ասաց նաեւ, որ պատրաստվում է իր նոր ֆիլմը ներկայացնել 2008-ի գարնանը Նյու Յորքում կայանալիք փառատոնին: Նաեւ մտերիմներին խոստացել է լիամետրաժ ֆիլմ նկարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել