Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ֆինանսավորումը կրքեր է բորբոքել

Դեկտեմբեր 22,2007 00:00

Գիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի

Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը որոշեց, թե 2008-ի պետական բյուջեից որ գիտնականների ներկայացրած թեմաներն են ֆինանսավորվելու: Նիստի ժամանակ տարաձայնություններ առաջացան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը «Առավոտին» այսպես ներկայացրեց իրավիճակը. «Սա աբսուրդ է: Մասնագիտական հանձնաժողովը ընտրության ժամանակ տվել է մի գնահատական, մեծ հանձնաժողովը՝ մեկ այլ: Ընդ որում, մասնագիտական հանձնաժողովի անդամների մեծ մասը գիտնականներ են, իսկ մեծ հանձնաժողովինը՝ ոչ: Ու չգիտես ինչու մեծ հանձնաժողովը առաջնային է համարում իր տված գնահատականները եւ կրճատում բազում արժանի գիտնականների»: Քննարկման ընթացքում Ս. Հայրապետյանը հարցով դիմեց հանձնաժողովի համանախագահ Ռուբեն Հարությունյանին՝ իրենք համեմատե՞լ են արդյոք մասնագիտական եւ մեծ հանձնաժողովների քվեարկության արդյունքները, եւ եթե դրանք տարբերվում են միմյանցից, ուրեմն պիտի պարզել՝ ո՞րն է սխալվել: Պրն Հարությունյանը պատասխանեց. «Դրա համար պիտի ունենայինք հանձնաժողովների բաշխման միջոցներ: Օրինակ՝ Կենսատեխնիկայի եւ Ֆիզիոլոգիայի հանձնաժողովներում նորմալ բաշխվածության մասին խոսք լինել անգամ չի կարող: Եթե որեւէ մեկն ինձ բողոքի, ես պարզապես ցույց կտամ այդ իրավիճակը: Այս պահին պրետենզիաները ոչ թե ինձ պիտի ներկայացնել, այլ նրանց, ովքեր ընտրել են այդ փորձագետներին: Եթե էնտամոլոգիայի մասնագետի որակավորման արժանացրել են միկրոբիոլոգին, ես ոչինչ անել չեմ կարող»:

Ս. Հայրապետյանի բարձրացրած մյուս հարցի մասին, թե ինչո՞ւ են առաջնորդվում միայն մեծ հանձնաժողովի քվեարկության արդյունքներով, Ռ. Հարությունյանը պատասխանեց. «Մեծ հանձնաժողովը մասնագիտականից ոչ մի ինֆորմացիա չի ստացել: Ավելի լավ է նրանք չաշխատեին: Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, թե ով ում համակիրն է»: Մինչ պրն Հարությունյանը պնդում էր, որ մյուս տարվանից հանձնաժողովներում փոփոխություններ են լինելու եւ փորձագիտական խմբերը վերաձեւավորվելու են, Ս. Հայրապետյանն անհանգստացած էր. «Պետության փողերը քամուն տալուց հետո՞ դա տեղի ունենա: Այսօր ամենալավ գիտնականները դուրս են մնացել ցուցակից, եւ պետության փողերը տրվում են նրանց, ովքեր գիտության հետ կապ չունեն»: ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ մոտավորապես նույն կարծիքի էր. «Եթե մենք ընդունենք այդ տարբերակը, ապա կստացվի, որ բուսաբանության առանցքային ուղղությունը՝ ֆլորայի շուրջ հավաքված դոկտորների դեպքում գոյություն չի ունենա, քանի որ քվեարկության արդյունքում լավագույն մասնագետները դուրս են մնացել»:

«Առավոտը» երեկվա զարգացումներից միայն այսքանը կարողացավ արձանագրել, քանի որ հանձնաժողովականները մեզ դուրս հրավիրեցին՝ պատճառաբանելով, որ նիստը փակ է:

Նիստի ավարտից հետո տեղեկացանք, որ խիստ նյարդայնանալով՝ նիստի կեսից հեռացել է նաեւ հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Ղարագյոզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել