Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"\"«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. քայլեր դեպի երկխոսություն» ծրագրով առաջին նախագիծը՝ «Ադրբեջանի օրերը», անցկացվեց Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ինձ անակնկալի բերեց թե՛ հասարակական մեծ ուշադրությունը նախագծին Հայաստանում եւ Հայաստանից դուրս, թե՛ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի օպերատիվ պաշտոնական արձագանքը. «Նման միջոցառումները, չլինելով ինքնանպատակ, պետք է ունենան իրենց շարունակությունը ծրագրում ներգրավված բոլոր երկրներում: Հանրային դիվանագիտության եւ ժողովրդական շփումների միջոցով է, որ հնարավոր է նպաստել ԼՂՀ հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացին»:

Փաստ է, որ այսպիսի գնահատականն անակնկալ եղավ մամուլի համար եւ ենթադրությունների տեղիք տվեց… Ես մի պատասխան ունեմ հնչած ու չհնչած բոլոր հարցերին ու կասկածներին, կրթահամալիրի ինտերնետ կայքում (www.mskh.

am) կարդացե՛ք նախագծում ներկայացրած «Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարման համատեքստում» իմ զեկուցումը, կարդացեք նախագծի շրջանակում անցկացված «Ադրբեջան. թշնամի, թե բարեկամ» թեմայով սովորողների եւ ուսուցիչների շարադրությունները…

Հիմա բուն խնդրի՝ հայ-ադրբեջանական չկարգավորված (այս տարիներին խնամքով սառեցված) հակամարտության, Ղարաբաղի չլուծված խնդրի մասին: Ընդունեցինք, որ այս խնդիրը չի կարող կարգավորվել առանց ղարաբաղցիների (իրենց բնիկ հողում արժանապատիվ ապրող եւ հարգանքի արժանի մարդկանց՝ մեր հայրենակիցների) մասնակցության, ընդունենք, որ չի կարող խաղաղ կարգավորում լինել առանց Ադրբեջանի, ասել է թե՝ առանց ադրբեջանցիների համաձայնության: Մնացին Հայաստանն ու հայաստանցիները… Ես, ի դեպ, միշտ հանդես եմ եկել միայն իմ՝ հայաստանցու անունից եւ իմ բոլոր գործողություններով պաշտպանել ու պաշտպանելու եմ իմ շահերը…Ես չեմ խոսել ու չեմ խոսելու փոխզիջման մասին: Պնդում եմ՝ Ղարաբաղի խնդրի լուծումը՝ որպես համակեցություն, որպես այսօր ապրող մարդկանց, հարեւան ժողովուրդների (հասարակությունների) համաձայնության հաստատում, բարդ եւ ստեղծագործական աշխատանք է, որը ենթադրում է հասարակության ողջ ներուժի, կենսունակ անհատի տաղանդի դրսեւորում: Այս թվում՝ հանրակրթության համակարգի աշխատողների եւ սովորողների կազմակերպում: Աշխատանք, որը պահանջելու է եւ համապատասխան գործիքներ՝ ինչպես փոխզիջումը, ապառազմականացումը, փախստականների վերադարձը, տարածաշրջանում խաղաղարար ուժերի տեղադրումը… եւ էլի: Գործիքների մի մասը անհրաժեշտ կլինեն համակեցության համաձայնությունը հաստատելու համար (ինչպես փոխզիջումը), իսկ կլինեն եւ գործիքներ, որոնք կհեշտացնեն համաձայնությունը: Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում այսօր ապրող մարդու իրավունքներն ենք ապահովելու մեր համակեցության մասին համաձայնությամբ: Երեկվա բեռը անհրաժեշտ է թոթափել հանուն այսօր ապրող մարդու ազատությունների սահմանափակումների շուտափույթ վերացման, հանուն պետության կողմից ստանձնած պարտավորության՝ մարդու իրավունքների ապահովման: Մարդը Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում հայտնվել է անհեռանկար մի վիճակում՝ սառեցված հակամարտությունում, որտեղ նրանից խլվել է որոշումներ կայացնելու, որոշումներին մասնակցելու, նոր համակեցության համաձայնության հաստատմանը մասնակցելու (իրագործելու) իրավունքը: Եվ հիմա էլ նա՝ մարդն ու քաղաքացին, պիտի գործածի այդ իրավունքը՝ հետապնդելով, այո, կոնկրետ ու անհատական շահեր, հակամարտության լուծումով ընդարձակի իր քաղաքացիական ազատությունները, ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ ապրի:

Նախընտրական այս փուլը, եթե ՀՀ նախագահի ընտրությունները քաղաքական գործընթաց են, ոչ թե սոսկ իշխանությունը վերարտադրելու պարտադրված միջոցառում, եթե քաղաքացիների (հայաստանցիների) ազատությունների (օրինակ՝ ազատ արտահայտվելու, գաղափարներ ու տեսակետներ տարածելու) սահմանափակումների վերացման եւ ընտրական իրավունքի վերկանգնմանն է ծառայելու, ապա չի կարող առաջին պլան չբերել ՀՀ նախագահի թեկնածուների՝ որպես համակեցության համաձայնության համակարգողի պատկերացումները բուն համաձայնության մասին: Այո՛, թե՛ Հայաստանի նախագահը, թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ Արցախի նախագահը նախ եւ առաջ համակեցության համաձայնության համակարգողները պիտի լինեն: Ահա ինչու ես ողջունում եմ արտգործնախարարի մամլո քարտուղարի հայտարարությունը: Իսկ չորրորդ իշխանության բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպություններին եւ խմբերին, խնդրում եմ նպաստել ներհայաստանյան համագործակցությանը, հակամարտության բոլոր շահառուների լիարժեք հաղորդակցության հաստատմանը՝ բացառելով շանտաժի, ահաբեկման, թյուրիմացության, բռնության որեւէ դրսեւորում, ասել է թե՝ չշահարկենք հակամարտությունը: Այս փուլում շատ կարեւոր է նախ սովորել լսել միմյանց՝ Հայաստանում, Ադրբեջանում, թե Արցախում մեկը մյուսի մասին խոսելուց սահուն եւ անվերադարձ անցում կատարելով մեկը մյուսի հետ խոսելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել