Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ կան չփարատված կասկածներ

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"\"«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքներին:

Ըստ պաշտոնական վարկածի, զինվորը հոսանքահարվել է ժ. 23-ի սահմաններում՝ զորամասի կապի հանգույցի շենքի մոտ, տելեսկոպիկ կայմի ձգաձողի (տրոս) տակ: Ի դեպ, էլեկտրահարվել էր նաեւ մեկ այլ զինվոր՝ Ա. Գալստյանը: Էլեկտրահարման վարկածը առաջ է քաշել նախաքննության մարմինը՝ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունը: Սակայն Տիգրանի հոր՝ ՌԴ քաղաքացի Սուրեն Օհանջանյանի բողոքներից հետո վարույթը տեղափոխվել էր ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քննչական բաժին:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ զինվորի հայրը ասել էր իր կասկածների մասին. իր տղայի դիակի վրա եղել են մարմնական վնասվածքներ: Մասնավորապես, նշել էր թեւը եւ ձեռքերը: Տիգրանի հարազատները «հոսանքահարվելուց» մեկ շաբաթ առաջ տղայի հետ տեսակցության ժամանակ տեսել էին նրա աչքի եւ հոնքի շրջանում վնասվածքներ: Այսքանով հանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարվել էր ընդունել տուժողի հորը, լսել նրա կասկածները:

Ըստ փորձագետ Վ. Ադամյանի թիվ 694/33 եզրակացության, իրեն տրվել էին հետեւյալ հարցերը, որոնք մինչ օրս փարատված չեն. մահը ե՞րբ է վրա հասել, ի՞նչն է եղել մահվան պատճառը, դիակի վրա եղե՞լ են մարմնական վնասվածքներ, եթե կան մարմնական վնասվածքներ, ապա դրանց պատճառման հաջորդականությունն ինչպիսի՞ն է, դրանք կենդանության օրո՞ք են հասցվել, թե՞ մահվանից հետո: Փորձագետին տրվել էր նաեւ զինվորի տվյալ պահի վիճակը բնութագրող հարց. ալկոհոլ կամ որեւէ այլ բան օգտագործե՞լ է:

Փորձագետի հետեւությունը մեկն էր. մահը վրա է հասել էլեկտրական հոսանքի ազդեցությունից, էլեկտրահարությունից, Տիգրանի պարանոցին, ձախ դաստակին, մատներին, աջ ոտնաթաթին առկա են եղել արյունազեղումներ, որոնք, դարձյալ ըստ փորձագետի, պատճառական կապ ունեն նրա էլեկտրահարվելու հետ:

Սակայն, ըստ փորձագետի, կա մի այլ հանգամանք էլ. «Տ. Օհանջանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի քերծվածքներ, որոնք առաջացել են կենդանության օրոք, բութ առարկաների ազդեցությամբ, նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում»: Տիգրանի օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել, ալկոհոլիդային խմբին պատկանող թմրանյութերի նկատմամբ նրա ռեակցիան եղել է բացասական:

«Առավոտին» տուժողի հայրը ասաց, որ որդու հագուստները փոխված են: Այսինքն, իրեղեն ապացույցը կեղծված է:

Հոր կասկածներով, որդու մահը վրա է հասել ավելի շուտ, իսկ լուսանկարում պատկերված կտրվածքը սպանության վարկածի օգտին է խոսում: Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել