Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ

Դեկտեմբեր 22,2007 00:00

«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում

Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: Հաշվի առնելով, որ ցրտերն արդեն ընկել են եւ առջեւում Ամանոր է, մարդիկ անգամ տոների համար պահած իրենց վերջին խնայողությունները վճարում են «ՀայՌուսգազարդին», որպեսզի տարեմուտը դիմավորեն տաք բնակարաններում: Մինչդեռ շատ դեպքերում գազ ունենալը բնակիչների վրա ավելի թանկ է նստում, քան իրենք կարող էին պատկերացնել: Նախ, սկսած հրշեջ ծառայության թույլտվությունից մինչեւ բնակարաններում խողովակները տեղադրելու, ներտնային աշխատանքներ կատարելու ծառայությունների համար պահանջվող գումարները՝ բնակիչն արդեն 50-60 հազար դրամի ծախս է անում: Բացի օրինական վճարներից, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներն էլ իրենց հերթին են «լեւի» գումարներ պահանջում բնակիչներից: Օրինակ, ընկերության աշխատակիցները Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 88, 90 եւ 104 շենքերի բնակիչներից, բացի սահմանված գումարից, հավելյալ վերցրել են 2000 դրամ՝ պատճառաբանելով, թե դա անհրաժեշտ է սպասարկման եւ բանվորների կատարած աշխատանքների համար: Մինչդեռ նման ծախս օրինականորեն նախատեսված չէ, քանի որ բնակիչը «ՀայՌուսգազարդին» արդեն այդ նույն ծառայությունների համար առանձին վճարում է:

Նույնիսկ «աջ» ու «ձախ» պահանջվող բոլոր վճարումները կատարելուց հետո էլ գազը պայմանագրով խոստացված ժամկետներում չի մատակարարվում: Բնակիչները նախապես պետք է ամբողջ գումարի 80%-ը վճարեն, որպեսզի գազի խողովակները բնակարան հասցնեն, իսկ մնացած 20%-ը վճարելուց հետո հաշվիչներն են տեղադրում եւ կատարում բոլոր միացումները: Անդրանիկի 88 շենքի բնակիչները պատմում են, որ չնայած նախօրոք բոլոր գումարներն արդեն վճարել են, գազի խողովակները տուն հասցնելուց հետո բանվորներն էլ իրենց հերթին են գումար ուզել՝ ասելով, որ եթե չտան՝ ոչ մի աշխատանք էլ չեն անի: Բացի այդ, «Երեւանգազի» գրասենյակում էլ առանձին են բնակիչներից գումար պահանջել. «Երբ գնացի Մալաթիա-Սեբաստիա համայնքի գազի գրասենյակ, բոլոր վճարումները կատարելուց հետո աշխատակցուհին 2000 դրամ պահանջեց, երբ հարցրի՝ ինչի՞ համար է, աշխատակցուհին վստահեցրեց, որ այդ գումարով բանվորները պիտի գան ու հաշվիչի տուփը տեղադրեն: Այդ տուփը տեղադրելու ժամանակ էլ բանվորներն էլի 2000 դրամ ուզեցին: Ես հրաժարվեցի վճարել՝ ասելով, որ գրասենյակում արդեն մուծել եմ: Արդյունքում՝ բանվորներն ուզում էին առանց աշխատանքն ավարտելու հեռանալ: Ստիպված եղա կրկնակի վճարել»:

«ՀայՌուսգազարդի» գազիֆիկացման աշխատանքներից դժգոհում են նաեւ Արաբկիր համայնքի բնակիչները: Նրանց ներկայացմամբ՝ դեռեւս հոկտեմբեր ամսին վճարել են, սակայն մինչ օրս բազմաթիվ բնակարաններում գազի խողովակներ դեռ չեն անցկացրել: Նկատենք, որ «ՀայՌուսգազարդի» ընդունած կանոնակարգի համաձայն, գումարի 80%-ը վճարելուց հետո ընկերությունը պարտավորվում է 40 օրվա ընթացքում գազի խողովակները հասցնել տուն: Թբիլիսյան խճուղի 7 հասցեի բնակիչները չնայած 2-3 ամիս առաջ արդեն բոլոր վճարումները կատարել են, սակայն շենքի գազիֆիկացման աշխատանքներն ընկերությունը նոր-նոր է սկսել իրականացնել: Մի քանի օր առաջ էլ շենքի գազիֆիկացման աշխատանքներն անհասկանալի պատճառներով դադարեցվել են: Արաբկիրի գազի գրասենյակից բնակիչներին պատճառաբանել են, թե «մատերիալ չունենք, երբ կլինի՝ էն ժամանակ էլ գազը կքաշենք»: Նշենք, որ բնակչի կատարած վճարումների մեջ նաեւ ներառվում է խողովակների «մատերիալի» գումարը, այնպես որ, ընկերությունը պարտավոր էր պայմանագրում նշված ժամկետում կատարել գազիֆիկացումը:

Այդ շենքում շատ բնակիչներ 60-70 հազար դրամ պարտք են արել՝ հույս ունենալով, որ Ամանորին գազ կունենան: Սակայն Ամանորին մնացել են հաշված օրեր եւ գազիֆիկացման աշխատանքներ շենքում, ըստ էության, չեն կատարվել:

Նշենք, որ եթե նույնիսկ բնակիչներին հաջողվում է իրենց բնակարաններում գազ անցկացնել, այնուամենայնիվ, ողջ տարվա ընթացքում ստիպված են լինում «ՀայՌուսգազարդին» շարունակ մուծվել՝ անհասկանալի ծառայությունների դիմաց: Օրինակ, ներտնային սպասարկման համար ընկերության սահմանած վճարները բնակչության դժգոհությունն են հարուցել: Այս աշխատանքների համար տարեկան բնակարաններում ամեն մի գազի կետի համար սահմանված է 2400-ից մինչեւ 6900 դրամ: Բնակիչները վստահեցնում են, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները տարին մեկ թակում են իրենց դուռը ու փողերը հավաքում՝ առանց որեւէ ստուգում իրականացնելու. «Փոխանակ ստուգեն գազի արտահոսք կա՞ թե՝ ոչ, նույնիսկ շեմից ներս չեն մտնում, պարզապես բնակչից հարցնում են՝ գազի հոտ զգո՞ւմ եք: Ես թոշակառու մարդ եմ, ինձ համար տարեկան 6900 դրամը բավականին մեծ գումար է, էդ մարդիկ ներտնային ոչ մի սպասարկում էլ չեն անում: Եթե ինձ պետք լինի ու գազի հոտ առնեմ՝ ինքս մասնագետ կկանչեմ, թե չէ ստացվում է՝ դուռս թակելու համար եմ ես իրենց վճարում»: Բացի գազի կետերի համար վճարումներից, գազի տեսուչները ծխնելույզը մաքրելու պատրվակով էլ բնակիչներից պահանջում են եւս 1500 դրամ:

Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը հաստատեց, որ բնակիչներից իրենք էլ են ահազանգեր ստանում՝ ապօրինի գումարներ գանձելու վերաբերյալ. «Նման դեպքերում մենք մարդկանց հորդորում ենք չվճարել, իսկ եթե կան դժգոհություններ, ապա անպայման դիմեն մեր գրասենյակ, որպեսզի կարողանանք կանխել նման երեւույթները»:

Արաբկիրի գազի գրասենյակի պետ Արամ Հակոբյանը պարզաբանեց, որ իրենց համայնքում խնդիրներ կան միայն աշխատակիցների քանակի առումով. «Էդ որ ասում են մատերիալ չունենք՝ սուտ է: Նման բան չկա: Իսկ եթե մարդիկ բողոքում են, որ հոկտեմբերին վճարել են ու մինչ օրս գազ չենք քաշել, թող կտրոններով ներկայանան ինձ մոտ՝ ես կզբաղվեմ այդ խնդրով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել