«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ունեն միայն նախկին իշխանությունները:
Ճիշտ է, մենք ոսկի չենք եղել, բայց չարությունը մեզ երբեք բնորոշ չի եղել»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ «Մեր իշխանության օրոք 300 հազար գյուղացի սեփականություն է ստացել, մոտ 8 հազար խանութ է սեփականաշնորհվել, սակայն մեզանից ոչ ոք սեփական հող, խանութ կամ բիզնես չի ունեցել, իսկ հանրապետության ներկայիս նախագահն ու վարչապետը տառապում են միայն միլիոնատեր դառնալու մոլուցքով»: Ըստ պարոն Բագրատյանի, հանրապետության առաջին դեմքերն ու նախարարները իրավունք չունեն սեփական բիզնես ունենալու, մինչդեռ այսօր Հայաստանում տասնյակ խոշոր օբյեկտներ հենց նրանց են պատկանում: Նրա խոսքերով՝ «Ոչ ոք երեխա չէ, ո՞վ չի հասկանում, որ, ասենք, «Արմավիան» իրականում Սերժ Սարգսյանին է պատկանում: Հենց նա հովանավորեց Միխայիլ Բաղդասարովին ու ամսական 30 չվերթ իրականացնող եւ 1 միլիոնից ավելի մարդ սպասարկող «Հայկական ավիաուղիները» սնանկ դարձրեց, որ նոր ավիաընկերություն ստեղծի: Կամ հանրապետության ընդամենը 5-6 խոշոր հիվանդանոցներից 2-ը պատկանում է առողջապահության նախարարին՝ Քուշկյանին, իմ կարծիքով, այդ նախարարը պետք է հրաժարվի իր պաշտոնից»: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Հ. Բագրատյանը նշեց, որ, իր համոզմամբ՝ ընտրությունները կընթանան մեկ փուլով, իսկ հաղթելու ամենամեծ շանսերն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ թե ինչու է նա իր համոզմունքների մեջ վստահ, նախկին վարչապետն այսպես է մեկնաբանում. «Նախ, Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրված ինը թեկնածուներից միակն է, որը ազնիվ է եղել, չի թալանել եւ բարձր պաշտոնը չի չարաշահել: Շփվել եմ թեկնածուներից վեցի հետ, մնացած երեքին՝ Արման Մելիքյանին, Արամ Հարությունյանին եւ Տիգրան Կարապետյանին չեմ ճանաչում եւ վստահորեն կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանն անհամեմատ կիրթ ու խելացի է»: Հ. Բագրատյանը կարծում է նաեւ, որ նախկին նախագահի նախընտրական ծրագիրն ամենաուժեղն է, իսկ մեզ հենց նրա նման նախագահ է հարկավոր, որը կկարողանա սառնասրտորեն լուծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեցած մեր տարաձայնությունները:
Նախկին վարչապետը քննադատաբար է վերաբերվում նաեւ ներկայիս ընդդիմադիր գործիչների պահվածքին: Նրա խոսքերով՝ «Նախագահի թեկնածու առաջադրված բոլոր 8 ընդդիմադիրները պետք է խոսեն մեկի՝ Սերժ Սարգսյանի դեմ, բայց իրար դեմ են խոսում: Քաղաքակիրթ երկրներում նման պահվածքի համար ընդդիմադիրներին ցուցակից անմիջապես հանում են»: