Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը սկսել են ճոխ ապրել

Դեկտեմբեր 22,2007 00:00

Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի

«Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայէլցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Այն հարցին, թե այդ բարձրացումը ե՞րբ կլինի, նա պատասխանեց. «Համոզված եմ, որ 2008-ին չի լինի ոչ մի բարձրացում, հաջորդ տարիների մասին դժվար է խոսել»: Նա դժվարացավ նաեւ կանխատեսել, թե կոնկրետ որքան կթանկանա էլեկտրաէներգիայի սակագինը, դա կախված է նրանից, թե որքանով ձեռք կբերեն գազը:

Գրեթե ամեն տարի մայրաքաղաքում ձմռան ամիսներին սկսում են էլեկտրաէներգիայի երկարաժամկետ եւ հաճախակի անջատումները: Չնայած որպես կանոն էլեկտրիկները բնակիչներին ասում են, թե ամանորյա օրերին ծանրաբեռնվածությունից մալուխների վթար է եղել, սակայն իրականում տարեվերջին տեսուչները հաշվետվություն են ներկայացնում իրենց վերադասին ու հոսանքն անջատելով՝ պարզապես ցանկանում են ծածկել իրենց «ապօրինությունները»՝ հաշվիչները առաջ ու ետ տալով: Մեր այն դիտարկմանը՝ այս տարի՞ էլ մարդիկ ստիպված պետք է լինեն Նոր տարին դիմավորել մոմի լույսի տակ՝ պարոն Գլադունչիկը պատասխանեց. «Մեզ նման բողոքներ չեն հասել: Մենք խնդրում ենք մեր սպառողներին, որ նրանք էլեկտրամատակարարումից որեւէ բողոքի դեպքում դիմեն մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ հարցերը լուծել: Ինչ վերաբերում է անջատումներին, ապա ասեմ, որ դրանք իրոք կան: Սակայն վերջին շրջանում այդ անջատումների քանակը կրճատվել է 2 անգամ: Այլ հարց է, որ մենք չենք նախազգուշացնում ո՛չ վթարային անջատումների, ո՛չ էլ այլ աշխատանքների համար, ինչը սխալ է: Ցավոք, մենք դեռ չենք սովորել քաղաքացիներին նախազգուշացնել անջատումների մասին»: Նախատեսվում է, որ հաջորդ տարվա հունիսից մետրային հեռուստաալիքներից որեւէ մեկով ՀԷՑ-ը բնակիչներին արդեն կտեղեկացնի բոլոր պլանային անջատումների մասին, ինչպես դա արվում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ անջատումները նաեւ տեսուչների քմահաճույքը լինեն՝ պարոն Գլադունչիկը պատասխանեց. «Եթե կարծում եք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել, ապա՝ այո, շատ հնարավոր է: Բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, եթե անգամ տեսուչները մեծ ցանկություն ունենան: Երեւանում 100 հազարից ավելի էլեկտրական հաշվիչ է տեղադրված, իսկ այդ հաշվիչներն անհնար է հետ ու առաջ տալ: Բացի այդ, դրանից ի՞նչ օգուտ ունի տեսուչը»: Նշենք, որ 100 հազարից բացի, մնացած բնակիչները դեռ օգտվում են նախկին հաշվիչներից, որոնց հետ տեսուչները հեշտությամբ կարողանում են «մախինացիաներ» անել:

Ի դեպ, պարոն Գլադունչիկը նկատել է, որ մեր քաղաքացիները օրեցօր ավելի ու ավելի լավ են ապրում: Ըստ նրա, մոտ 5%-ով էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելացել է, դրանից էլ պարոն Գլադունչիկը եզրակացրել է, որ հայերը սկսել են լավ ապրել, քանի որ օգտագործում են օդակարգավորիչներ, ջեռուցման համակարգեր եւ այլն:

Իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցը նշեց, որ բնակիչները էլեկտրաէներգիայի վճարումները հիմնականում պարտաճանաչ կատարում են: Վերջին 2-3 տարիների ընթացքում հավաքագրումը հասել է 100%-ի. «Այս տարվա 11 ամիսների տվյալներով՝ արդեն հավաքագրվել է 99,2%»: Ըստ նրա, միայն մի քանի մարզերում հավաքագրման հետ կապված խնդիրներ կան, չնայած դրան՝ շատ եզակի դեպքեր են լինում, երբ մեկ ամսվա պարտքը տեղափոխվում է այլ ամիս:

ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀԷՑ-ը ոչ ակնհայտորեն՝ ներքին կարգով սատարում էր «Հանրապետական» կուսակցությանը: Հարցին՝ նախագահական ընտրություններին ո՞ր թեկնածուին եք սատարելու, պարոն Գլադունչիկը պատասխանեց, որ ընտրությունների հետ կապ կունենան միայն այնքանով, որ ընտրատարածքներում կապահովեն անխափան էլեկտրամատակարարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել