Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, սա այն դեպքն էր, երբ երկու երնեկը մեկտեղվեցին՝ Երեւանի Աջափնյակ համայնքի չորրորդ աստիճանի վթարային բնակելի շենքերի բնակիչները Նոր տարին նոր բնակարաններում կտոնեն: 27 տարի վթարային շենքերում բնակված եւ հույսը գրեթե կորցրած բնակիչների ուրախությունը սահման չուներ, մանավանդ որ, նոր բնակարաններ տեղափոխվելը նրանց համար անակնկալ էր՝ ընդամենը տասն օր առաջ էին նրանց այդ մասին տեղեկացրել: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կառուցված շենքերի բացման արարողությանը երեկ ներկա էին հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Աղետի գոտուց դուրս գտնվող 4-րդ կարգի վթարայնության, այսինքն՝ քանդման ենթակա շենքերի բնակարանների փոխհատուցման մասին հատուկ որոշումը կառավարության կողմից ընդունվել է դեռեւս 2000 թվականին, իսկ առաջին շենքը Երեւանում այդ նպատակով կառուցվել է 2005-ին։ Նկատի ունենալով սկզբնական փուլում կիրառվող դրամական փոխհատուցման առանձին դեպքերում անարդյունավետ օգտագործումը բնակիչների կողմից եւ դրա սոցիալական հետեւանքները, Երեւանի քաղաքապետարանը իր նախաձեռնությամբ 2005 թվականից որդեգրեց բնակարաններով փոխհատուցման սկզբունքը: Բնակիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց, որ այս ծրագրի գործունեության երեք տարիների ընթացքում կառուցվող նոր շենքերի թիվը յուրաքանչյուր տարի կրկնապատկվում է: 2006-ին շահագործման է հանձնվել արդեն 3 շենք՝ 2 միլիարդ 620 մլն դրամի ընդհանուր ծավալով. արդյունքում՝ նոր բնակարաններով ապահովվեց 179 ընտանիք։ Այս տարի կառուցվել է արդեն չորս բնակելի շենք՝ 2,8 մլրդ դրամ արժողությամբ՝ այդ նպատակով կառուցված շենքերի ընդհանուր թիվը հասցնելով 8-ի: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան փողոցում 10 հազար 476 քմ ընդհանուր մակերեսով տասը հարկանի երեք շենքերի կառուցման համար հատկացվել է ավելի քան 2 միլիարդ դրամ: Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում նույն ծրագրի շրջանակներում կառուցվել է 12 հարկանի 60 բնակարանանոց եւս մեկ շենք՝ 5170 քմ ընդհանուր մակերեսով եւ շուրջ 980 մլն դրամ արժեքով:
Այս 4 շենքերի 210 բնակարանները համապատասխանաբար հատկացվել են քանդման ենթակա թվով 8 վթարային շենքերի բնակիչներին՝ մայրաքաղաքի տարբեր համայնքներից: Բոլոր այս շենքերում իրականացված են ներքին հարդարման, ջեռուցման մարտկոցների մոնտաժման, արտաքին կոմունիկացիաների՝ ջրի, գազի, ցածր եւ բարձր լարման էլեկտրասնուցման մալուխային գծերի միացման աշխատանքները: Բարեկարգվել է շրջապատը, կառուցվել են պահանջվող հաղորդուղիները, ենթակայանները, հենապատերը:
«Կառավարության եւ անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ցուցաբերվող մեծ ուշադրությունը սոցիալական եւ հումանիտար կարեւոր նշանակություն ունեցող այս հարցի նկատմամբ վստահություն է հաղորդում, որ այն կայուն զարգացում է ունենալու: Կառուցելու ենք այնքան, մինչեւ այս հիմնախնդիրը վերանա մեր մայրաքաղաքում, դա հստակ պետական գործընթաց է: Նման ծավալներով շարունակելու դեպքում մենք առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կլուծենք Երեւանի չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը ամբողջությամբ: Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել կառավարությանը եւ վարչապետին՝ օժանդակության եւ օգնության համար: Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ցանկանում եմ ժպիտ եւ երկարակեցություն»,- իր խոսքում նշեց Երվանդ Զախարյանը: