ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու է երկու փուլով: Ըստ նրա՝ պարզ թվաբանությունը հուշում է, որ մեկ փուլով հաղթելու համար անհրաժեշտ ձայներ քաղաքական որեւէ գործիչ դժվար հավաքի:
Ուստի, ըստ Հրայր Կարապետյանի, սոցիոլոգիական վերջին կանխատեսումներն այս առումով այնքան էլ հավանական չեն, այնպես, ինչպես թեկնածուների վարկանիշների վերաբերյալ տվյալները: (Թեեւ «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն օրերս «ՀԱ»-ին տված հարցազրույցում չէր համաձայնել այն տեսակետին, թե նախագահն ընտրվելու է առաջին փուլում. «Ժողովրդի գերակա վստահությունը վայելող թեկնածուի առավելությունը թեեւ էական կլինի, բայց 1-ին փուլում նա կարող է 50 տոկոսը գերազանցող քվե չստանալ»)։ Հրայր Կարապետյանի համոզմամբ՝ ՀՅԴ-ի թեկնածուին նվազագույնը պետք է վերագրեին այնքան տոկոս, որքան կուսակցությունը հավաքել է խորհրդարանական ընտրություններում՝ հաշվի առնելով կայուն ընտրազանգված ունենալու հանգամանքը. «Եթե ուրիշ կուսակցության մասին խոսեինք, ես միգուցե հասկանայի, բայց հստակ իմացեք, որ այն ձայները, որոնք ԱԺ ընտրություններին տվել են Դաշնակցությանը, ինչպես ասում են, մեր թեկնածուի գրպանում են. այդ կա ու կա: Էլ չեմ ասում, որ թեկնածուի անձնական հատկանիշները դրան կավելացնեն ձայներ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաեւ մտահոգություն է հայտնել ներկայումս օգտագործվող սեւ PR-ի վերաբերյալ. «Կա որոշակի սահման, որը պետք չէ անցնել: Ես կոչ եմ անում բոլոր թեկնածուներին՝ չանցնել քաղաքական պայքարի շրջանակները»: Վստահեցրել է, թե նախընտրական արշավի ընթացքում իրենց թեկնածուն եւ նրա թիմը հենց այդպիսի վարք կպահպանեն, թեեւ «ամենաշատը մենք կարող էինք որոշակի անձերի, ուժերի քաղաքական մեղադրանքներ ներկայացնել, բայց մենք դա չենք անում»: Իսկ ներկայումս իրականացվող հակաքարոզչությունը, ըստ Հրայր Կարապետյանի, ընտրողների մոտ կառաջացնի հիասթափություն: