Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կհանձնի Ղարաբաղը

Դեկտեմբեր 22,2007 00:00

Ծանրութեթեւ են անում քաղաքական գործիչները

ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների հանձնումը՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման: Վարդան Օսկանյանը դրական խոսեց այդ առաջարկների մասին էլ, հատուկ ընդգծելով, թե փաստաթղթում տեղ է գտել ինքնորոշման իրավունքը: Դրան հաջորդած բրյուսելյան հանդիպումներում եւ հայտարարություններում վարչապետ Սերժ Սարգսյանն էլ ակնարկեց, թե ինքն էլ սկզբունքորեն պատրաստ է ԼՂՀ հարցի կարգավորմանը: Այս ամենը պաշտոնական քարոզչությամբ ներկայացվեց միայն վարդագույն գույներով՝ զուգահեռաբար խտացնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին «դավաճան հանելուն» միտված քարոզչությունը:

«Անկախ նրանից՝ իշխանությունը Հայաստանում կվերարտադրվի, թե՝ ով կգա իշխանության, տվյալ ղեկավարը փորձ կանի Ղարաբաղը հանձնելու մասին անգամ մտքի ծայրով մտածել՝ դա մեր հինգ հազար տարվա պատմության մեջ կլինի դավաճանության եզակի նմուշ»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ համամի՞տ եք իշխանության կողմից տարվող այն քարոզչության հետ, որ գալով իշխանության՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «հանձնելու է ԼՂՀ-ն», ասաց ՀԿԿ ԿԿ քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Եվ, ընդհանրապես, ըստ նրա, դժվար թե լինի մեկ հայ մարդ, ով մտածի Ղարաբաղը հանձնելու մասին. «Հապա ո՞վ պիտի պատասխան տա այն անհամար զոհերի համար, որ տրվեցին ղարաբաղյան պատերազմում, ժողովրդին՝ Շարժումից եւ ԽՍՀՄ փլուզումից սկիզբ առած եւ մինչ օրս շարունակվող զրկանքների համար, արտագաղթածներին՝ որոնք թափառաշրջիկի պես ընկել են աշխարհով մեկ, եւ վերջապես՝ մեր նախնիների շիրիմների առջեւ, ովքեր անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ էլ ձգտել են Ղարաբաղը վերադարձնել»:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով՝ բացի այսօրվա իշխանավորներից, չկա մեկ այլ գործիչ, ով պատրաստ է հանձնել ԼՂՀ-ն: Ապա հավելեց, որ, ըստ իր ունեցած որոշակի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը՝ առանց նախապայմանների, պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները:

Միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդ Յուրա Մանուկյանն էլ ասաց, թե քանի որ առաջին նախագահն իր տասը տարվա լռության ընթացքում որեւէ անգամ չի անդրադարձել Հայաստանի հեռանկարային զարգացմանն առնչվող որեւէ խնդրի, ուստի ինքը դժվարանում է հասկանալ, թե Տեր-Պետրոսյանն անկեղծորեն ինչ է մտածում ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ:

Դատողություններ անելով Տեր-Պետրոսյանի՝ տասը տարի առաջ արտահայտած եւ մինչ օրս այլ հայտարարություններով չսրբագրած տեսակետներով, Յու. Մանուկյանը հիշեցնում է, որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ աշխարհը մեզ ստիպում է գնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման ճանապարհով՝ ԼՂՀ-ին մեծ ինքնավարություն տրամադրելու պայմանով: «Այս կապակցությամբ, ասեկոսեները կամ հայտարարությունները, բնականաբար, հիմք ունեն»,- ասում է Սերժ Սարգսյանին սատարող կոմունիստը: Միաժամանակ, նա փաստում է, որ թեեւ առաջին նախագահը հայտարարեց, որ լրջորեն կզբաղվի ղարաբաղյան խնդրով, միեւնույն է, իր պատկերացմամբ՝ նրա հիմնական առաքելությունը լինելու է «ավգյան ախոռների» մաքրումը, այսինքն՝ «անձնավորված մոտեցումներ, որոնք ենթադրում են ոչ թե սկզբունքների փոփոխություն, այլ անձերի փոփոխություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել